×

Սեպտեմբերից Հայաստանում օրգանական գյուղատնտեսներ կպատրաստեն

«Օրգանական» մակնշումը որոշ գյուղատնտեսների համար «հպարտանալու» իսկական առիթ է, եւ մինչ աշխարհում այդ պիտակով ապրանքների նկատմամբ պահանջարկն աճում է, մասնագետները մտածում են կատարելագործվելու մասին։

2000-ականներից Հայաստանում զարգացող ոլորտում խրախուսվում է բնական միջոցների կիրառումը եւ մերժվում սինթետիկ պարարտանյութերի եւ թունաքիմիկատների օգտագործումը։ Ճիշտ է՝ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներ կան, բայց մինչ այժմ ոլորտը զարգանում է բարձրագույն կրթական ծրագրի բացակայության պայմաններում։

Օրգանական մթերքների արտադրությամբ զբաղվող ֆերմերները, ցանկության դեպքում, Հայաստանում հնարավորություն ունեին մասնակցել միայն կարճաժամկետ ծրագրերի։


Օրգանական գյուղատնտեսության հանդեպ աճող հետաքրքրությունն էլ խթան է հանդիսացել, որպեսզի Վիեննայի BOKU համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) նախաձեռնեն «Օրգանական գյուղատնտեսության խթանումը Հայաստանում» (BOAA) ծրագիրը:

Ծրագրի նախապատրաստական աշխատանքների մասին պատմել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի աշխատակից, BOAA ծրագրի համակարգող Աստղիկ Սահակյանը։

«Օրգանական» կրթություն

2020 թվականի սեպտեմբերից ՀԱԱՀ-ում կմեկնարկի օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը։ Երկու տարի անց ոլորտը կզարգացնեն օրգանական գյուղատնտեսության համապատասխան գիտական եւ գործնական գիտելիքներով զինված մասնագետներ եւ հետազոտողներ։

Մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է չորս կիսամյակով։ Երկու տարվա ընթացքում ուսանողները ծանոթանալու են օրգանական գյուղատնտեսության ներածությանը, օրգանական սննդամթերքի մարքեթինգին, մշակության տեխնոլոգիային, արտադրանքի հավաստագրմանը, օրգանական անասնաբուծությանն ու օրգանական գյուղատնտեսության էթիկային։

Ծրագրի հետաքրքիր եւ Հայաստանի համար նոր բաղադրիչներից մեկը օրգանական անասնաբուծությունն է։ Հայաստանում հնարավոր է գտնել օրգանական մրգեր, բանջարեղեն, անգամ գինի, բայց ոչ սերտիֆիկացված անասնամթերք։

Աստղիկ Սահակյանը


«Սա ոլորտի բացերից մեկն է ու խնդիրը դժվարություններն են, քանի որ կան մի շարք պահանջներ, որոնք ներկայացվում են անասնաբուծությամբ զբաղվող կազմակերպություններին»,- ասել է Աստղիկ Սահակյանը։

Ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի սկզբից՝ Վիեննայի BOKU համալսարանի եւ Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերով:

«Օրգանական գյուղատնտեսության շարժման միջազգային դաշնությունը (IFOAM Օրգանիկս Ինթերնեշնլ), որն օրգանական գյուղատնտեսության համաշխարհային կարեւոր կառույցներից է, 2016-17թթ․ իրականացրեց օրգանական գյուղատնտեսության սեկտորի ուսումնասիրություն։ Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել ոլորտն ու մշակել առաջարկությունների պլան։ ՀԿ-ները, կրթական սեկտորի ներկայացուցիչները, արտադրողները, ֆերմերները նշել էին, որ Հայաստանում չկան որակավորում ունեցող մասնագետներ։ Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ կրթական ծրագիր մշակելու անհրաժեշտություն կա։ «Բարձրագույն կրթության եւ հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագրի» (APPEAR) միջոցով նախաձեռնեցինք այս ծրագիրը»,- ասել է Աստղիկ Սահակյանը։


«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի վերաբերյալ որոշումները կայացրել է շահակիրների խորհուրդը, որը ձեւավորվել է օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներից՝ ֆերմերներ, արտադրողներ, ՀԿ ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ։ Հենց նրանք են նշել, թե որ առարկաների ուսուցումը պահանջված կլինի մագիստրատուրայում։

Ծրագրի նախապատրաստական երեք տարիներին, BOKU համալսարանի օգնությամբ, ՀԱԱՀ դասախոսներն անցել են վերապատրաստում՝ պրակտիկ աշխատանքների ժամանակ։

Ծրագրի մշակման փուլում ստեղծվել է նաեւ արտադրողի հետ կապ, ինչը կնպաստի շրջանավարտների աշխատանքի տեղավորման գործընթացին։

Ոլորտի բացերը

Աստղիկ Սահակյանը նշել է, որ Հայաստանում ոլորտի ամենամեծ բացթողումներից մեկը շուկայում առկա «օրգանիկ» կամ «բիո» մակնշումներով ապրանքներն են, որոնք իրականում չունեն համապատասխան սերտիֆիկատ։


«Մեր երկրում կա իրազեկվածության բարձրացման խնդիր, որպեսզի սպառողը ճանաչի ու գնի այն ապրանքները, որոնք իրապես օրգանական են ու սերտիֆիկացված համապատասխան մարմնի կողմից։ Մեր առաջ խնդիր էր դրված տեղեկացնել ոչ միայն մագիստրոսական ծրագրի մասին, այլեւ իրազեկել սպառողին, տեղեկացնել, թե ինչ է օրգանական գյուղատնտեսությունը»,- ասել է նա։

Չորս սկզբունք

Աստղիկ Սահակյանը նշել է, որ օրգանական գյուղատնտեսությունը հիմնված է չորս հիմնական սկզբունքի վրա՝ առողջության պահպանման, արդարացիության պահպանման, հոգատարության եւ էկոլոգիայի պահպանման սկզբունք։ Սրանք IFOAM-ի սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում են օրգանական ֆերմաները։


«Ծրագրի միջոցով ուզում ենք ցույց տալ, որ օրգանական գյուղատնտեսությունը ապրանքը թանկ վաճառելու միջոց չէ։ Ավարտելիս ուսանողները պետք է իմանան, որ օրգանական գյուղատնտեսությամբ պետք է զբաղվել ոչ թե շահութաբերության, այլ շրջակա միջավայրի, մարդկանց առողջության, կենդանիների բարեկեցությունն ապահովելու նպատակով»,- ասել է ծրագրի համակարգողը, ապա նշել, որ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը ներդնելով չեն սահմանափակվելու, պլանավորում են 2020թ․ ավարտին դիմել ծրագրի միջազգայնացման՝ երկդիպլոմ համակարգի անցնելու համար։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ ICARE հիմնադրամի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին