×

Անահիտ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միկրոկանաչիներ՝ ինժեներ Անահիտի «մանրադիտակով» անցած

Ինժեներ Անահիտ Սարգսյանը, ով նախկինում նույնիսկ մեկ ծաղիկ չի աճեցրել, շուրջ մեկ տարի է, ինչ զբաղվում է միկրոկանաչիներով։ Հարցին, թե որքան ժամանակ է հատկացնում միկրոկանաչիներին, ժպիտով պատասխանում է՝ «օրական 48 ժամ»։ Անահիտի ձեռքով է անցնում ամբողջ շրջափուլը. ցանում է միկրոսերմերը, ջրում, հետեւում աճին, անհրաժեշտ պահին քաղում, հատ-հատ դասավորում տուփերի մեջ եւ թարմ վիճակում ուղարկում պատվիրատուներին։ Ստացողներն էլ հիմնականում ռեստորանների խոհարարներն են։ 

Էկոսննդի արտադրությամբ զբաղվող «Կանաչ թագուհի» կազմակերպության հիմնադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը GastroVino-ին պատմել է միկրոկանաչիների օգտակարության եւ լայն գործածության մասին։ 

Միկրոկանաչին կամ կանաչիների միկրո տեսակը ներառում է ավելի շատ վիտամիններ, քան ավանդական կանաչիները։ Անահիտ Սարգսյանն ասում է՝ մեկ ճյուղ սանգոն, օրինակ, իր վիտամիններով համարժեք է կես կիլոգրամից ավելի սանգո բողկի։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մեր հերոսը տղաս է, նա է մեզ համար «բացահայտել» միկրոկանաչիները։ Սկզբում իմացանք, որ դրանք Հայաստան ներկրվում են Վրաստանից ու որոշեցինք ինքներս աճեցնել։ Հենց սկզբում բախվեցինք դժվարության, քանի որ Հայաստան կարող են ներկրվել բացառապես ֆիտոսանիտարական սերտիֆիկատ ունեցող սերմեր։ Այն կազմակերպությունները, որոնցից հնարավոր է համացանցով պատվիրել, այդպիսի սերտիֆիկատ չեն տրամադրում։ Բազմաթիվ կազմակերպությունների, արտասահմանում այդ գործով զբաղվող անհատների հետ կապ հաստատելուց հետո միայն կարողացանք փոքր քանակությամբ սերմ ներկրել»,- պատմել է Անահիտը։ 

Առաջին «բերքը» Անահիտն օգտագործել է իր տան խոհանոցում՝ «փորձին» մասնակից դարձնելով ընտանիքի անդամներին։ Այժմ միկրոկանաչիները կարեւոր տեղ են զբաղեցնում նրանց սննդակարգում։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Անահիտ Սարգսյանն ասել է, որ առաջին պատվերը ստացել են Երեւանում գործող ռեստորաններից մեկի խոհարարից։ 

«Վաճառեցինք 50 գրամ միկրոկանաչի ու «աշխարհը մերն» էր, որ սպառող ունենք։ Հիմա ծավալներն անհամեմատ աճել են»,- պատմել է Անահիտ Սարգսյանը։ 

«Կանաչ թագուհու» արտադրանքը համադրելի է բանջարեղենի, մսի, ձկան, ապուրների, կաթնաշոռի հետ: Պարունակում է սպիտակուցներ եւ մի շարք վիտամիններ։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հաճելի բույրով, թեթեւակի այրող համով միկրոկանաչիների հասունացման տեւողությունը միջինում 5-14 օր է։ «Կանաչ թագուհու» ջերմոցում դրանք հավելյալ սնունդ չեն ստանում՝ բացառությամբ Հայաստանում եղած օրգանական պարարտանյութի (սերտիֆիկացված), որով թույլատրվում է ցանկացած բանջարեղեն, միրգ մեկ անգամ ջրել։ Սերմերը եւս օրգանական են, ներկրվում են Իտալիայից, անցնում մի քանի սահման եւ ստուգվում։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Միկրոկանաչիներն աճում են հատուկ LED լույսերով, յուրաքանչյուր բույսի համար անհրաժեշտ է ընտրել դրան հատուկ լուսավորությունը, ինչն անում ենք մեր մասնագետների օգնությամբ։ Սխալ լույսից միկրոկանաչիները սթրեսի են ենթարկվում, «խռովում» ու թառամում։ Կարեւոր է պահպանել խոնավությունը, 20-22 աստիճան ջերմությունը։ Միկրոկանաչիներն աճեցնում ենք կոկոսի մանրաթելերի մեջ, որոնք Հայաստանում գտնելը եւս բարդ է, ջրում ենք բացառապես թորած ջրով։ Հասունանալուց հետո դրանք արմատով հեռացնում ենք մանրաթելերից, մաքրում եւ փաթեթավորվում»,- պատմում է Անահիտը։


Անահիտ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Քաղելուց հետո միկրոկանաչիները հնարավոր է պահպանել մինչեւ 12 օր, + 5 ջերմաստիճանում։ 

«Կանաչ թագուհու» ջերմոցներում այս պահին աճեցնում են 10 տեսակի կանաչի՝ սանգո (մանուշակագույն), միկրո նաստուրցիա, դայկոն, բողկ, ռուկոլա, մանանեխ, ոլոռ (մադրաս), պիկանտ եւ արեւածաղիկ։ 

«Տեսակներ կան, որոնք մեր խոհանոցներում դեռ չեն օգտագործվում։ Դրանցից մեկն էլ սոխն է, որի հոտն այնքան սուր է, որ անգամ մեկ ճյուղը կարող է «վախեցնել» ռեստորանի հաճախորդներին»,- ասել է Անահիտ Սարգսյանը։ 


Անահիտ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանում գործող ռեստորանները միկրոկանաչիները հիմնական օգտագործվում են ուտեստները զարդարելու համար, բայց օրեցօր աճող պահանջարկը ցույց է տալիս` որոշ ռեստորաններ դեկորից անցել են որպես օգտակար բաղադրիչի օգտագործման։ 


«Կանաչ թագուհու» հիմնադիրի խոսքով՝ Հայաստանում հետզհետե մեծանում է նաեւ սննդային ծաղիկների պահանջարկը։ Անահիտ Սարգսյանը պատմել է, որ այժմ փորձում են դրանցով զբաղվել։ Արդեն տնկել են մանուշակներ, Անյուտայի աչիկներ։ Դրանց սերմերը եւս օրգանական են։ Այս բույսերի հասունացման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Խոհանոցում օգտագործում են հենց ծաղիկները, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլեւ՝ ուտելի։ 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին