×

Դավիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դավիթ Հովհաննիսյան. «2014 թվականին սկսեցինք ստեղծել հեքիաթը»

Դավիթ Հովհաննիսյանը համեմատում է գինեգործությունը պատերազմի հետ, հմտորեն օգտվում ճգնաժամի ընձեռած հնարավորություններից եւ զոհաբերում  գործարանները խաղողի «ոսկե ողկույզը» պահպանելու համար: Իր գինեգործական բրենդը՝ Ոսկեվազի գինու գործարանը, ստեղծել է 90-ականների խառը ժամանակներում՝  «խաղադրույք կատարելով» հայկական գինեգործության, հայկական կաղնուց պատրաստված տակառների եւ հնագույն կարասների վրա:

Գինեգործությունը լուրջ ռազմավարություն է: Ես հաճախ եմ համեմատում մեր ոլորտը պատերազմի արվեստի հետ: Տարբերությունն այն է, որ այս ասպարեզում պետք է լինել առավելագույնս անկեղծ եւ հնարավորինս զգուշավոր, որովհետեւ քո անկեղծությունը կարող է օգտագործվել քո իսկ դեմ. ամեն ոք չէ, որ պատրաստ է պատասխանել «փոխադարձությամբ»: Հենց այս սկզբունքի վրա է կառուցվում ողջ ռազմավարությունը. ես նկատի ունեմ արտադրողների եւ վաճառողների միջեւ հարաբերությունը: Մենք գինիներ ենք վաճառում աշխարհի շուրջ 18 երկրում. երբ նկատում եմ, որ ինչ-որ մեկը հենց խաղի ընթացքում փոխում է դրա կանոնները, իմ ուղեղում առաջանում են գործընկերության այլ կանոններ: Նույն կանոնն է գործում նաեւ տեղական արտադրողների հետ. իհարկե, կամուրջներ չեմ այրի, սակայն մոտեցումները վերանայվում են:

Դավիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բարձրագույն վարպետություն է հաղթել մինչեւ այն պահը, երբ սպառնալիքը կդառնա իրական: Եթե գիտես, թե ովքեր են քո «չկամեցողները», եւ ճանաչում ես ինքդ քեզ, դժվար չէ կռահել նրանց մտադրությունները. ինքս բավականին երկար ժամանակ զբաղվել եմ ալկոհոլային ապրանքների առեւտրով: Հինգ տարի՝ 1992-1997-ը, Մոսկվայում զբաղվել եմ օղու եւ գինու դիստրիբուցիայով: Հիշո՞ւմ եք «Մենաստանի տնակը»՝ ոչ լավագույն որակի բուլղարական գինին: Սպառվում էր վագոններով:

Որոշումներն արագ եմ ընդունում: 1997 թվականին գործով մի քանի ժամով եկել էի Հայաստան… եւ որոշեցի մնալ, չնայած այդ ժամանակ բավականին կայացած բիզնես ունեի Ռուսաստանում: Ինձ առաջարկեցին գնել գինու երեք գործարան, որոնք խորհրդային տարիներին մտնում էին «Խերես» միավորման մեջ: Հենց այդ պահին էլ միտք ծագեց՝ ինչո՞ւ վաճառել ուրիշի անորակ գինին, եթե կարելի է արտադրել սեփականն ու որակյալը: Մտքումս սկսեց ձեւավորվել տեսլականը, մտքեր առաջացան, թե ինչպես կարելի է խթանել բիզնեսը, ինչպես անվանել բրենդը, ինչ խաղող օգտագործել, ինչպիսի տեսք պետք է ունենա պիտակը, սկսեցին տեսանելի դառնալ հեռանկարները: Եվ հենց այդ ժամանակ Ռուսաստանում ճգնաժամ սկսվեց, որը խլեց այն ամենը, ինչ վաստակել էի, բայց ավելի ամրապնդեց գինեգործությամբ զբաղվելու ցանկությունս:

Ընտրած ուղու վերաբերյալ կասկածներ չեմ ունեցել. սիրում եմ ռիսկի դիմել, իսկ գործերը սրտով եմ կառավարում: Գալիք դժվարությունների մասին մտածելու ժամանակ էլ չունեմ: Գինեգործության ասպարեզում առաջին քայլերս արել եմ ընկերոջս՝ ժառանգական գինեգործ Գարուշ Սամվելյանի հետ: Երկուսով արեցինք առաջին քայլերը գինու արտադրության ոլորտում: Արտադրում էինք խերես, որը 1954 թվականից պատրաստվում էր գործարանում, ինչպես նաեւ կարմիր չոր «Արշակավան», աղանդերային «Մուսկատ Ռոզալի» եւ «Կատարինե»՝ չամիչ դարձած խաղողից։ 

Կան ամրոցներ, որոնք արժի զոհաբերել հանուն հաղթանակի: Հրաժեշտ տվեցի երկու գործարանի, որպեսզի պահպանեմ «ոսկե ողկույզս»՝ Voskevaz-ը: Հին գործարանից մնաց միայն անունը, մառանով անկյունային շենքը եւ ստորգետնյա փոքր սենյակները, որտեղ 1932 թվականից խաղողն էր թրմվում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք վերածեցինք այն անֆիլադայի, որն այժմ հետաքրքիր անցյալ ունեցող սենյակներով պատկերասրահ է՝ հին քարտեզների եւ օտարերկրյա փաստաթղթերի նկարներով, որոնցում հիշատակվում են հայերը: Այնտեղ է պահպվում է մեր ընտանիքի գինու հավաքածուն, ու շրջում են զբոսաշրջիկները:  

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործի ուղին լի է գայթակղություններով: Դժվար է հավատարիմ մնալ ինքդ քեզ, չշեղվել ընտրած ուղուց եւ չվազել այսրոպեական եկամտի հետեւից: Շատերը մեզ խորհուրդ էին տալիս «վերջ տալ արվեստին եւ գործով զբաղվել»: 2000-ականներին Հայաստանում գինու սպառման մշակույթը նոր էր վերածնվում, սպառողն էլ զգայուն էր գնի գործոնի նկատմամբ՝ պատրաստ չէր վճարել 8000 դրամ մեկ շիշ գինու համար, երբ այդ գինու կողքին վաճառվում էր 300-դրամանոց օղի:

Դավիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պարզ է, որ մարդուն, ով բացարձակապես անգրագետ է գինեգործության հարցում, անհրաժեշտ է մասնագետ: Գարուշից հետո այդպիսի մասնագետ մեզ համար դարձավ իտալացի Ռենատո Լոսսը, հետո մեզ երեք տարի օգնում էր Ալեքսեյ Սապսայը, իսկ այժմ գինու գործարանում աշխատում է Ժան-Պոլ Բերգերը եւ նրա կինը՝ Տաթեւիկ Բերգեր-Գաբրիելյանը: Նրանց երկվորյակ դուստրերը ծնվել են Հայաստանում:

Մենք խաղադրույք ենք կատարել հայկական խաղողի, հայկական կաղնուց պատրաստված տակառների եւ մեր հնագույն կարասների վրա: Գործարանի ամենաերիտասարդ կարասը 1910 թվականին է ստեղծվել, ամենահինը՝ 1894-ին: Մենք դրանք հավաքում ենք ամբողջ Արագածոտնի մարզից: Անբացատրելի զգացողություններ ես ապրում, երբ աշխատում ես ավելի քան 100 տարեկան կարասների հետ, կարծես առնչվում ես աշխարհի արարման գաղտնիքին։ Ի դեպ, գինու գործարանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ կիրճում պահպանվել են 5-րդ դարի մատուռի՝ «Բադալի ժամի» ավերակները, որի հարեւանությամբ հայտնաբերվել են հողում թաղված կարասների բեկորներ:         

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գործարանում հին կարասները լուրջ փորձարկում են անցնում, ու բոլորը չէ, որ դիմանում են ամրության փորձությանը: Յոթ կարասից շարք ենք ստեղծում եւ ջուր լցնում։ Այն կարասները, որոնք հոսում են, օգտագործում ենք տարածքը զարդարելու համար: Երկրորդ փուլում մաքրում ենք կարասի պատերը կուտակված շերտավորումներից՝ ստեղծելով ավելի ագրեսիվ միջավայր: Ու քանի որ ալկալիների լուծումից  ջրում ջերմաստիճանը խիստ բարձրանում է, ապա խնդրահարույց կարասը կարող է կոտրվել: Այն կարասները, որոնք դիմանում են փորձարկմանը, կրկին մանրակրկիտ լվացվում են, լցվում ջրով, եւ եթե ամեն ինչ կարգին է, մեկ շաբաթ անց հայտնվում մառանում:
 
Գործարանում ներկայում 18 գործող կարաս կա: Երբ հասցնենք կարասների թիվը 30-ի, կմտածենք՝ թաղել արդյո՞ք կարասները մեկ երրորդի չափով հողի մեջ, թե ոչ: Գյուղերի մառաններում տեսել եմ հողի մեջ չթաղված մառաններ, մինչդեռ Թեյշեբաինիի ահռելի մեծ կարասները մեկ երրորդի չափով թաղված էին մառանի հատակների մեջ: Միգուցե ուրարտացիները գիտակցված էին անում, չէ՞ որ խմորման ընթացքում բարձր ջերմաստիճան է առաջանում, կարասն այն փոխանցում է հողին՝ ստիպելով կողքի կարասներին հարմարվել իր տեմպին: Մինչդեռ մենք ձգտում ենք կայունության. արտադրական բոլոր գործընթացները պետք է վերահսկելի լինեն, որպեսզի արդյունքը կայուն լինի: 

Դավիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարասային շարքի սկիզբը դրեց Ալեքսեյ Սապսայը: Մենք որոշեցինք հետեւել, թե ինչպես գինիներն իրենց կպահեն կարասում: Առաջին իսկ գինին մրցանակ ստացավ «Mundus Vini» գինու միջազգային մրցույթում։ Ի դեպ, մեր գինին առաջինն էր հայկականներից, որն արժանացավ ոսկե մեդալի: 2018 թվականի մրցույթում Voskevaz Karasi Collection, Areni Noir գինին արժանացավ ոսկե մեդալի եւ ստացավ Best of Show from Armenia մրցանակը: Այն տեղական ծագման (ավտոխտոն) խաղողից՝ կարասում ֆերմենտավորված եւ հայկական կաղնու տակառում գինի էր: Մեր խաղադրույքը հաղթեց:

Գինիների անուններն ընտրում եմ շատ ավելի շուտ, քան գինեգործը ձեռնամուխ է լինում դրանց ստեղծմանը: «Ուրզանա»-ն, օրինակ, իր անունը ստացել է ի պատիվ Վանի թագավորության հոգեւոր մայրաքաղաք Մուսասիրի առաջնորդի: Սա մեր հարգանքի տուրքն է հայոց պատմության էջերից մեկին, ինչպես եւ մեր գործարանի պատերի հեթանոսական զարդերից շատերը: «Նուրազ»-ը կապված է մեր ընտանիքի պատմության կարեւոր դիպվածի հետ: Այս պարսկական ազգանունն են վերցրել մորս նախնիները, որոնց իրական ազգանունը Լուսինյան էր, որպեսզի Պարսկաստանում կարողանան թաքնվել օսմանյան սուլթանի հետապնդումներից:

Հայկական գինեգործության գրավիչ առանձնահատկություններից մեկը կարող են դառնալ խաղողի ֆիլոքսերայից խուսափած էնդեմիկ տեսակները: Այս վարակը սպառնում է ոչնչացնել ավտոխտոն տեսակներն ապաշնորհ չինովնիկների գործունեության հետեւանքով, ովքեր թույլ թվեցին ֆիլոքսերադիմացկուն տնկիների մուտքը Հայաստան եւ չեղարկեցին կարանտինն այն մարզերում, որտեղ կար վերահսկողություն: Այնպես որ, նոր կառավարությունը պետք է ուղղի նախկինների սխալները ու սկսի պայքարը ժանտախտի դեմ:  

Գուցե ես եմ սխալվում, ոչ թե մյուս արտադրողները, ովքեր որոշեցին հայկական գինիներում օգտագործել խաղողի եվրոպական տեսակները: Ոսկեհատը կմնա Ոսկեհատ, Արենին էլ, Կախետն էլ, Կանգունն էլ, բոլորն էլ կլինեն, սակայն ոչ սեփական որթատունկի վրա, հենց դա է վատը: Ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ։ Հնարավոր է՝ ես էլ մի օր ստիպված լինեմ խաղողի եվրոպական տեսակներ օգտագործել։ Մի բան հաստատ գիտեմ. Հայաստանում չկա այդքան հող, որպեսզի միլիոնավոր տոննաներով խաղող աճեցնենք, ինչպես օրինակ՝ Իսպանիայում, որն ամբողջ աշխարհը ողողել է իր գինիներով: Այդ իսկ պատճառով մենք պետք է անենք հնարավորը ավտոխտոն տեսակները պահպանելու եւ դրանցով աշխարհին զարմացնելու համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


2014 թվականին եղբայրներով սկսեցինք ստեղծել հեքիաթը: Որոշեցինք գինու գործարանի տարածքում էթնոտուրիստական համալիր ստեղծել: Սկզբնական փուլն ընթանում էր յուրահատուկ մի մարդու՝ Ջիմ Զավենիչի ղեկավարությամբ, որն իմ աներն է: Գաղափարի վիզուալիզացիայի համար պատասխանատու են եղբայրներս։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեծը՝ Գագիկը, նկարիչ է, դիզայներ եւ գինու գործարանում առկա բոլոր հարթաքանդակների հեղինակը, իսկ Արմենը, որը ոսկերիչ է, մետաղական այն մասնիկների հեղինակն է, որոնք զարդարում են մեր տարածքը: Նա նաեւ զբաղվում է տարածքի լուսավորման գործերով: Մինչեւ շինարարությունը չավարտենք, եղբայրներս տարվա կեսն անցկացնում են Ոսկեվազում՝ թողնելով կյանքն ու աշխատանքը Լոս Անջելեսում եւ Մոսկվայում: Նրանց աջակցությունը հսկայական էր, առանց նրանց այս հրաշքը տեղի չէր ունենա: Իսկ մնացած հնարավոր եւ անհնար ամեն ինչով մեզ ապահովում է զարմիկս՝ Լեւոն Նուրազյանը:  

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինու մասին դստերս հետ խոսում եմ վեց, իսկ որդուս հետ՝ մեկ  տարեկանից սկսած: Այն պահից, ինչ երեխաներս տեղափոխվել են Հայաստան, նրանց հայրիկը միայն գինու մասին է խոսում: Աղջիկս՝ Մերին, եւ որդիս՝ Արմանը, ամբողջությամբ ներգրավված են արտադրության գործընթացում։ Թիկունքս ապահովում է կինս՝ Ալլան: Երազում եմ, որ երեխաներս, հետո նաեւ թոռներս շարունակեն ընտանեկան գործը: Այդ դեպքում գինեգործության մեջ յուրաքանչյուրիս խոսքը կգումարվի մյուսինին՝ դառնալով ծանրակշիռ առաջարկություն, որը լսելի կլինի:

Դավիթ Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տերուար՝ Արագածոտն, Վայոց ձոր, Արմավիր

Էռնա Ռեւազովա

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին