Եթե հաճախ եք այցելում «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության ռեստորաններ, նկատած կլինեք, որ ժամանակին մատուցող աշխատած երիտասարդը մի քանի տարի անց ձեզ դիմավորում է արդեն մենեջերի կամ էլ մասնաճյուղի տնօրենի կարգավիճակում:
GastroVino-ն զրուցել է նրանցից երեքի հետ՝ խնդրելով ներկայացնել հաջողության եւ կարիերային առաջընթացի «գաղտնիքները»:
Արեն Անտոնյան, «Լիվինգսթոն» ռեստորանի գլխավոր մենեջեր
Սպասարկման ոլորտում սկսել եմ աշխատել ուսանողական տարիներից: Զինված ուժերում ծառայությունից հետո նորից որոշեցի վերադառնալ, որովհետեւ ոլորտն ինձ հետաքրքիր էր: Աշխատանքն անհատական մոտեցում է պահանջում, եւ ոգեշնչող է, երբ կարողանում ես այդ մոտեցման եւ շփման ճիշտ ձեւերը գտնել:
Արեն Անտոնյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Մատուցողից մենեջեր
Պարզապես աշխատել եմ սիրով ու նվիրվածությամբ: Մնացածը ստացվել է ինքնաբերաբար, որովհետեւ գործատուն էլ նկատում է քո ներուժն ու նախաձեռնողականությունը: Յուրաքանչյուր գործ արել եմ մեծ պատասխանատվությամբ, ինչի շնորհիվ հաջողել եմ: Երբ քեզ աշխատանք են վստահում, պիտի այնպես անես, որ վստահողն իրեն խաբված չզգա. պետք է կարողանալ արդարացնել սպասելիքները:
Արեն Անտոնյանը գործընկերների հետ | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Այստեղ աշխատելով՝ չեմ կարող մտածել այլ վայրերում աշխատելու մասին: Այն վերաբերմունքը, որը ցանկանում եմ ստանալ, ստանում եմ հենց այստեղ: Ինձ համար կարեւոր են այն գաղափարները եւ նպատակները, որոնք ունի ընկերությունը:
Լինել կարգապահ
Դա շատ կարեւոր է: Երբ ղեկավար ես, օրինակ ես ծառայում մյուս աշխատակիցների համար եւ նույն կարգապահությունն ու աշխատաոճը պահանջելու ես նաեւ նրանցից:
***
«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղի տնօրեն Վահագն Վանյան
Սկզբում բարմեն էի, հետո՝ մատուցող, ապա՝ մենեջեր, իսկ հիմա մասնաճյուղի տնօրենն եմ:
Մատուցողի աշխատանքն ունի իր «պահանջները». պատասխանատվության զգացումը մեծ է, որովհետեւ ներկայացնում ես ռեստորանն ու կազմակերպության ձեռագիրը, հյուրին դիմավորելիս ձեւավորում ես առաջին տպավորությունը ռեստորանի մասին: Իսկ որպես մենեջեր արդեն անձնակազմի հետ ես աշխատում, որին պետք է մոտիվացնել, ճիշտ համակարգել:
Վահագն Վանյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Կարեւոր է հոգատար լինել
Սպասարկողը պետք է հոգատար լինի իր հյուրի եւ թիմակիցների նկատմամբ: Պետք է նաեւ համբերատար եւ բարեհամբույր լինել ցանկացած իրավիճակում:
Երբ մատուցող էի աշխատում, չէի պատկերացնում, որ տարիներ անց նույն մասնաճյուղի տնօրենը կդառնամ: Հաճելի է, երբ գնահատվում են աշխատասիրությունն ու նվիրվածությունը, որովհետեւ դա նաեւ անընդհատ առաջ գնալու ոգեշնչման աղբյուր է դառնում: Պատասխանատվությունը մեծանում է, բայց նոր հաջողություններ արձանագրելու ձգտումը՝ նույնպես:
Ամենամեծ ձեռքբերումը
Ցանկացած տեղում պետք է լինել լավագույնը: Յուրաքանչյուր ոլորտում, որտեղ աշխատել եմ, ձգտել եմ լինել այդպիսինը, աշխատել եմ ինքս ինձ վրա, ունեցել եմ նպատակ եւ ստացվել է: Իսկ այն սրտացավ, պրոֆեսիոնալ եւ հոգատար թիմը, որն ունենք, կարծում եմ՝ ամենամեծ ձեռքբերումն է:
Վահագն Վանյանը գործընկերների հետ | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
***
«Շերեփ» ռեստորանի տնօրեն Դավիթ Ձավարյան
Սպասարկման ոլորտ մուտք է գործել մատուցողի օգնականի հաստիքով:
Բավականին երկար փորձաշրջան եմ ունեցել, ինչը նաեւ մարտահրավեր էր, քանի որ նոր էի ոլորտում եւ ամեն ինչ պետք է սովորեի զրոյից: Սկզբում եղել են դեպքեր, երբ մի պահ թուլացել եմ ու հիասթափվել, բայց նորից առաջ եմ գնացել՝ մտածելով, որ, եթե կարողացել են մյուսները, ապա կարող եմ նաեւ ես:
Դավիթ Ձավարյանը | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Կարեւորը՝ ցանկություն ունենալն է
Սկզբում ոլորտն ու աշխատանքը կարող են բարդ թվալ, որովհետեւ սովորելու շատ բան կա, բայց աշխատասիրության եւ նպատակասլացության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության: Մարդկանց հետ շփումն ամենադժվարն ու միեւնույն ժամանակ ամենահետաքրքիրն է:
Ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ եւս կարեւոր են անկեղծությունն ու նվիրվածությունը: Ես շատ եմ աշխատել ինձ վրա, որպեսզի ոչ մի հարցում չթերանամ: Երբ դեռ մատուցող էի աշխատում, սկսեցի մի քանի օտար լեզու սովորել: Արդյունքում արտասահմանցի հյուրերը մեր ռեստորանից հեռանում էին տպավորված, քանի որ ոչ բոլոր վայրերում էին հանդիպում մատուցողների, ովքեր կարողանում են նաեւ տարբեր լեզուներով անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել ցանկացած ուտեստի մասին: Սա ինքնակրթության կարեւորության եւ երազանքներն իրականություն դարձնելու իմ օրինակն է:
Դավիթ Ձավարյանը գործընկերների հետ | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Հաճելի պարտավորություն
Ամենամեծ մոտիվացիան այն է, որ ինձ վստահում են: Սիրում եմ աշխատանքս ոչ միայն նրա համար, որ կարողանում եմ ինքնադրսեւորվել եւ առավելագույնս ցույց տալ իմ հնարավորությունները, այլեւ նրա համար, որ ինձ տալիս են այդ առիթը: Ղեկավար կազմի վստահությունը լավագույն ձեռքբերումն է, որ կարող էի ունենալ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: