Ամերիկացի բլոգեր Դէվիդ Հոֆմանը, որ եղել է 70-ից ավելի երկրներում, վերջերս նաեւ Հայաստան էր այցելել Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հրավերով: Շրջելով Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներում՝ Դէվիդը ծանոթացել է հայկական մշակույթին, հյուրասիրությանն ու բազմազան խոհանոցին:
Մինչ իր Davidsbeenhere յութուբյան ալիքում Հայաստանի մասին հոլովակների հրապարակումը, Դէվիդը GastroVino-ին պատմել է տպավորությունների մասին:
Այստեղ դու տանն ես
Նախկինում լսել էի Հայաստանի մասին, ուսումնասիրել պատմությունն ու մշակույթը: Թեեւ չափերով փոքր է, բայց այստեղ անելիք շատ կա: Հայաստանն այնպիսի երկիր չէ, որ կարելի է այցելել 2-3 օրով: Կարծում եմ, որ այստեղ պետք է անցկացնել առնվազն 15 օր:
Դէվիդ Հոֆմանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են: Բոլորն ինձ գրկաբաց ընդունեցին: Ամեն տեղ 5 րոպե անցկացնելուց հետո արդեն ինձ տանն էի զգում: Այցի ընթացքում որտեղ որ լինում էի, անձնակազմի հետ գրեթե միշտ գրկախառնվում էինք: Կարծում եմ, Հայաստանը հյուրասեր երկրների շարքում լավագույն հնգյակում է:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
Պատրաստված է սիրով
Հայկական գինին ամենայուրօրինակն է այն գինիների շարքում, որ երբեւէ փորձել եմ: Դուք ունեք էնդեմիկ սորտեր, որ աշխարհում որեւէ այլ տեղ հնարավոր չէ գտնել, օրինակ, Արենին, Ոսկեհատը:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
«Արենի» գինու փառատոնի ընթացքում շատ գինիներ փորձեցի ու ցնցված էի դրանց որակից: Ինձ բացատրեցին, թե ինչու է գինին այդքան լավը. այն պատրաստվում է սիրով, շատ անգամ ամեն ինչ ձեռքով է պատրաստվում՝ առանց սարքավորումների կիրառման:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
Կոնյակը եւս հրաշալի է: Շատ տպավորիչ է խմիչքների պատրաստման գործընթացը: Այստեղ իմ աչքի առաջ օղի թորեցին, որից հետո մենք այն խմեցինք: Առաջին անգամ էի տեսնում նման բան: Խենթանալ կարելի է:
Գաթա եւ լավաշ՝ քո ձեռքով
Հաղարծինում գաթայի պատրաստման վարպետության դասի մասնակցեցի: Ինձ օգնող տիկնայք այնքան ջերմ էին՝ նման իմ տատիկներին: Ես տատիկներիս վաղուց եմ կորցրել, բայց տպավորություն էր՝ նրանք Հայաստանում են:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
Դա իսկապես տպավորիչ գործընթաց էր, ինձ ցույց տվեցին՝ ինչպես է պատրաստվում տվյալ տարածաշրջանի գաթան, հետո ինքս փորձեցի պատրաստել: Պատկերացրեք՝ ինձ մոտ էլ համեղ ստացվեց:
Գառնիում լավաշի պատրաստման փորձառություն ունեցա: Իհարկե, ինձ մոտ դա այդքան էլ լավ չստացվեց, հատկապես որ պետք էր այն խփել տունիրի (թոնրի-խմբ.) պատին: Առաջինը չհաջողեցի, եւ լավաշը ցած ընկավ:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
Լավ կլիներ, եթե կարողանայի լավաշ պատրաստող մի կնոջ ինձ հետ տանել Հայաստանից (ծիծաղում է - խմբ.):
Ագարակից՝ քո սեղանին
Հայկական խոհանոցում ամենագրավիչը թարմությունն է: Ինձ համար սա ագարակից-սեղան ձեւաչափի գաստրոնոմիայով լավագույն երկիրն է աշխարհում: Տեսնում էի՝ ինչպես են մարդիկ քաղում լոլիկը, հետո կանաչեղենը ու պատրաստում իմ աղցանը: Նախկինում երբեք նման բանի ականատես չեմ եղել:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
Ապշեցուցիչ է նաեւ ճաշատեսակների բազմազանությունը: Ես փորձել եմ 30-40 տարբեր ուտեստներ եւ շատ աղցաններ:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
Ջուր կարող ես խմել անվճար՝ երբ ցանկանաս եւ որտեղ ցանկանաս: Հետաքրքրական է, որ շատ ցայտաղբյուրների վրա ինչ-որ մեկի անունն է փորագրված, եւ երբ կռանում ես ջուր խմելու, նաեւ խոնարհվում ես տվյալ մարդու հիշատակի առաջ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ես վերադառնալու եմ»
Ամեն օր 3 հոլովակ եմ նկարահանել, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Հույս ունեմ 2019թ. դեկտեմբերի կեսերին հրապարակել դրանք իմ յութուբյան ալիքում:
Այս ընթացքում սոցիալական ցանցերում փոքր տեսահոլովակներ եւ նկարներ եմ տեղադրել: Հետեւորդներս ցնցված էին: Շատ նամակներ էի ստանում, ասում էին՝ հերիք է այդքան համեղ բաներ ուտես, մենք էլ ենք ցանկանում: Իսկապես հրաշալի արձագանքներ էին:
Լուսանկարը՝ Անձնական արխիվ
Հայաստանը փոխեց իմ՝ աշխարհի այս հատվածի մասին պատկերացումը:
Ես վերադառնալու եմ: Հստակ չգիտեմ թե երբ, բայց վերադառնալու եմ:
Դեյվիդ Հոֆմանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: