×

Անուշ Զարգարյանը

Անուշ-Անուշկան, MasterChef Australia-ն ու հայկական գոգնոցը

Անուշկա Զարգարյան անունը շատերին հայտնի է աշխարհահռչակ MasterChef Australia խոհարարական հաղորդումից: Անուշն առաջին հայուհին է, որ մասնակցել է MasterChef-ին ու միակ 50-ամյա մասնակիցն է, որ եզրափակիչ փուլ է հասել: Հաղորդումը սիրողական խոհարարների համար է, Անուշն էլ շեֆ-խոհարար չէ, նա պարզապես սիրում է իր ընտանիքի համար համեղ ու յուրահատուկ ընթրիքներ կազմակերպել:

Ավստրալիայում բնակվող Անուշ Զարգարյանը GastroVino-ին պատմել է խոհանոցի հանդեպ մեծ սիրո, հայտնի հաղորդման կարեւոր դրվագների եւ հայկական ուտեստները աշխարհին ներկայացնելու մասին:

Խոհարարությունը՝ հոբբի

Մանկուց սիրել եմ պատրաստել, աշխատանքի ուսուցման դասերին շատ ակտիվ եմ եղել, հատկապես թխվածքներ էի սիրում սարքել տատիկիս հետ, բայց խոհանոցով շատ չեմ տարվել:

Խոհանոցի հետ ուժեղ կապը սկսվել է Ավստրալիա տեղափոխվելուց հետո. 2001-ին ենք ընտանիքով Հայաստանից մեկնել: Շատ ենք սիրում ծովամթերք, Ավստրալիան էլ շատ հարուստ է դրանով: Քանի որ Հայաստանում այն թվականներին ծովամթերքը շատ քիչ էր, դրա պատրաստելուն ծանոթ չէի, սկսեցի համացանցով ուսումնասիրել, տարբեր ձեւեր գտնել: Այդ ամենն աստիճանաբար հոբբի դարձավ:

Սկզբնական շրջանում անգլերենին էլ լավ չէի տիրապետում, երեխաներիս հետ եմ սովորել դպրոցի դասերն անելու ընթացքում: Առաջին երկու տարին շատ սթրեսային էր, պատրաստելն, ասես, փախուստի միջոց լիներ ինձ համար:

Հայաստանում տնային տնտեսուհի էի, Ավստրալիայում որակավորում ստացա որպես օպտիկայի մասնագետ-խորհրդատու: 2010-ին հնարավորություն ունեցա հիմնելու սեփական օպտիկայի կլինիկա, որը ղեկավարել եմ ութ տարուց ավելին, 32 աշխատող ունեի: Անցած տարի վաճառեցի բիզնեսս. գործս շատացել էր, եռանդս՝ պակասել:

Խոհանոցը՝ լիցքաթափվելու տեսակ

Այս ամբողջ ընթացքում խոհանոցով շատ չեմ զբաղվել, բայց շատ եմ սիրել ընթրիքներ պատրաստել ընտանիքիս համար: Երբ գործից հոգնած տուն էի գալիս, միակ տեղը, որ ուզում էի շտապել, խոհանոցն էր, պատրաստելն ինձ համար լիցքաթափվելու միջոց է: Երբ ընտանիքով հավաքվում էինք, փորձում էի այնպես անել, որ սովորական հաց չուտենք, այլ իրական ընթրիք ունենանք. ճաշկերույթ էի կազմակերպում: Սիրում եմ, երբ մյուսները հաճույքով են ուտում:

Անուշ Զարգարյանի պատրաստած թունայի թարթարը


Գուցե հայ կնոջ բնազդն է, որ կարողացել եմ համատեղել ե՛ւ գործը, ե՛ւ խոհանոցը: Խոհանոցը մեծ դեր է խաղացել մեր հայկական ընտանեկան ավանդույթները պահելու եւ օտար երկրում օտարացումը կանխելու գործում:

Եթե ամեն ինչ հաշվի առներ, չէր դիմի

Մշտապես հետեւել եմ խոհարարական հաղորդումներին, հայտնի շեֆերին: Այստեղ խոհարարությունը շատ հարգված մասնագիտություն է, եկամտաբեր գործ է. Ավստրալիայում գնահատում են շեֆ-խոհարարներին:

MasterChef հաղորդումը 10 տարի Ավստրալիայում ցուցադրվում էր, շատ էի սիրում. այն նորարարական խոհանոցն է ներկայացնում, խոհարարների կարողությունների մասին է, ամերիկյան տարբերակի նման չէ. այնտեղ ավելի շատ դրամա է:



Երբ բիզնեսս վաճառեցի, ուզում էի ինչ-որ մի բան անել, որը երբեք ինձ թույլ չէի տվել, մի բան, որը միայն ինձ համար կլիներ: Պատրաստված չէի, պարզապես դիմեցի: Եթե հեռուն նայեի, չէի դիմի: Պատկերացրեք՝ հանրային հեռուստատեսության եթերում, շատ հաջողված ու սիրված ծրագրում, երկար ժամանակ լինելու ես հանրության աչքի առջեւ: Ես անգամ Instagram, Facebook սոցիալական ցանցերում օգտահաշիվ չեմ ունեցել, հաղորդումից հետո ինձ տվել են գաղտնաբառերն ու ասել՝ շարունակիր վարել. աշխատողներն էին մասնակիցներիս գրանցել ու կառավարում մեր էջերը:

MasterChef-ի «ներքին խոհանոցը»

MasterChef-ի հեռարձակումը երեք ամիս է տեւել, բայց գործընթացը կրկնակի երկար էր, սկսվել էր 2018-ի օգոստոսից, ցուցադրվել 2019-ին. 13 000-ից ավելի դիմող է եղել, ընտրել էին 700-ի ու սկսել առաջին փուլը:


Մեզ տվել էին գաղտնի տուփ, որի մեջ կար ութ բաղադրիչ, պետք է դրանցով ուտեստ պատրաստեինք: Կաթից կաթնաշոռ ստացա, համեմի յուղ սարքեցի, հավի դոշով ռուսական պելմենիների նման մի բան ստացա, հավի կաշին չորացրի, կտրատեցի վրան, նաեւ ընկույզը տապակեցի ու ավելացրի:

Այդ փորձությունից հետո ընտրվեցին լավագույն 200-ը, որից հետո պատրաստելու էինք այն ուտեստը, որով պետք է ներկայանայինք ժյուրիին: Մեղրով տորթ էի պատրաստել՝ հանիքոմբ (honeycomb) հրուշակեղենով:



Ընտրեցին լավագույն 50-ին ու սկսեցին նկարահանումները, հետո մնացինք հիմնական 24 հոգով: Հասել եմ մինչեւ լավագույն վեցնյակի՝ եզրափակիչ եմ դուրս եկել: Ընդամենը 5 դրվագում չեմ եղել, 61-ից 56 դրվագներում նկարահանվել եմ:

Հայկական գոգնոցն ու տոլման՝ վասաբիով

50 մասնակիցների փուլի ժամանակ հայկական գոգնոցով եմ ներկայացել ժյուրիին, հաղորդման ղեկավարները չէին համաձայնվում, որ կրեմ այն, շատ խնդրեցի, թույլատրեցին, այդ գոգնոցը տղաս էր Հայաստանից բերել:

Անուշ Զարգարյանը


Ժյուրիները լավ ծանոթ էին հայկական խոհանոցին, նրանք շատ պրոֆեսիոնալ են ու զարգացած: 24 մասնակիցների փուլում պատրաստել եմ թփով տոլմա, մատնաքաշ, տնական մայոնեզ՝ վասաբիով. այդպես տանն էլ եմ պատրաստում:

Հետագայում, սակայն, հասկացա, որ չեմ կարող շատ կենտրոնանալ հայկական խոհանոցի վրա. եթե ուզում եմ մնալ նախագծում, պետք է դուրս գամ իմ հարմարավետության տարածքից եւ ավելի լայն ստեղծագործեմ:

Բանջարեղենով ու կանաչեղենով աղանդեր

MasterChef-ի ժամանակ աղանդեր շատ հաճախ եմ պատրաստել. այստեղի դեսերտը Հայաստանի դեսերտի նման չէ, Հայաստանում մեկ կտոր տորթը համարվում է դեսերտ, Ավստրալիայում դեսերտ հասկացողությունը կոմպոզիցիա է՝ համադրված տարբեր տարրերով:

Մանդարինով եւ երիցուկով սորբե


Ընկույզ եմ շատ օգտագործել, եթե չիմանային, որ իմ պատրաստած ուտեստն է, ընկույզից գլխի էին ընկնում: Հիմնականում օգտագործել եմ դարչին, մեխակ. հայկական համերի համադրություններով այստեղի կոմպոզիցիաներից եմ փորձել ստանալ: Ժյուրիներից մեկն ինձ անգամ անվանել էր Cake Boss (թխվածքների շեֆ):

Մի փուլում սամիթով, խնձորով կոմպոզիցիա էի սարքել, որը հիացրել էր ժյուրիին ու այն համարվել էր օրվա լավագույն ուտեստը:

Խնձորով եւ սամիթով աղանդերը


Աղանդերի մեջ շատ եմ օգտագործել կանաչեղեն եւ բանջարեղեն, դա անգամ Ավստրալիայում է նորություն ու այն շատ դուր էր գալիս ժյուրիներին:

Մի անգամ էլ բազուկով ու այծի պանրով դեսերտ եմ պատրաստել. այդ օրվա հաղթական ճաշատեսակն էր համարվել:

Հաճախ ավստրալիական բնիկ բույսեր եւ կանաչիներ եմ օգտագործել, որոնք անգամ Ավստրալիայում տարածված չեն, այստեղ դրանք շատ չեն սիրում, իսկ ինձ շատ դուր են գալիս: Ժյուրիներն էլ հավանում էին, որ իրենց ավանդական բույսերն եմ օգտագործում:

Հաղթելու շանսերը մեծ էին

Իմ մշակույթով ես շատ տարբեր էի մասնակիցներից, մեծամասնությունը տեղացիներ էին ու երիտասարդ: Վերջում արդեն ֆիզիկապես շատ հոգնած էի, ընտանիքիցս հեռու էի գտնվել 6 ամիս, մի մեծ տան մեջ էինք ապրում մասնակիցներով, քաղաքակրթությունից զրկված էինք, ունեինք միայն խոհանոց ու խոհարարական գրքեր: Նկարահանումները երկար էին, հոգնեցուցիչ, նաեւ շատ էինք ճանապարհորդում:


Վաղուց արդեն շատ լավ անգլերեն գիտեմ, բայց հայերեն եմ մտածում: Երբ 64 էջանոց առաջադրանք էր տրվում, ինձնից ավելի երկար ժամանակ էր պահանջվում այն ուսումնասիրելու համար, քան՝ տեղացի մասնակիցներից: Արդյունքում, կարելի է ասել, ֆիզիկական հոգնածությունը պատճառներից մեկը դարձավ, որ մրցույթից դուրս եկա: Ժյուրիներն ինձ հաճախ էին ասում, որ ես շատ բարձր շանսեր ունեմ հաղթելու, միայն պետք է մինչեւ վերջ դիմանամ:

Ճաշ եփելը՝ բիզնես

Հաղորդումից հետո լրիվ այլ կերպ եմ մտածում ուտելիքի մասին, հասկանում եմ, որ ամեն ինչից կարելի է ինչ-որ մի բան պատրաստել՝ անգամ կեղեւից, արմատից, կաշվից: Ուտելիքի մեջ չկա մի բան, որը թափվող է: Արդեն կարողանում եմ եւ սիրում եմ պատրաստել այնպիսի ուտեստներ, որ մտածում ես՝ համերը չեն համադրվի, բայց ինձ մոտ ստացվում է:


Խոհարարական դպրոց եմ ուզում հիմնել, առայժմ համագործակցում եմ շատ դպրոցների հետ, անցկացնում եմ դասընթացներ տարբեր խմբերի հետ: Հաճախ մթերային փառատոնների են հրավիրում. Ավստրալիայում ինձ արդեն ճանաչում են:

Մեղրով տորթ


Շուտով Honey Cake by Anushka ապրանքանիշն եմ ներկայացնելու եւ վաճառելու հատուկ մասնագիտացված խանութներում: Սա այն նույն մեղրով տորթն է, որը հաղորդման ժամանակ էի պատրաստել: Ռուսական աղանդեր է. երբ պատրաստում էի, ժյուրիի անդամներն ինձ հարցրին, թե ինչու եմ ռուսական ուտեստ պատրաստում, եթե հայ եմ, պատասխանեցի՝ ընտրել եմ այս խմորեղենը, որովհետեւ ինքս մեծացել եմ ԽՍՀՄ-ում, մեր խոհանոցի վրա մեծ ազդեցություն է ունեցել ռուսական խոհանոցը: Չնայած իմ պատրաստած մեղրով տորթը հայկականեցված տեսակն է. սկեսուրիս բաղադրատոմսով է:

***

Հայերս հարուստ խոհանոց ունենք, հայ կինն էլ շատ մեծ ներուժ ունի: Ամբողջ աշխարհում հայ կանայք կարող են իրենց ունակություններն օգտագործել նաեւ բիզնեսում: Եթե ես 50 տարեկանում կարողանում եմ դա անել օտար երկրում, ուրեմն մյուսներն էլ կարող են: 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Անուշ Զարգարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին