×

Տիկին Դալիթան Լուսանկարը՝ Մեդիամաքս

Տիկին Դալիթա. Թողնել «թագուհու կյանքը» ու ամեն ինչ սկսել զրոյից

«Տիկինս է վարժեցրել»

Հովհաննես Դեգիրմենջյանի կյանքում ավտոպահեստամասերը համեմունքներով փոխարինվեցին երեք տարի առաջ։

- Հալեպում երեք մեծ խանութ ունեի, որի տեղը սիրիացիներից բացի լիբանանցիներն էլ գիտեին։ Ավտոմեքենային անհրաժեշտ, դժվար ճարվող մասեր ով չգտներ, ինձ մոտ էր գալիս։ Եթե այն իմ խանութներում չէր գտնվում, իմ ձեռքով սարքում տալիս էի։ Հետո եկավ պատերազմն ու վերջ,- պատմում է Հովհաննեսն ու հավելում,- շատ եմ կարոտում։ Անչափելի շատ եմ կարոտում գործս։

Մոր, հոր, կնոջ՝ Դալիթայի ու երեք երեխայի հետ 5 տարի առաջ Հայաստան տեղափոխված Հովհաննեսը, այնուամենայնիվ, չի փոշմանում, որ եկել է։


Պարոն Հովհաննեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս

- Կարոտում եմ չէ՞ գործս։ Բայց այստեղ կարոտելուց բացի ձեռքիցս ուրիշ բան չի էլ գալիս։ Դալիթան գտավ ելքը՝ ինձ գործի դրեց, թե համեմունքները հոտոտի, կշռիր, գրամների բաժանիր, խառնիր, վաճառիր։ Ես չեմ էլ ուզում այս գործով զբաղվել, իմ գաղափարը չէ, տիկինս է վարժեցրել ու բանացնում,- կատակում է Հովհաննեսը, նայում տիկնոջը, ու միասին ծիծաղում են։

«Հայկական համեմունքներն անհամ են»

Կոմիտաս 1 հասցեում գտնվող փոքրիկ կրպակում, որը նախկինում ավտոտնակ է եղել, համեմունք, ձեթ, աղցաններ, քաղցրավենիք, տանը եփվող արաբական կիսապատրաստ ճաշատեսակներ կարելի է գտնել։ Սիրիայից են ստանում կամ էլ իրանցիներից են գնում։


- Աղջիկս Դուբայում է ապրում հիմա։ Սիրիայից համեմունքներն ուղարկում են Դուբայ, այնտեղից էլ նա ուղարկում է մեզ։ Անշուշտ, կարող եք հարցնել, թե ինչո՞ւ տեղական չենք գնում։ Մենք էլ ազնվորեն ուզում ենք ասել՝ տեղական համեմունքները կամ անհամ են, կամ դառնահամ։

Ցուցափեղկերից մեկին շարված է պղպեղների, հիլի, սումախի, դարչինի, քրքումի, զաթարի տեսականի՝ 25 տեսակի համեմունք։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սիրիահայ ամուսինները բացատրում են, որ արաբական խոհանոցում միսն առանց բահարի, կարմիր, սեւ պղպեղների, մեխակի, քրքումի չի պատրաստվում։ Վերջինը նաեւ օգտագործում են  բրնձով ուտեստներում։ Թռչնամսի համար անփոխարինելի են համարում ծիտրոնն ու ռեհանը, ձկան համար՝ սամիթը, կոճապղպեղը, դափնու տերեւներն ու կիտրոնին փոխարինող սումախը։ 

Եթե ուտեստը մսով ու բրնձով է կամ ոլոռով, ուրեմն պարտադիր ավելացնում են համեմ, մանանեխ, հիլ, չաման, սեւ պղպեղ, մշկընկույզ։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հիլն ամենաշատ օգտագործվող համեմունքներից է՝ սուրճ, թեյ, թխվածք, միս. այն արաբական խոհանոցում ամենուր է։ 

Տաղավարի կենտրոնական հատվածում զաթարն է։ Արեւելյան խոհանոցում զաթարն օգտագործում են եւ որպես համեմունք, օրինակ, միսը համեմելիս, եւ խառնում են կաթնաշոռին ու տարբեր ճաշերի։


Զաթարը նաեւ հացով ու ձեթով են պատրաստում։ Դալիթան լավաշից փոքր լոշիկներ է պատրաստում, մի շերտին զտված զեյթունի ձեթ է քսում, վրան զաթար է լցնում ու վերջ, պատրաստ է։ Երբեմն նաեւ զաթարի հետ պանիր, կարմիր պղպեղ կամ միսն են խառնում։

«Մեր տեղն արդեն գիտեն»

- Սա բիզնես չէ։ Ախր որ բիզնես լիներ, գոնե եկամուտ կունենայինք։ Իսկ մեր տան վարձը՝ 220 հազար դրամ, մեր երեխաներն են վճարում, նաեւ կոմունալ վարձերը։ Այս խանութի ու մետրոյի մոտ գտնվող տաղավարի ապրանքը վաճառում ու նոր ապրանքի համար հազիվ ենք գումար հավաքում,- պատասխանում է պարոն Հովհաննեսը՝ հարցին, թե որքա՞ն է եկամուտը։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կոմիտաս 1-ից բացի, մի փոքրիկ կրպակ էլ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին կից ունեն՝ «Հալեպի շուկայում»։ Այդտեղ սակայն տեսականին շատ քիչ է, որովհետեւ տարածքն է փոքր։

- Չկարծեք՝ մենք փող չունեինք։ 5 տարի առաջ Հայաստան եկել ենք  բավականին մեծ գումարով, ուղղակի մեկ տարվա մեջ մեր 3 երեխաներն էլ որոշեցին ամուսնանալ, ու 3 հարսանեկան խնջույքից հետո ամենը վերջացավ։ Հիմա մենք մեր բիզնեսը զարգացնելու համար միայն մեկ բան ենք ուզում, որ որեւէ բանկ մեզ գումար տա,- պատմում է Հովհաննեսը։

- Դիմել ենք, որ 3 000 դոլար վարկ վերցնենք, բայց բանկերն ասում են, որ մեզ Հայաստանում մշտական բնակվող ու մշտական աշխատանք ունեցող երաշխավոր է պետք։ Էհ, նման բան ո՞վ կանի երկու անծանոթ սիրիահայի համար։ Բայց էդ գումարը որ լինի, այս գործը բիզնես կդառնա, թափ կհավաքի, մանավանդ որ, մեր տեղը, համն ու հոտը արդեն գիտեն։

«Պատերազմը սովորեցրեց աշխատել»

Հենց տաղավար մտնես, դարչինի ու հիլի հոտը միանգամից է զգացվում։ Այստեղ հատկապես մեծ պահանջարկ ունի Ղադայեւը։ Թելի պես բարակ կտրատած խմորի մեջ՝ տոլմայի պես փաթաթված ընկույզի ու մեղրի խառնուրդի կիլոգրամը 5000 դրամ է։ Դալիթան բացատրում է, որ միայն խմորի արժեքը 2 500 դրամ է։

- Ամենամեծ պահանջարկ վայելում է Մամուլը։ Մեկ օր առաջ ասում են ու առավոտյան արդեն պատրաստ բերում եմ։

Պլաստիկե տուփով վաճառվող այդ թխվածքաբլիթները պատրաստվում են մանիից՝ կարագով, շաքարավազով, ու համեմվում մահլաբով. սա բալի կորիզներից ու ջրից պատրաստվող փոշի է, հիմնականում նարնջագույն։ Այն կարող է փոխարինվել նաեւ նարնջի հյութով։ 

Մամուլ թխվածքաբլիթների միջուկը հունական ընկույզ է, պիստակ, խուրմա կամ էլ քունջութ։ Վերջնական տեսքի է բերվում  հատուկ ու ձեւավոր կաղապարներով։

- Իսկ ահա այս մեկի անունը Քիլիջա է։ Մասամբ ես եմ հեղինակը։ 7 համեմունքով եմ պատրաստում՝ դարչին, մեխակ, հիլ, կոճապղպեղ, մահլաբ, վանիլ, անիսոն, շըմրախ ու կարագով խառնում եմ, թխում։ Անմահական համ է,- ասում է Դալիթան։


Տիկին Դալիթան Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մինչ հաջորդ տուփի բովանդակությանն անցնելը, Դալիթան պատմում է, որ նախկինում երբեք ընտանիքի անդամներից բացի, այլ մարդկանց համար ոչինչ չի պատրաստել, չի աշխատել։

- Թագուհու կյանքով էի ապրում։ Ինչո՞ւ պետք է աշխատեի։ Հովհաննեսն ամեն ինչ անում էր, ես միայն տան օրվա ուտեստն էի պատրաստում։ Պատերազմն ամեն ինչ փոխեց եւ ստիպեց սովորել ու նաեւ երեւակայությունն աշխատեցնել։ Քանի որ Սիրիայում մենք օդանավակայանի ճանապարհին էինք ապրում, պատերազմի ժամանակ տնից օրերով դուրս չէինք գալիս, հոսանք չունեինք, ուտելիքն էլ քիչ էր։ Ես էլ ձեռքիս տակ եղածը խառնում ու նոր բաներ էի հնարում։ Այդպես մեր խոհանոց մտավ մակարոնով ու կանաչ բանջարեղեններով փլավը։

Մակարոնը խաշում եմ, կանաչ պղպեղը, կանաչիները, կաղամբը, ոլոռը սոխով տապակում եմ ու խառնում փլավին։ Ե´վ համեղ է, ե´ւ կշտացնող ե´ւ շատ օգտակար։

«Քաղցրացրեք ձեր կյանքը»

Քաղցրավենիքներից բացի, տիկին Դալիթան նաեւ իշլի քյուֆթա է պատրաստում: Նրա թահինով հացիկներն են մեծ պահանջարկ վայելում, հումուսն ու մութաբալը։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Իր ձեռքով նաեւ նռան դոշաբ է եփում ու փոքր շշերով վաճառում, ասում է՝ սրանք անփոխարինելի են արաբական խոհանոցում։ Նռան դոշաբով համեմում են բանջարեղենային աղցանները կամ էլ միսը տապակելուց առաջ։ Մեր զրույցն ընդհատում է կրպակ մտած հերթական հաճախորդը.

- Բարով, բարով ձեզ, ո՞նց եք։

- Լավ եմ, այդ հարցն ինձ չտաք մյուս անգամ։ Չեմ ուզում մտածել, ոնց եմ։

- Եղավ, ի՞նչ կուզես։

- Սուջուխ, լոշիկ։

- Լավ իմանաս, էս պահից քեզ համար թանկացավ։

- Դե դրա համար վերցրեք 500 դրամն ու սա էլ կոնֆետներ, քաղցրացրեք ձեր կյանքը։

- Մեր այս մշտական հաճախորդը բուսակեր է։ Մարդիկ սիրում են գալ մեր խանութ, նստել, զրույցի բռնվել։ Սիրիայում էլ էր այդպես, բայց միայն հայերի հետ։ Արաբների հետ մենք երբեք կատակներ չէինք անում։ Այստեղ տեղացիները հիմնականում չշփվող են, բարեւում ենք ու առեւտուրն անում։ Բայց միշտ չէ, որ մեր խանութը մարդաշատ է, գործը սեզոնային է։ Օրինակ՝ Կաղանդին պատվերները շատ են, հունիսից-օգոստոս էլի լավ է, զբոսաշրջիկների սեզոնն է, բայց մնացած ամիսներին դադար է։ 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին