×

Դավիթ Երեմյանը շրջանավարտներին ասում է. «երազեք»

2019 թվականի ապրիլի 8-ին Երեւանում բացվեց խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիան», իսկ օգոստոսի 9-ին այն վկայականներ հանձնեց առաջին շրջանավարտներին։ Վկայականների հետ միասին ուսանողներին նվիրեցին լուսանկարի «խորհրդանշական» շրջանակներ։ Դրանք, արդեն լուսանկարով, ակադեմիայի պատին կփակցվեն, երբ շրջանավարտն առաջին հաջողությունը գրանցի, իսկ մինչ դա, շրջանակի մեջ ուսանողի անուն-ազգանունով թուղթ է, մակագրված՝ «Աշխատանքը սկսվում է երազանքից»։


«Երազեք եւ ավելի վստահ եղեք ձեր ուժերին»

Վկայականները հանձնելուց հետո հարց ուղղվեց լսարանին․«Եվ այսպես, ավելի համարձակ, ու՞մ լուսանկարն ենք առաջինը փակցնելու պատին որպես հաջողության օրինակ, ձեռք բարձրացրեք»։

Լսարանը ժպտաց, կատակեց, 44 շրջանավարտից ձեռք բարձրացրեցին միայն երկուսը։ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն ու ակադեմիայի հիմնադիր Դավիթ Երեմյանն էլ ժպտաց, հայացքով շարունակ վեր բարձրացված ձեռքեր փնտրեց, բայց միայն երկուսը նկատեց։

Քայլեց դեպի կենտրոն ու ասաց, որ մի քանի բառ է ուզում ասել շրջանավարտներին։


Դավիթ Երեմյանը

«Այս ակադեմիան հիմնելիս, մենք ասում էինք՝ սա այն վայրն է, որտեղ կկարողանանք կրթել, միտք, գիտելիք ու մեր անցած ճանապարհը ձեզ փոխանցել։ «Երեմյան Փրոջեքթս»-ը ստեղծելիս շատ մեծ աշխատանք է տարվել, եւ այսօր, այստեղ նստած, ես ե՛ւ հպարտանում եմ, ե՛ւ վերհիշում եմ, թե ինչերի միջով ենք անցել։ 20 տարի առաջ մենք չէինք էլ երազում ու մեր տեսլականի մեջ անգամ չկար այս ակադեմիան եւ այն ամենը, ինչն այսօր անում ենք։

Մի քանի րոպե առաջ հարց հնչեց, թե ով, երբ ու որտեղ է իրեն տեսնում առաջիկայում։ Ընդամենը երկու հոգի արձագանքեց, եւ դա ցավալի է։ Մենք պետք է կարողանանք վախենալու չափ մեծ, բայց լավ ու ճիշտ երազանքներ ունենալ, եւ գնալ դրանց հետեւից, դա շատ կարեւոր է։ Եթե 20 տարի առաջ մենք մեր երազանքի հետեւից չգնայինք, չէինք ունենա այս ամենը։ 


Դավիթ Երեմյանը

Ուզում ավելի վստահ լինեք ձեր ուժերին՝ այն գիտելիքները, որ ձեզ փոխանցել ենք, ծառայեցնեք մեր քաղաքին ու մեր երկրին։ Հիշեք, շատ կարեւոր է նպատակը, շատ կարեւոր է երազելը, շատ կարեւոր է գիտելիք վերցնելն ու գիտելիք փոխանցելը: Մենք դա արել ենք ու անում ենք սրտանց»։

Հավատարիմ կարգախոսին

Բացման ժամանակ հայտարարվեց, որ ակադեմիան առաջ է շարժվելու «Քո հաջողության բաղադրատոմսն է՝ գիտելիք, նպատակ եւ հոգի» կարգախոսով։


Կարգախոսի կանոններով ակադեմիան այս ամիսներին կրթել է 20 խոհարարի եւ 24 մատուցողի։


«Բավականին լավ ծրագիր են անցել, ինչը նպաստել է մասնագիտական աճին եւ մասնագիտական լավ հմտությունների ձեռքբերմանը։ Դա արձանագրել ենք հետադարձ կապի շնորհիվ, քանի որ մեր ուսանողների հիմնական մասը սովորելուն զուգահեռ նաեւ աշխատում էր», - ասում է Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիա»-ի տնօրեն Նազելի Նավասարդյանը։


Նազելի Նավասարդյանը

Ակադեմիայի սպասարկման եւ մենեջմենթի գծով ծրագրերի ղեկավար Աննա Սինանյանն էլ որոշ փակագծեր է բացում: 


Աննա Սինանյանը

Մինչեւ տարեվերջ ակադեմիայում կմեկնարկեն «Ռեստորանային սպասարկում», «Ռեստորանային մենեջմենթ» եւ «Գրագետ վաճառք» եռամսյա ծրագրերը, որոնք նախատեսված են մենեջերների եւ ավագ մենեջերների համար։ Իսկ սեպտեմբերին ակադեմիայում անգլերեն եւ ռուսերեն լեզուներով սպասարկման 3-շաբաթյա ինտենսիվ դասընթաց է դասավանդվելու։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին