×

Ժորժ Հարությունյանը

Հայկական խորովածը ռուսերենով «համեմող» Youtube-ի աստղ Ժորժը

Եթե բացեք Youtube-ն ու որոնման դաշտում ռուսերենով խորոված փնտրեք, տարբերակներից մեկը ձեզ կառաջարկի Ժորժի ալիք տեղափոխվել։ Ընտրեք։ Օգոստոսի 2-ի տվյալներով ազգությամբ հայ ու մարտունեցի Ժորժը 597,692 հազար բաժանորդ ունի։ Ամեն հոլովակը մի քանի հարյուր հազար դիտում ունի։

GastroVino-ն բացառիկ հնարավորություն է ունեցել Ժորժին ու նրա տիկնոջը՝ Անահիտին  հանդիպել Հայաստանում։

«Վայ, մամա ջան, Ժորժ»

Եթե դուք չեք լսել, թե ինչպես է Ժորժը մանրամասնորեն բացատրելով ուտեստ պատրաստում, շատ դժվար կլինի պատկերացնելը։ Տեսնելու ու լսելու բան է Ժորժի մարտունու բարբառով ռուսերենը՝ համեմված «վայ, մամա ջան» շարունակ հնչող արտահայտությամբ։



Ի դեպ, ռուսախոս այլազգիները, Ժորժի հոլովակների տակ մեկնաբանություններ թողնելիս, հաճախ են իրենց կարծիքը կամ ցանկությունը սկսում հենց այդպես՝ «Վայ մամա ջան, Ժորժ…» ու շարունակում են բուն ասելիքը։ Պատմելու փոխարեն առաջարկում ենք հենց տեղում ծանոթանալ Ժորժի հետ, ինչից հետո ընթերցենք Եվրոպայի ամենահայտնի խորոված ու քաբաբ պատրաստող հայի պատմությունը։




Ես «մաքուր» մարտունեցի հայ եմ

Ծննդյան վկայականով անունս Մարզպետ է, ազգանունս Հարությունյան։ «Մարզպետ» անունը մայրս է ընտրել, ու քանի որ մանկությունից սկսած ինձ նաեւ Գեւորգ ու Ժորժ են անընդհատ դիմել, այդպես սկսեցին ինձ ճանաչել նաեւ Ժորժ։ Ես ապրում եմ Բելգիայում, ու այստեղ բոլորն ինձ որպես Ժորժ են ճանաչում։

Աշխատում եմ տեղական ամենահայտնի 1 200 աշակերտ ունեցող քոլեջներից մեկում, տնտեսական հարցերի կառավարիչն եմ։ Մարտունեցի եմ, արմատներս՝ Ալաշկերտից։ Կյանքն ու իրավիճակը փոխվեց ու 32 տարի առաջ հայտնվեցի Եվրոպայում։

Սկզբում Բրյուսելում էինք, բայց 12 տարի է տեղափոխվել ենք Բրյուսելին շատ մոտ քաղաքացներից մեկը, որտեղ տուն ենք գնել։ Ֆրանսերեն շատ լավ գիտեմ, շատ լավ ենք ապրում, շատ լավ հարմարվել ենք: Հինգ աղջիկներիցս երեքին ամուսնացրել եմ։

Մասնագիտությամբ նկարիչ եմ, ու դպրոցական տարիքում ինչքան նկարչություն ու փորագրություն էի սիրում, այնքան խոհարարություն, բայց խոհարարություն երբեք չեմ ուսանել։ Մայրս է ուսուցիչս, միշտ կողքին եմ նստել, երբ ինչ-որ բան է պատրաստել։

Ժորժ Հարությունյանը


Ամեն տարի Հայաստան եմ գալիս, գնում Մարտունի։ Ամեն Հայաստան գալուց ինձ հետ բազմաթիվ բելգիացիներ եմ բերում, ընկերներ։ Երբ հետեւորդներս իմանում են, որ Հայաստան եմ գալիս, շատերը գալիս են այստեղ, որ հանդիպենք, մի համեղ բան ուտենք։

Տարին մեկ անգամ, բելգիական իմ դպրոցում հայկական խոհանոցի երեկո եմ կազմակերպում՝ խորոված ու քաբաբ հյուրասիրում։

Անահիտ, պատմիր մեր աղջիկների մասին

Օհ, ես եւ Ժորժը հինգ աղջիկ ունենք։ Ամենամեծը՝ 30 տարեկան է՝անունը Նոնա է, ամուսնացած է, փոքրիկին է հիմա խնամում, տուրիզմի մասնագետ է։ Երկրորդ աղջիկս՝ Դիանան, 27 տարեկան է, մեծ ու ճանաչված վարսավիրանոց ունի Բրյուսելում։ Երրորդ աղջիկս՝ Մարիա–Էլիզաբեթն էլ Youtube-ով է զբաղվում, ինքն էլ իր էջն ունի: Make-up արտիստ է, ամուսնացել է հայաստանցու հետ ու հիմա Երեւանում է ապրում։ Չորրորդ աղջիկս՝ Լինդան, տուրիզմով է հետաքրքրվում,  հինգերորդ աղջիկս՝ Տաթեւիկը, էլի Youtube-ում է,  բայց էջը մի քիչ խառն է։


Տիկին Անահիտը


Աղջիկներից ամենաշատը Տաթեւիկն է նման հորը, բայց 5 աղջիկս էլ գժվում են խոհարարության համար։ Ժորժը շատ համեղ է պատրաստում, այնքան համեղ, որ  աղջիկներս միշտ ասում են՝ «մամա, նեղանալ չլինի, բայց պապայի սարքածն ավելի համեղ է»։ Ես հեչ չեմ նեղվում, ավելի լավ, ավելի շատ ազատ ժամանակ եմ ունենում։

Ես մասնագիտացված չեմ խոհարարության մեջ

Եթե գիտեմ, որ հոլովակ պետք է նկարեմ, երկու օր չեմ քնում, որովհետեւ անհանգիստ եմ։ Հաճախ եմ մարդկանց հանդիպում, որ ասում են «Ժորժ ջան, էդ ինչպե՞ս ես պատրաստում, հրաշք է», բայց ախր ես հատուկ ոչ մի բան չեմ անում, ուղղակի զգում եմ, թե այդ ուտելիքն այդ պահին ինչպես պիտի մշակեմ ու ինչպես պատրաստեմ։



Առաջին հոլովակը նկարելու գաղափարը իմն էր։ Նայում էի Մարիային ու մտածում, թե լավ, այսի՞նչ է անում, ինչպե՞ս։ Հետո Տաթեւիկն էր նկարում հոլովակ ու ես շատ էի հետաքրքրվում արդյունքներով։ Մի օր ասեցի՝ «Տաթեւիկ, ի՞նչ ես կարծում, կարո՞ղ եմ ես էլ քեզ պես հոլովակ նկարեմ Յութուբի համար»։ Տաթեւիկը պատասխանեց. «Չէ, պապ ջան, դա հեշտ բան չի, դու տեսախցիկի մոտ չես կարող խոսել»։

Ես էլ սկսեցի համոզել։ Ախր, ինչո՞ւ չեմ կարող, եթե հայկական հարսանիքներին շատ լավ կենացներ եմ ասում, ճիշտ է ճոխ բառապաշարով կենացներ չեն, բայց լավ կենացներ են, մարդիկ լսում են, սիրում են, կենաց ասելիս էլ բարդույթներ չունեմ»։

Աղջիկս թերահավատորեն, բայց համաձայնեց առաջին հոլովակը նկարենք՝ հավի քաբաբն էր։ 



Ի զարմանս Տաթեւիկի ու Մարիայի, սկսեցին հետեւորդները հայտնվել, այլն էլ հարյուրներով ու հազարներով։

Youtube-ի էջն այսօր ինձ լավ եկամուտ է բերում։ Ամենահայտնի բաղադրատոմսը՝ հայկական դասական խորովածինն է, շատ հայտնի է մամայիս բաղադրատոմսով պատրաստածս Բուղլաման, դե հավի քաբաբի հոլովակի մասին էլ չեմ խոսում։

«Կյանքս, արի, պատրաստ է»

Մարդիկ մտածում են, որ միսն ինչքան շատ համեմեն, այդքան լավ կստացվի։ Ես համաձայն չեմ, եթե նույնիսկ թարմ միսը հենց կրակի վրա խոշոր աղով համեմես ու ճիշտ ժամանակին շրջես, հրաշալի խորոված կստանաս։

Հավի քաբաբի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, ասեմ բաղադրատոմսը: 1կգ հավի ազդրերի փափկամիսը երկու անգամ աղում եմ՝ ավելացնելով 180 գրամ խոզի մսի որակյալ յուղոտ հատված, աղ ու խոշոր աղացած կարմիր պղպեղ, 100 գրամ սոխ, ուրց։ 10 անգամ «ծեծում եմ» միսը, դնում եմ սառնարան, մեկ օր հետո հանում, շարում եմ շշերին ու եփում։

Ես չեմ սիրում խորոված մսի հայկական մատուցման տարբերակը։ Ես կրակից վերցնում ու սկսում եմ առանց մի ափսեից մյուսը տեղափոխելու, ձեւավորել ու հյուրասիրել։ Իմ եփած ցանկացած ուտելիքի առաջին կտորն Անահիտինն է, ասում եմ՝ «Կյանքս, արի, պատրաստ է»։ Եթե նոր հյուրեր են ու զարմացած են նայում, հանգիստ բացատրում եմ՝ «նայեք ու սովորեք,  թե ինչպես պիտի ձեր տիկնոջը վերաբերվեք»։ Առանց Անահիտիս տեղ չեմ գնում։ Ախր, առանց կնոջդ մի տեղ գնալու հետաքրքրությունն ու հավեսը ո՞րն է։ Սեղանի աղը կինն է ու վերջ։

Ժորժն ու Անահիտը


Ուտելիք պատրաստելիս մեջը շատ եմ հոգի, «ջիգյար» դնում։ Որ ընթացքում էլ ասում եմ «մամա ջան», «վայ մամա ջան» դա մամայիս եմ դիմում։ Ինքը Մարտունիում իմ բոլոր հաղորդումները նայում ա։

Մեկնաբանություններին ուշադիր հետեւում եմ

Արհեստական ոչինչ չեմ անում։ Տեսախցիկի առջեւ ինչ կամ, կամ։ Հաճախ հայաստանցիները մեկնաբանություններ են թողնում, թե՝ «Ամոթ չէ՞ ռուսերեն եք խոսում», «Գոգնոց եք կապել, բա դա տղամարդուն վայել գործ է», կամ գրում են. «վատ ռուսերեն եք խոսում, ամոթ է»։


Բայց ախր այդ հոլովակների համար միջազգային որեւէ լեզվով պետք է խոսեի, չէ՞, ես էլ ռուսերենը գիտեմ։ Հայերեն բառերով խառնում-խոսում եմ ու դեռ ոչ մի ռուս կամ ռուսախոս չի ծաղրել, կամ թթու բառ չի ասել ռուսերենիս համար։ Հակառակը՝ ասում են. քո լեզվով մենք Հայաստանն ու հայկական խոհանոցն ենք սիրում, որովհետեւ շատ անկեղծ ես ու ջերմ։

Մեր հայկական ռեհանն եմ աճեցնում Բելգիայում

Մեր հայկական ռեհանն ու ուրցը անպակաս են իմ ուտելիքներից։ Բայց մսի հետ կամ մեկն եմ օգտագործում, կամ մյուսը։

Այգի ունեմ տանս մոտ՝ հայկական կանաչեղեն եմ աճեցնում: Շատ ուշադիր եմ ռեհաններիս նկատմամբ ու ինձանից բացի ոչ մեկ չի քաղում այն, որ չվնասվի։ Հայկական վարունգ ու պոմիդոր եմ աճեցնում։ Ամեն ինչի սերմերն այստեղից եմ տանում։ Հայկական վարդեր էլ ունեմ ու դրանց մշակելուց ամեն օր համբուրում եմ, որ աճեն։ Սոխ եմ աճեցնում։ Լավաշ ենք թխում։

Հարեւաններս «չեն խորանում», թե որն ի՞նչ բույս է, ինչի՞ համար։  Բայց հաճախ ենք հավաքվում, սուրճ ենք խմում, ուտում-խմում։ Ամբողջ օրը բակում ծուխ եմ անում, քաղաքում 12 հազար մարդ է ապրում, բոլորը գիտեն, որ դա իմ տան խորովածի ծուխն է, դեռ ոչ մի անգամ ոչ բողոքել են, ոչ դժգոհել, ոչ էլ ոստիկանություն է եկել։ Իմ տանը միշտ հյուրեր կան։

Հայաստանում անհոգի են պատրաստում

Շաուրման ուտում եմ ու հասկանում, որ անհամ, անհոգի ուտելիք է՝ պատրաստել են վաճառելու համար։ Մեջն այնքան ֆրի են դնում, որ շաուրմայի համը կորում է։ Ֆրին էլ անհավես են եփում, շատ վատն է։

Հայաստանում շատ եմ սիրում «ճուտ» ուտել, այ դա աննման է։

Շատ-շատ են առաջարկել ռեստորաններում աշխատել։ Չեմ ուզում, չեմ համաձայնում, իմը չէ։ Բելգիայում ընկերներիցս մեկը ռեստորան բացեց, մի քանի ամիս աշխատացրեցինք, որ ակտիվանա որպես բիզնես։ Ակտիվացրեցի ու հենց առաքելությունս ավարտվեց, դադարեցրեցի այնտեղ աշխատել։


Փոխարենը Բելգիայի հայ համայնքի համար շատ եմ պատրաստում, տանս դռները միշտ բաց են, տանս տեղն էլ բոլորը գիտեն։

Կուզեի Հայաստանում իմ ռեստորանն ունենալ ու աշխատել, բայց դեռ դա երազանք է, մտածում եմ, ծանր ու թեթեւ անում։ Մոսկվայում են առաջարկել ռեստորան բացել ու աշխատեցնել, շարունակ հրաժարվում եմ։

Կանեփով քյուֆթան է դեռ անհասանելի

Շատ կուզեի Բելգիայում կանեփով Մարտունու քյուֆթայից պատրաստել, բայց դե դուք էլ հասկանում եք, թե ինչու է դա անհնարին։ Ինձ ո՞վ կթողնի այստեղից այդքան կանեփ տեղափոխել քյուֆթայի համար։ Առաջ բաստուրմա էինք տանում այստեղից, հիմա արգելել են, այնտեղի հայերից ենք գնում, որ տեղում են պատրաստում, շատ էլ համեղ է։

Դեռ «քրչիկ» չեմ եփել։ Չեմ կարողանում տրամադրվել։ Չորթանով՝ չորացրած մածունի գնդիկներով ու թանով ճաշ էլ դեռ չեմ պատրաստել։ Բայց դե ժամանակի հարց է, շուտով դրանց բաղադրատոմսերն  էլ կհայտնվեն իմ հոլովակներում։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին