×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մնացականյանների Գաստրո բակը» հրավիրում է Ղարշմ ուտելու

Բյուրականում ապրող Արթուր Մնացականյանն արդեն 30 տարի զբաղվում է գինեգործությամբ: Տան փոքրիկ արտադրամասում հիմնականում պատրաստում է սպիտակ ու կարմիր գինիներ: Արթուրի պատրաստած ավելի քան 10 տեսակի գինիներն այսուհետ կարող են համտեսել նաեւ «Մնացականյանների Գաստրո բակ» այցելող զբոսաշրջիկները: 


Արթուր Մնացականյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գաստրո բակի բացումը կազմակերպել էր ՌԴ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացան ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գաստրո բակերի ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին: ՄԱԾԶ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հայտարարած մրցույթին մասնակցել է 120 դիմորդ, սա հմանված պահանջներին համապատասխանող հայտատուներից ընտրվել է ավելի քան 25-ը:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գաստրո բակեր այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համտեսել հայկական ավանդական ուտեստներ, տնական գինի, ծանոթանալ դրա պատրաստման ընթացքին, շփվել հյուրընկալող ընտանիքի անդամների հետ: Յուրաքանչյուր գաստրո բակ կոչվում է այն ընտանիքի ազգանունով, որն իր տան բակում հյուրընկալում է զբոսաշրջիկներին։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Անցած տարի գաստրո բակեր են բացվել Հայաստանի 5 խաղողագործական մարզերում՝ Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի ու Վայոց ձորի։ «Մնացականյանների Գաստրո բակը» Հայաստանում 7-րդն է, Արագածոտնի մարզում՝ 3-րդը: 


Արթուր Մնացականյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մնացականյանների Գաստրո բակ» այցելած առաջին հյուրերին գինեգործ Արթուրը դիմավորեց կենացներով, հրավիրեց համտեսելու իր պատրաստած գինիներն ու հայկական ավանդական ուտեստներ: 

«Գաստրո բակի ճաշացանկը կլինի ֆեյսբուքյան էջում, հյուրերը հնարավորություն կունենան նախապես պատվիրել այն ուտեստները, որոնք կցանկանան համտեսել։ Մեզ մոտ կարող են պատվիրել այնպիսի ավանդական ուտելիքներ, որոնք մյուս տարածաշրջաններում չկան»,- պատմել է Արթուր Մնացականյանը։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մնացականյանների Գաստրո բակում» մատուցվող ազգային ուտեստները պատրաստում են ընտանիքի անդամները։ «Գլխավոր խոհարարը» Արթուրի մայրն է։ Խոսելով մատուցվող ուտեստների մասին՝ Արթուրն ասաց, որ զբոսաշրջիկներին կարող են «զարմացնել» Ղարշմ ճաշատեսակով, որը քիչ տարածում ունի: Այն պատրաստվում է ոսպով եւ ընկույզով: Արթուրն առանձնացրեց նաեւ հատուկ ձեւով՝ լավաշով ու կանաչիներով պատրաստվող ձուկը։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՄԱԶԾ Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի փորձագետ, Գաստրո բակեր նախագծի իրականացնող Լուսինե Բալայանը պատմեց, որ ՄԱԿ զարգացման մեծ թիմն աշխատում է գաստրո բակերի հետ կապված յուրաքանչյուր մանրուքի վրա՝ նախագծում, դիզայն, սարքավորումների տրամադրում։ 


Լուսինե Բալայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Գաստրո բակն ընտանեկան միջավայր է։ Փորձում ենք համայնքի բնակիչների միջոցով նաեւ հայկական մշակույթն ու արվեստը փոխանցել զբոսաշրջիկներին, որովհետեւ գաստրո բակերի գաղափարն առաջնորդվում է սնունդ-տնական գինեգործություն եւ սնունդ-արհեստագործություն բաղադրիչներով։ Յուրաքանչյուր գաստրո բակում բացահայտում ենք հյուրընկալող ընտանիքի ուժեղ կողմը, վերապատրաստման դասընթացներ անցկացնում, ֆինանսավորում։ Համագործակցում ենք Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ, որը վերահսկում է, որ արտադրված գինին բարձր որակ ունենա, դասընթացներ է կազմակերպում: Տուրիզմի կոմիտեն օգնում է, որպեսզի գաստրո բակերը ճիշտ ներկայացվեն զբոսաշրջիկներին»։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ինտեգրված գյուղատնտեսության տուրիզմի զարգացում ծրագրի ներկայացուցիչ Արման Վալեսյանը հավելեց, որ գաստրո բակերի նախագիծը մշակվել է որպես տնտեսական զարգացման մոդել, որը պետք է ինտեգրվի մարդու առօրյա կյանքին՝ առանց խանգարելու մարդու գործունեությանը. «Մենք օգնում ենք գինեգործին բարելավելու գինու արտադրությունը, ենթակառուցվածքները, մառանը։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի վստահ լինենք, որ համապատասխան ծառայություններ կմատուցվեն հյուրերին»։


Արման Վալեսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գաստրո բակերի ծրագրի պատասխանատուները հույս ունեն, որ մինչեւ այս տարվա վերջ եւս 20 գաստրո բակ կբացվի, իսկ նոր ֆինանսական միջոցների դեպքում ծրագրի շրջանակը կընդլայնվի: 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին