×

Թամարա Օհանջանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

In Vino-ի «հորաքույր» Թամարան եւ նրա զրույցները գինու մասին

«Աշխատող» քիթ ու սուր աչք. սա այն է, ինչ առաջին հերթին պետք է ունենա գինեգետը: Կարեւոր է շատ բույրեր զգալն ու տարբերակելը, քանի որ մասնագետը նախ մեկ հայացքով հասկանում՝ գինին լավն է, թե՝ ոչ, ապա քթով «ստուգում» է գինու բույրը։ Գինեգետները փորձում են բազմաթիվ գինիներ, որպեսզի հասկանան՝ արդյոք, որեւէ քիմիական տարր ավե՞լ կամ պակա՞ս է: Եթե հողի մեջ երկաթը շատ լինի, ապա գինեգետը դրա բույրը միանգամից կզգա: Գինեգետը նաեւ կարծիք է հայտնում, թե, արդյոք, գինին արժանի է հայտնվել ցուցափեղկին ու գինեսերի բաժակի մեջ: 

Գինու սիրահար-գինեգետը

Գինեգետ Թամարա Օհանջանյանը յուրաքանչյուր օր 8-12 ժամ անցկացնում է գինու միջավայրում: Առաջին մասնագիտությամբ լեզվաբան է: Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուսանելու տարիներին որպես երկրորդ մասնագիտություն ընտրել է քաղաքագիտությունը, բայց կարճ ժամանակ անց հասկացել է, որ իրենը չէ ու տեղափոխվել տուրիզմի ոլորտ: Այս բաժնի ուսանողներն անցել են հյուրանոցային ոլորտի ու գինու մշակույթի դասեր: Շաբաթական մեկ անգամ Թամարան մասնակցել է գինու դասերին: Նրան տպավորել է այն տեղեկությունը, որ Հայաստանն ունի 6000 տարվա գինու պատմություն ու գինու ամենահին մառանն էլ այստեղ է գտնվում: Հետո էլ զայրացել է, որ նման պատմություն ունեցող երկիրը քիչ է հայտնի գինեսերներին: 

Երկրորդ մասնագիտություն՝ գումարի դիմաց

Թամարան կատակում է, որ ինքն ու գինին մտերմացել են «գումարի շնորհիվ»: Պատահական տեսած հայտարարության մեջ նշված էր, որ շուտով բացվելու է մի վայր, որտեղ մատուցվելու է գինի եւ «պաստա»: Հայտարարությունն էլ ավելի գրավիչ է դարձրել այն, որ ապագա աշխատակիցներին իր գիտելիքներն է փոխանցելու՝ «սոմելիեի գործ» է սովորեցնելու հայտնի մի գինեգործ: Դրան գումարվել է նաեւ այն, որ առաջարկվող աշխատավարձն ավելի բարձր է եղել, քան այն, որ Թամարան այդ պահին ստանում էր այլ վայրում: 


Թամարա Օհանջանյանը

Առաջին հանդիպմանը, երբ գինեգործը հարցրել է, թե որն է Թամարա Օհանջանյանի սիրած գինին, նա պատասխանել է, որ գինի չի սիրում, հետո ավելացրել, որ միայն սպիտակ, թեթեւ գինի է խմում: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ցանկանում աշխատանքի ընդունվել այնպիսի վայրում, ուր գինի է մատուցվելու, պատասխանել է՝ «գումար է պետք» ու լայն ժպտացել: 

2015 թվականին Թամարա Օհանջանյանն ընդունվել է Երեւանի գինու ակադեմիա: 

«Կարծում էի, որ դասերի ընթացքում գինի ենք խմելու եւ ծիծաղենք, բայց ամեն ինչ մի փոքր ավելի լուրջ էր: Դասերն անգլերեն էին, մասնագետները հրավիրված էին Գերմանիայից: Նրանք ուսանողներին սովորեցնում էին գինու քիմիա, մարքեթինգ, պատրաստում՝ հող մշակելուց մինչեւ գինու՝ բաժակի մեջ հայտնվելու պահը: Երբ եկավ պրակտիկա անցնելու ժամանակը, որոշեցի մեկնել Արցախի գինու գործարաններից մեկը («Կատարո»): Ուսման ընթացքում նաեւ մասնակցեցի Գերմանիայում անցկացվող «Պրո վայն» գինու միջազգային ցուցահանդեսին: Երեք օրում գրեթե անվճար փորձեցի աշխարհի շատ երկրներում արտադրված տարբեր գինիներ»,- ասում է Թամարա Օհանջանյանը: 

In Vino-ի «հորաքույրը»

Արդեն 4 տարի է, ինչ Թամարա Օհանջանյանն աշխատում է In Vino-ում: Ասում է՝ այստեղ հայտնվել է «ռենեսանսի» շրջանում, երբ այցելուներն այլեւս այստեղ օղի չէին փնտրում, տղաներն էլ սկսել էին «ռոզե» խմել, ինչը 10 տարի առաջ «ամոթ» էր: 

Թամարան սկզբում աշխատել է որպես մատուցող-խորհրդատու, այժմ կազմակերպում է գինու երեկոներ, բայց սոցցանցի իր էջում նշել է, որ աշխատավայրում կատարում է «հորաքրոջ» պարտականություններ: Ասում է, որ բացի իրենց հիմնական պարտականություններից՝ աշխատակիցները երբեմն կարող են այլ գործերով զբաղվել՝ ինչպես իրենց տանը, ու ամեն մեկը իր համար ընտանիքի մի անդամի դեր է ընտրել:


Թամարա Օհանջանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ակումբի «հորաքրոջ» աշխատանքը սկսում է առավոտյան 10:00-ին: Աշխատավայրում հերթով բարձրացնում են նախորդ օրը պառկեցրած գինու շշերը: Սա արվում է, որպեսզի խցանը շփում ունենա գինու հետ եւ չչորանա: 

«Երբ այցելուն մտնում է, 5 րոպե ժամանակ ունես հասկանալու նրա հոգեբանությունը, որոշելու, թե ինչ գինի պետք է առաջարկել: Երբեմն, մարդկանց թվում է, թե իրենք գինի չեն սիրում, բայց հետո հասկանում են, որ չեն սիրում որոշակի խաղողի տեսակի գինի»,- ասում է Թամարան: 

Նա պատմում է, որ գինին միավորում է մարդկանց, այցելուներն այստեղ ծանոթանում են, անգամ ամուսնանում, զրուցում գինու համի ու ընպելիքին վերաբերող այլ հարցերի շուրջ: Սեղաններն էլ այնքան մոտ են, որ հնարավոր չէ գաղտնիքներ ունենալ: 

Թամարան ասում է, որ գինու վերաբերյալ հարցերը շատացել են: Զբոսաշրջիկներն ավելի հետաքրքրված են հայկական գինիներով: Գինեգետը պետք է պատրաստ լինի պատասխանել հարցերին, իմանա, թե որ գինին ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, ուսումնասիրել, թե ինչ տեսակի գինիներն են «թրենդի մեջ»: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Հայաստանում, օրինակ, վերջին երկու տարիներին թրենդի մեջ էր «ռոզեն», այդ ընթացքում բոլոր հայկական գինեգործական ընկերությունները փորձեցին այդ տեսակի գինի արտադրել, հիմա պահանջարկը նվազում է»,- ասում է Թամարան: 

Զրույցներ գինու շուրջ

In Vino-ում Թամարան գինու երկոներ էր անցկացնում: Այցելուները մասնակցում էին կարճ դասընթացների: Ուսուցողական-համեմատական երեկոների ընթացքում վերցնում էին նույն տեսակի երկու տարբեր գինի, փակում դասընթացի մասնակիցների աչքերն ու նրանք քննարկում էին ընպելիքները, ապա նշում, թե որ բաժակում ինչ գինի է լցված: Վերջում գինիները բացահայտվում էին ու ճիշտ գուշակողները՝ ստանում մրցանակներ:

«Ցանկություն առաջացավ գիտելիքներս փոխանցել ուրիշներին, մարդկանց սովորեցնում էին ընտրել այն գինին, որն իրենց դուր կգա»,- ասում է Թամարան: 

Ապագա, երազանքներ, օրգանիկ գինեգործություն…

Գինեգետ Թամարան երազում է արտասահմանում «գինու բիզնեսի զարգացում» սովորելու ու իր գիտելիքները Հայաստանում կիրառելու մասին: 

«Խորհրդային տարիներին Հայաստանում հիմնականում կոնյակ էին պատրաստում ու գինու խաղողների տեսակները գրեթե ոչնչացրել էին: Նոր մեթոդներ կան, որոնց միջոցով ցանկանում եմ փորձել հետ բերել դրանք, որովհետեւ մեր հողը շատ հարուստ է»,- ասում է գինեգետը: 


Թամարա Օհանջանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թամարան նաեւ երազում է Հայաստանում օրգանական գինեգործությամբ զբաղվելու մասին: Ասում է՝ աշխարհն այդ ուղղությամբ է գնում:  

Հայկական շուկայում արդեն կան օրգանական ու բնական գինիներ: Հայ գինեսերների շրջանում օրգանական ու բնական գինիների պահանջարկը սկսել է աճել: Մարդիկ ավելի շատ են իրենց առողջությանը հետեւում: Օրգանական գինիների դեպքում խաղողի այգիներում թունաքիմիկատներ չեն օգտագործվում: Բնականների դեպքում թունաքիմիկատներ օգտագործվում են, բայց գինու պատրաստման փուլում որեւէ բան չեն ավելացնում: Թեպետ պահանջարկն ավելանում է, բայց Թամարան ասում է, որ 20 տարի է պետք, որպեսզի հասնենք այն մակարդակին, որ այսօր կա Եվրոպայում: 

Կանայք եւ օտարերկրացի մասնագետները՝ գինու ոլորտում

Թամարան ասում է, որ Հայաստանն անընդհատ հաղթանակներ է տանում Գերմանիայում: Այն Եվրոպայի ամենազարգացած գինեգործական երկրներից մեկն է: Չնայած խաղողի այգիները բավական քիչ են, բայց ունեն լավ տեխնոլոգիա ու մասնագետներ: 


Թամարա Օհանջանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ինձ դուր չի գալիս, որ մեր երկրում գինեգործարանների գլխավոր գինեգործների մեջ մեծ թիվ են կազմում արտասահմանից ժամանած մասնագետները: Ուզում եմ, որ օտարերկրացի մասնագետներն ավարտեն իրենց աշխատանքն ու մեկնեն, բայց խնդիրն այն է, որ խաղողագործները, որոնք հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներ են, չեն ընդունում նոր տեխնոլոգիաները: Օրինակ՝ դժվարությամբ են էտ անում, երբ բերքը շատ է լինում: Խաղողագործի համար սա մեծ ողբերգություն է, բայց կտրելուց հետո դրանք ավելի լավ են աճում: Դրսից ժամանած մասնագետների որոշումները խաղողագործներն ավելի հեշտությամբ են ընդունում»,- ասում է նա: 

Գինու ոլորտում հայ կանանց թիվը, հետզհետե, մեծանում է: Հայաստանում գինեգործ կանայք կան, բայց աղջիկներին դեռ «ծանր» աշխատանք չեն վստահում: Թամարան պատմում է, որ Արցախում պրակտիկա անցնելու ընթացքում աղջիկները կատարում էին «թեթեւ» գործերը, օրինակ՝ խաղողի սելեկցիա, ծանր գործերը բաժին էին հասնում տղամարդկանց: Թամարան ուզում է, որ կանանց նայեն որպես հավասարը հավասարին, գնահատեն մասնագիտական գիտելիքները: 

Գինեգետի սիրած գինին

Թամարա Օհանջանյանն այս տարիների ընթացքում հազարավոր գինիներ է փորձել, բայց ասում է, որ ամենասիրելին երջանիկ սեղանի շուրջ խմած սառը սպիտակ գինին է: 

«Գինու սիրահարները կրքով լի են իրենց գործի հանդեպ ու ինքնաբերաբար ընկերանում են, նորություններ սովորում, փոխվում դեպի լավը, ճամփորդում, նոր գինիներ փորձում: Ամեն ճամփորդության ընթացքում իմ հետեւորդների հետ կիսվում եմ նոր գինիների մասին իմ տպավորություններով»,- պատմում  է Թամարան:

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին