Աշխարհահռչակ դելիկատես PASTRAMI սենդվիչները այսուհետեւ կարելի է նաեւ Հայաստանում ուտել: PUB 37-ի հիմնադիրներ Հակոբ Բադալյանը եւ Կարինե Բոտոյանը Երեւանի կենտրոնում հիմնել են PASTRAMI արագ սննդի ռեստորանը, որտեղ մատուցում են ամերիկյան հայտնի Pastrami սենդվիչները եւ Pulled Pork բուրգերները:
Ամուսինները երկու տարի «չարչարվել» են, որ Pastrami մսի բաղադրատոմսը ստանան, իսկ ռեստորանը հիմնելու համար Ռուսաստանում թողել են աշխատանքը ու վերադարձել Հայաստան: Հակոբը եւ Կարինեն GastroVino-ին պատմել են ռեստորանային բիզնեսի հանդեպ ունեցած մեծ սիրո, գաղտնի բաղադրատոմսն ինքնուրույն բացահայտելու եւ եզակի ուտեստներ մատուցելու մասին:
Pastrami-ին Հայաստան բերելու պատմությունը
Հակոբ. Մոտ 300 կգ միս ենք փչացրել, մինչեւ ստացել ենք Pastrami: Քանի որ այս մսի պատրաստման գործընթացը տեւում է 17 օր, ամեն փորձի համար այդքան սպասում էինք, որ հասկանանք՝ լավ է, թե վատ: Այդպես երկու տարի ձգվեց, մինչեւ ստացանք մեր ուզած բաղադրատոմսը:
Pastrami սենդվիչը | Լուսանկարը՝ PASTRAMI
Pastrami նշանակում է «որսի միս», այն հին եվրոպական ուտեստ է: Եզակի է, քանի որ անցնում է շատ բարդ տեխնոլոգիական մշակում. երեւի դա է պատճառը, որ շատերը չեն ուզում սկսել այս ուտեստի պատրաստումը: ԱՄՆ-ում վերջին վեց տարիներին է շատ տարածվել, կամաց-կամաց մեզ է հասնում, բայց նույնիսկ Ռուսաստանում հազվագյուտ վայրերում են Pastrami մատուցում:
Pastrami սենդվիչը | Լուսանկարը՝ PASTRAMI
«Pastrami դելիկատես սենդվիչը պատրաստվում է պրեմիում անգուս տեսակի մսից: Մսի հնեցման գործընթացը տեւում է 17 օր: Միսը մարինացվում է 10-ից ավելի համեմունքներով 14 օր, որից հետո անցնում է դանդաղ եւ բնական ծխեցման փուլ: Ծխեցման համար օգտագործվում է հատուկ մրգատու ծառերի փայտ, ինչը մսին փոխանցում է յուրահատուկ համ եւ բույր: Այնուհետեւ 3 օր եփվում է հատուկ տեխնոլոգիայով, ամբողջ գործընթացի ընթացքում միսը պահպանում է իր բոլոր առողջարար հատկությունները: Գույնը մնում է կարմիր, մինչդեռ այնքան է եփվում, որ փխլվում է: Սենդվիչը մատուցվում է հատուկ տարեկան ալյուրից պատրաստված հացով, որը թույլ է տալիս զգալ մսի համը: Այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո հաճախորդները կարող են վայելել այս դելիկատես ուտեստը սենդվիչի տեսքով պատվերը տալուց 5 րոպեների ընթացքում»:
Pastrami սենդվիչը | Լուսանկարը՝ GastroVino
Մենք մեկ այլ ռեստորան ունենք՝ 37 Beer and Meat-ը, որտեղ մի խոհարար էինք ընդունել աշխատանքի, ասում էր՝ Pastrami սենդվիչ է կարողանում սարքել. սովորական տեղական սթեյքի միսն էր կտրատում, համով սենդվիչ էր ստացվում: Հետո Ռուսաստանում մի ռեստորան այցելեցի, գրված էր Pastrami սենդվիչ, փորձեցի, որ համեմատեմ մեր ռեստորանի եղած սենդվիչի հետ, ընդհանրապես նման չէր: Հաջորդ անգամ Pastrami կերանք ԱՄՆ-ում ու համոզվեցի, որ դա այն է, ինչ ես պետք է ստանամ:
Խիստ գաղտնի է
Հակոբ եւ Կարինե. Սկզբում փորձում էինք պատրաստել տեղական մսից, առաջին անգամ փորձեցինք մեր տան պատշգամբում ծխեցնել միսը, հատուկ ամերիկյան փոքր ծխեցնող սարք (smoker) էինք գնել: Մեր ամբողջ շենքը զգաց այդ հոտը (ժպտում են-հեղ.): Հետո սկսեցինք քայլ առ քայլ հասկանալ, թե ինչպես ճիշտ ծխեցնել, ինչ միս օգտագործել, հետո սկսեցինք ներմուծել միսը:
Լուսանկարը՝ GastroVino
Մեր արդյունքը հիմնված է մեր փորձի վրա. մենք բաղադրատոմս չենք գնել, սեփական ուժերով ենք ստացել: Երբ չէինք կարողանում բաղադրատոմսը ստանալ, փորձում էինք՝ ինչ-որ մեկից գնել, բայց չէր հաջողվում. Pastrami-ի բաղադրատոմսը շատ խիստ գաղտնի է: Ով ստանում է համեղ, լավ Pastrami, իր գաղտնիքը երբեք չի կիսում: Մենք նույնպես:
Բարեկեցիկ կյանքի գնով
Երբ մոտ էինք վերջնական բաղադրատոմսը ստանալուն, փորձեցինք ապրանքանիշը գրանցել Հայաստանում: Առաջին անգամ չգրանցեցին, քանի որ Pastrami ուտեստի անուն է ու շատ նման է մեր բաստուրմային:
Լուսանկարը՝ GastroVino
Աշխատանքի բերումով, նաեւ կիսահիասթափված, մեկնեցինք Մոսկվա, այնտեղ մեկ տարի բնակվելուց հետո, իմացանք՝ գրանցվել է ապրանքանիշը, եւ քանի որ արդեն 99%-ով ստացել էինք Pastrami-ի բաղադրատոմսը, որոշեցինք ամեն ինչ թողնել ու վերադառնալ Հայաստան:
Միջազգային ընկերությունում բավականին բարձր աշխատավարձով ու լավ պայմաններով գործից հրաժարվել ենք ու դիմել նման ռիսկային քայլի, որ մեր գաղափարն իրականացնենք հայրենիքում եւ հիմնենք PASTRAMI արագ սննդի ռեստորանը:
Լուսանկարը՝ GastroVino
Սերը դեպի ռեստորանային բիզնես հաղթել է այն սիրուն, որն ունեինք մեր հիմնական աշխատանքի նկատմամբ: Հիմա սա մեր միակ գործն է: Ռեստորանային բիզնեսի սերն առաջացել էր դասական գարեջրատուն ունենալու գաղափարից: Հայաստանում մի փոքր սխալ է ընկալվում փաբի մշակույթը, այստեղ դասական փաբեր չկային, որտեղ կլիներ լավ խմիչք, լավ ուտելիք, լավ միջավայր. դա էր պատճառը, որ 2013-ին հիմնեցինք PUB 37-ը:
Ճաշացանկը
«Pastrami սենդվիչ՝ տարեկան հաց, միս եւ մանանեխ»:
Pastrami մսով առաջարկում ենք նաեւ Reuben սենդվիչը:
Լուսանկարը՝ PASTRAMI
Այս երկուսը Նյու Յորքում մատուցվող դասական Pastrami սենդվիչներն են: Reuben-ը այս սենդվիչի իրական անունն է, եւ կապ չունի, որ մեր երեխայի անունը նույնպես Ռուբեն է, շատերը կարծում են մենք դա հատուկ ենք այդպես անվանել (ծիծաղում են- հեղ.):
«Reuben սենդվիչը Pastrami-ից տարբերվում է նրանով, որ ավելացվում է հոլանդական պանիր, թթու կաղամբ եւ Russian dressing սոուս»:
Pastrami-ի միսը ներմուծում ենք Ռուսաստանից, Հայաստանում դեռ այս որակի միս չեն արտադրում: Pastrami մսով պատրաստում ենք նաեւ հատուկ աղցան՝հազարի տերեւներ, չերի լոլիկ, բոլոկի (բողկի տեսակ), սեւ զեյթուն, պարմեզան, մանանեխով եւ բալզամիկ սոուս:
Pulled Pork-ը | Լուսանկարը՝ PASTRAMI
Մատուցում ենք նաեւ ԱՄՆ-ում ամենասիրված բուրգերներից մեկը՝ Pulled Pork-ը, որ թարգմանաբար նշանակում է բզկտված խոզի միս: Նույնն առաջարկում ենք նաեւ հավի մսից՝ Pulled Chicken:
Pulled Chicken-ը | Լուսանկարը՝ PASTRAMI
«Pulled Pork-ը պատրաստվում է տեղական խոզի թիակի հատվածից, որը նույնպես անցնում է բնական ծխեցում եւ հատուկ տեխնոլոգիայով եփվում այնքան, մինչեւ միսը դառնում է չափազանց փափուկ եւ նուրբ»:
Այս բուրգերից Հայաստանում չենք հանդիպել: Սրա միսը Pastrami-ից ավելի հեշտ է ստանալ. 3 օրում է պատրաստվում, նույն ջերմային մշակումն է անցնում, մարինացնում ենք ընդունված ձեւերով: Դժվարությունը միայն համային փունջը ճիշտ ստանալն է, բայց, իհարկե, սրա պատրաստումը դասական բուրգերներից դժվար է:
Մսերի մարինացման գործընթացը կատարվում է ռեստորանի նկուղային հարկում գտնվող մեր խոհանոցում: Արտասահմանից ձեռք բերված հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ խոհանոցից վերեւի հարկ երբեւէ ծուխը չի հասնում:
Veggie burger-ը | Լուսանկարը՝ PASTRAMI
Ի դեպ, այսքան մսային ուտեստների մեջ ունենք նաեւ բուսակերների համար բուրգեր` Veggie burger, միսը փոխարինում ենք ֆալաֆելով, օգտագործում ենք թարխունի սոուս, բացի թարմ լոլիկից, դնում ենք նաեւ լոլիկի չիր:
Առողջարա՞ր արագ սնունդ
Կարինե. Ինչպես Pastrami-ին, այնպես էլ Pulled Pork-ը եփվում են նորագույն տեխնոլոգիայով այնպես, որ միսը պահպանում է իր բոլոր առողջարար հատկությունները:
Եթե սովորական բուրգերի միսը աղացած է, ու շատերը կասկածում են՝ թե դրա մեջ ինչ միս է օգտագործվում, քանի տոկոսն է խոզի, տավարի միս, քանի տոկոսը յուղ, Pastrami-ին եւ Pulled Pork-ը ամբողջական մսի կտորներ են, որոնք հաճախորդի աչքի դիմաց են կտրատվում ու «բզկտվում»:
Լուսանկարը՝ GastroVino
Եթե մյուս բուրգերների միսը ձեթի կամ կարագի մեջ են տապակում եւ բարձր ջերմաստիճանի մշակում անցկացնում, սրանք եփվում են շատ ցածր ջերմաստիճանի տակ, այդ պատճառով է գործընթացը երկար եւ չի կարելի համարել ոչ առողջ սնունդ:
***
Սպասվածից լավ արձագանքներ ենք ստանում. չէինք ակնկալում, որ այսքան շատ կսիրվի Pastrami-ին, ու քանի որ պատրաստման ընթացքը երկար է, մեր պլանավորած մի ամսվա վաճառքը սպառեցինք 10 օրում ու մի քանի օր մնացինք առանց մսի: Նյու Յորքից Pastrami-ի ուտեստի սիրահարներ են մեզ այցելել ու փորձել միսը, շատ բարձր գնահատական են տվել, ասում են՝ նույն է, ինչ ԱՄՆ-ում է մատուցվում:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի եւ PASTRAMI-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: