Պաղեստինցի այցելուն
-Էլֆ, էլֆ, - ասում է կրպակի ներսում կանգնած մարդը։
-Թենք յու, - 1000 դրամանոցը մեկնելով, համբուրգերն ու հյութը ձեռքին, երկու սեղաններից մեկին է մոտենում տղամարդը։
Պաղեստինից է Հայաստան եկել։ Մի քանի բառ անգլերեն գիտի, մի քանիսն էլ ռուսերեն, շփվում է միայն արաբերենով։ Անունը չի ասում, նշում է, որ երկու ամիս է արդեն այստեղ, բայց գնալու մասին էլ դեռ առանձնապես չի մտածում։
-Այնտեղ, որտեղ կարող ես սնվել ասես քո տան խոհանոցում, քեզ զգում ես ինչպես տանը։ Դե բացի դա էլ, սա Երեւանի այն եզակի վայրերից է, որտեղ կարող եմ շփվել արաբերեն։ Սա ինձ համար շատ ձգող-պահող բան է այս քաղաքում, - ասում է պաղեստինցին ու գլխով անում կրպակի ներսում ֆրի պատրաստող տղամարդուն՝ պարոն Վահրամին, հետո հրաժեշտ տալիս ու գնում։
-Հաճա՞խ են գալիս արաբախոսներ։
-Պակասը չեմ զգում, -ասում է պարոն Վահրամը։
Խոհարար պարոն Վահրամը
Երկու սեղան, մեկ փոքրիկ կրպակ՝ 25 քառակուսի մետր ընդհանուր տարածք է զբաղեցնում պարոն Վահրամի «մինի ռեստորանի» ամբողջ տարածքը, որ գտնվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մուտքից ոչ հեռու։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հալէպի սենդվիչներ» գրությամբ միակ պատուհանից երեւում է ամբողջ խոհանոցը՝ ներսում սառնարան է, մեկ էլեկտրական գազօջախ, երկու սեղան, մեկ աթոռ, ու տարբեր տարրաներում տեղավորված մթերքներ։
-Հալեպում էլ, արագ սննդի կետի իմ տարածքն այս նույն չափն ուներ, պարզապես հարկերը չափազանց քիչ էր։ Վերջին մի քանի օրվա ընթացքում էլի են թանկացրել, եւ հիմա ես ամսական ստիպված եմ 150 հազար դրամ տարբեր հարկեր վճարել, այն դեպքում, երբ Հալեպում այդքան տարեկան էի վճարում։
Զրույցին Պետրոսն է միանում, պարոն Վահրամի որդին։ Էլի խոհարար է, բայց Հայաստան գալուց հետո խոհարարությամբ չի զբաղվում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
- Զբոսաշրջային գործ եմ անում, աշխատում եմ զբոսաշրջիկների հետ։ Այստեղ միայն հայրս է զբաղվում խոհարարությամբ։ Լավ խոհարար է, չտեսնված։
Երեւանյան ճաշացանկը Հալեպից
Խոհարար Վահրամը, Հալեպի Նոր-գյուղում արագ սննդի կետ ուներ։ Այցելուները մոտենում, սննդի անունը տալիս, սնվում, հեռանում էին։ Հինգ տարի է, ինչ այս տարածքում է, բայց տեղացի այցելուները ինչ-որ բան պատվիրելուց առաջ շարունակ հարցեր են տալիս՝ սիրիական համեմունքները հայկական քիմքի համար մի քիչ խորթ են։
Պարոն Վահրամը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
-Երբ նոր էինք բացվել, հաճախ հուսահատվում էի։ Տեղացիները գալիս ու բոլորը հարց ու փորձ էին անում, թե այս ուտելիքն ինչ է, այն ուտելիքն ինչ է։ Բացատրում էի, լսում-լսում ու ասում էին՝ «լավ, մի հատ սովորական համբուրգեր»։ Հետո քիչ-քիչ սովորեցին։
Ճաշացանկում արագ սնվելու15-ից ավելի տարբերակներ կան, բայց դրանք երբեմն ավելանում են, որովհետեւ պարոն Վահրամը տանն էլ է ընդունում պատվերներ եւ օրինակ, իշլի-քյուֆթա է պատրաստում։
Հատկապես սիրված է նրա անհատական բաղադրատոմսով «Ֆիլատելֆիան»՝ տավարի մսով, պղպեղով, ֆրիով, լոլիկով, թթվով, մայոնեզով, սխտորի մածուկով է պատրաստվում։
-Երբ տեսնում եմ սիրիացի է, լիբանանցի է, արաբ է, էլ չեմ հարցնում համեմունքներով, թե առանց դրա է ուզում ուտելիքը, միանգամից պատրաստում ու տալիս եմ, ու դեռ ոչ մի բողոք չի եղել։ Տեղացիները, երբ համեմունք են ասում, ընկալում են միայն աղ, կարմիր կամ սեւ պղպեղ։ Ուտելիքը նրանց համար պատրաստելիս նաեւ միշտ հարցնում եմ՝ մայոնեզ, քեթչուփ, ամեն ինչո՞վ, թե չէ։
Պարոն Վահրամը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պարոն Վահրամը ճաշացանկից ստիպված էր հեռացնել «հավի ջիգյարը» ուտեստը։ Սիրիական տարբերակով «հավի քարաճիկը» այստեղ այդպես էլ չի ընդունվել, պահանջարկ չի եղել։ Փոխարենը օր չկա, որ չպատվիրեն օրինակ տավարի մսով, ֆրիով, լոլիկով, թթվով, մայոնեզով, սխտորի մածուկով ղավուրման։ Հավի բուրգերի կողքով էլ անտարբեր չեն անցնում՝ հացի մեջ «բարուրված» հավի մսի, ֆրիի, կաղամբի, մայոնեզի, թթվի, լոլիկի, կետչուպի, սխտորի մածուկի խառը համադրությունը շատ են հավանում։
Սիրիական սուջուխը
Սննդի այս կետի թիվ մեկ ամենաճանաչված ուտելիքը տավարի մսով, լոլիկով ու թթվով «սիրիական սուջուխն» է։
-Երբ պատվիրում են ինչ-որ բան, ըստ հայերենի միանգամից տարբերակում եմ՝ եթե տեղացի է, ուրեմն փոքր չափն է նախընտրելու, եթե սիրիահայ, կամ լիբանանահայ է, ուրեմն չափը մեծ է ուզելու։ Հայաստանցիները քիչ են ուտում, փոքր կտորներ են ընտրում, իսկ սիրիահայերի համար չափերը պետք է մեծ լինեն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
- Իսկ բիզնեսն իրեն արդարացնու՞մ է։ Հե՞շտ է այստեղ։
- Հեչ էլ հեշտ չէ։ Իբր փոքր բիզնեսը պետք է հարկերից ազատեին, բայց իրականում հիմա խեղդվել ենք հարկերի մեջ։ Չէի ասի, որ արդարացնում է։ Սիրիայում 30 տարի այս գործով եմ զբաղվել ու դրա շնորհիվ տուն, մեքենա եմ ձեռք բերել, ունեցվածք ստեղծել։ Այստեղ աշխատում եմ, աշխատում, բայց ոչինչ էլ չեմ հասցնում ու չեմ կարողանում ստեղծել, միայն առանց պարտքերի եմ ապրում, դա էլ լավ է։
-Իսկ մասնավոր առաջարկներ չե՞ն եղել։ Եթե, օրինակ, տեղափոխվեք ու որպես խոհարար աշխատեք ռեստորանում, գուցե ավելի՞ հեշտ լինի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
-Չէ։ Չեմ ուզում։ Շատ-շատ են առաջարկել, բայց իմաստ չունի։ Այսպես ես եմ «իմ գլխին» ու իմ սեփական «փոքրիկ ռեստորանն» եմ աշխատացնում։ Դա էլ բավ է։ Գուցե ինձ մոտ գները մի քիչ թանկ են: Oրինակ, ասենք, իմ պատրաստած լահմաջոն քաղաքի ամենահամեղ լահմաջոներից է, բայց շատ չեն գնում, որովհետեւ թանկ է, հատը 250 դրամ, բայց փոխարենը իմ մշտական հաճախորդները ունեմ, որոնք այս տեղը գիտեն, որոնց գրպանում այդ գումարը կա, ու գալիս են։ Իսկ ռեստորան ամեն մարդ չէ, որ կկարողանա գալ։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: