×

Միշա Սուքիասը Լուսանկարը՝ Միշա Սուքիասի արխիվից

Իտալահայ խոհարար Միշա Սուքիասը եւ իր ավանգարդ ուտեստները

Հայկական արմատներով շեֆ խոհարար Միշա Սուքիասը Իտալիայում հայտնի է իր ավանգարդ ոճի ուտեստներով: Միշան Միլանում Food Network Italia հեռուստաալիքով հեռարձակվող Comfort Food խոհանոցային ծրագրի շեֆ խոհարարներից է, 7 տարի դասավանդում է Food Genius Academy-ում, վերջերս էլ հրատարակել է իր առաջին բաղադրատոմսերի գիրքը՝ Sano come un pesce, godo come un riccio:


Լուսանկարը՝ Միշա Սուքիասի արխիվից

Հայտնի իտալացի խոհարարը ծնվել է Միլանում, աշխատել եւ ապրել է Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում: GastroVino-ն զրուցել է Միշա Սուքիասի հետ հայկական արմատների, իտալական ու հայկական խոհանոցների եւ յուրահատուկ ավանգարդ ոճի մասին: 

Բաստուրման, մանթին եւ հարմարվողականությունը

Հայրս հարավային Կալիֆոռնիայի գինու ամենամեծ կոլեկցիոներներից է եղել, նաեւ սննդի գիտակ է: Այն պահից, ինչ կարողացել եմ ծամել, նա ինձ բաստուրմա է տվել: 

Հայկական կերակուրներ շատ եմ կերել, որովհետեւ հայրս փաստացի իր համերը տանն էր ստանում, ինչն էլ ինձ՝ իմ իտալացի գործընկերներից ավելի մեծ հեռավորության վրա է դնում. իմ երակներում համեմունքներ կան, իսկ նրանցը՝ ոչ: 

Օրինակ, մենք մանթիի համար սումախ ենք օգտագործում, իսկ իտալացիներն ունեն սումախ, բայց նրանք դա թուփ են ընկալում ու որպես համեմունք չենք օգտագործում: Ինչն էլ որ հավաքում են, Միջին Արեւելքին են վաճառում: Իտալացիներն ունեն սումախ իրենց արմատներում, բայց սովոր չեն դա օգտագործել խոհանոցում: Ես կարծում եմ, որ հայկական մշակույթի մի մասը հիմնված է հարմարվողականության վրա, ինչը բխում է հայ ժողովրդի պատմությունից: 

Հայկական արմատների մասին

Իմ հայրը Երեւանում է ծնվել, երիտասարդ տարիքում պապիկիս հետ արտագաղթել են ու տարբեր երկրներում են ապրել: Իտալիայում հաստատվելուց հետո հայրս ամուսնացել է իտալացի կնոջ հետ: 

Հայաստանում երբեւէ չեմ եղել, քույրս է հաճախ աշխատանքի բերումով Հայաստան այցելում: Դեռ արձակուրդ չունեմ, պլանավորում եմ մի օր այցելել, որովհետեւ շարունակ միայն լավ բաներ եմ լսում Հայաստանի մասին: Իտալիայում քաջ հայտնի է, որ ես հայ եմ. իմ ազգանունն ամեն ինչ ասում է:


Միշա Սուքիասը Լուսանկարը՝ Միշա Սուքիասի արխիվից

5 լեզվով խոսում եմ, բայց հայերեն չգիտեմ: Ես դիսլեքսիկ եմ: Հայերեն կարող էի սովորել միայն դասերից հետո, սակայն առավոտյան դպրոցում արդեն խնդիրները շատ էին: Մյուս բոլոր լեզուները սովորել եմ հնչյունաբանորեն: Քանի որ տանը ոչ ոք չկար, որ պարբերաբար հայերեն կխոսեր ինձ հետ, այդպես էլ հայերեն չսովորեցի: 

Ապագայում սիրով կհամագործակցեի Հայաստանի հետ ու համագործակցության ոչ մի սահմանափակում չէի դնի: Համագործակցելը կարեւոր է. ես կարծում եմ, որ աշխարհում բոլորս պետք է միասին աշխատենք: 

Հայկական ուտելիքների երկար պահպանվող համը 

Ես սիրահարված եմ հայկական ուտեստներին: Ինձ դուր է գալիս հայկական՝ ավելի ճիշտ, տարածաշրջանի ուտելիքների թարմությունը եւ կծվությունը: Այն շատ խորն է, համը երկար է պահպանվում. սովորաբար երբ ինչ-որ բան ես ուտում, դրա համը մեկ րոպեից անցնում է, իսկ հայկական ուտեստների համը երկար է մնում: 


Միշա Սուքիասը Լուսանկարը՝ Միշա Սուքիասի արխիվից

Նաեւ փորձում եմ այլ երկրներում հայկական ուտեստները ներկայացնել: Երբ իտալացիների համար մանթի եմ պատրաստում, ուրախանում են: Պատրաստում եմ նաեւ մուսակա (թուրքերը վրան ձու են ավելացնում, իսկ հայերն ու հույները՝ մածուն), այն շատ կծու է ու թարմ: Նաեւ պելմենիներ եմ դրա հետ տապակում, արդյունքում ստացվում է ասիա-հայկական կերակուր՝ շատ էլեգանտ: 

Ոճ՝ առանց ազգության 

Իմ ոճն ավելի շատ ավանգարդ է: Իմ ուտեստները ազգություն չունեն, այն ամբողջի միքսն է: 

Իմ առջեւ հնարավորություններ են բացվել իմ հայրիկի աշխատանքի միջոցով՝ նրա ճամփորդության հանդեպ ծարավի ու շատ հետաքրքրասեր մարդ լինելու շնորհիվ: Շատ հեշտ էր ինձ համար միշտ առաջ շարժվել ու այս բնագավառում երբեք հետ չնայել: Ես ճամփորդել եմ աշխարհով մեկ, փորձել եմ բազմաթիվ համեր, մինչեւ որ նրանց բոլորն իրար եմ միացրել ու ստեղծել եմ իմ ծածկագիրը: Սկզբում միակ խնդիրն այն էր, որ այդ ծածկագիրը չէր հասկացվում շատերի կողմից. ինքս ինձ արդարացնում էի, որ եթե մարդիկ հասկանան, ուրեմն այն այլեւս ավանգարդ չէ (ծիծաղում է- GastroVino):


Լուսանկարը՝ Matteo Gastel

Մենք պետք է այնպիսի ավանգարդ արտադրանք մատուցենք, որ հասկանալի ու վստահելի լինի մեր հաճախորդի համար, այլապես այն անիմաստ կդառնա: Թե չէ պատկերացրեք, որ ես աշխարհում լինեմ միակ մարդը, որ խոսում է մեկ հատուկ լեզվով ու բողոքեմ, որ ինձ չեն հասկանում: Արդյունքում, աշխատեցի իմ ծածկագրի վրա, ավելի վստահելի դարձրի, քիչ ագրեսիվ, եւ այն աստիճանաբար դարձավ մի բան, որ մարդիկ ցանկացան հետեւել:


Լուսանկարը՝ Matteo Gastel

Դուրս բերելով հարմարավետության սահմանից

Ինչ էլ որ անեմ, ես շատ աշխարհիկ եմ. միայն իտալական բաղադրիչներ չեմ օգտագործում իմ ճաշատեսակներում: Ի դեպ, նաեւ միջատներ եմ օգտագործում իմ որոշ ուտեստների մեջ: Միջատաբանությունը խոհանոցի ապագան է, որովհետեւ շատ շուտով մենք ի վիճակի չենք լինելու միս կամ ձուկ ուտել. միակ բանը, որ կարողանալու ենք ուտել միջատներն են լինելու: Անկախ նրանից մեզ դուր է գալիս, թե ոչ, պետք է սկսել դա հաշվի առնել: 


Լուսանկարը՝ Matteo Gastel

Ես քայլող ավանգարդ եմ, սրանով եմ տարբերվում մյուսներից: Ես սիրում եմ շփոթեցնել մարդկանց. պատրաստում եմ նրանց համար հիմնական կերակուր, որը աղանդերի տեսք ունի, սիրում եմ երբ առաջին ուտեստը՝ ընթրիքի վերջում մատուցվող ճաշատեսակին է նման լինում: Ես սիրում եմ խաղալ մարդկանց հարմարավետության տիրույթի հետ: 

Ուտելիքն ուտելիք է եւ լավը բոլոր լեզուներով լավ է

Ուտելիքն ուտելիք է եւ լավը բոլոր լեզուներով էլ լավ է: Երբ սկսում ենք հարեւան երկրներով վիճել, թե այս սնունդն իմն է, մյուսը քոնը, աբսուրդի է վերածվում: Ես շատ եմ ճամփորդել, տեսել եմ հարստություն, չքավորություն, միշտ մի բան եմ հասկացել՝ մենք բոլորս էլ նույնն ենք, երբ բանը հասնում է իրական կյանքին: 


Միշա Սուքիասը Լուսանկարը՝ Միշա Սուքիասի արխիվից

Գլոբալիզացված աշխարհում նման անիմաստ պատնեշներ ենք կառուցում, մինչդեռ երկրների միջեւ պետք է կամուրջներ կառուցել՝ ավելի հեշտ ճամփորդելու եւ ավելի լավ հաղորդակցվելու համար: 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին