×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Պանրի տղեն»՝ Say Cheese-ի Սերգեյը

Հավանաբար տեսել եք Say Cheese-ի տնօրեն Սերգեյի՝ պանիրների մասին պատմող տեսանյութերից մեկը կամ էլ այցելել եք նրա խանութը, ու նա հյուրասիրել է ձեզ Նիդեռլանդների թագուհու սեղանին մատուցվող պանրից: Նույնիսկ եթե չեք ճանաչում նրան, նա արդեն ձեզ թիրախավորել է եւ պատրաստվում է վաղ թե ուշ իր հաճախորդը դարձնել:

Երեւանում պանրի առաջին մասնագիտացված խանութ-սրահ Say Cheese-ի տնօրեն Սերգեյ Սարգսյանը երեք տարվա ընթացքում 130 տեսահոլովակ է պատրաստել, որ Հայաստանում զարգացնի պանիրը գինու հետ համադրելու մշակույթը, ինչի արդյունքում էլ դարձել է սեփական բիզնեսի դեմքը:

***

Սերգեյը վայրկյանների ընթացքում է շահում երկու ռուս զբոսաշրջիկ կանանց սրտերը, հյուրասիրում տարբեր տեսակի պանիրներ, ոգեւորված պատմում դրանց պատմությունները, լեգենդները, հուշում ճիշտ համադրությունները. րոպեներ անց նրանք մեծ տոպրակներով դուրս են գալիս խանութից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հերթական հաջող վաճառքից ու ֆոտոնկարահանումից հետո Սերգեյը մի քանի րոպեով լքում է իր վաճառասեղանը, որ զրուցի մեզ հետ:

Ոչ թե «ցնդել», այլ մարքեթինգի լուրջ քայլերի է դիմել

Say Cheese-ի մեխը հենց սա է, մենք հաճախորդի հետ սկզբում ընկերանում ենք, հետո որոշում մի բան վաճառել, որովհետեւ գրեթե բոլորն անում են հակառակը՝ սկզբում վաճառում են, հետո փորձում ընկերանալ:

Մեր նպատակը պանիր վաճառելն է: Հաշվի առնելով, որ այս պանիրն ունի պահպանման ժամկետ ու, ցավոք սրտի, շատ թանկ է, առաջին օրվանից էլ հասկանում էինք, որ ժամանակ չունենք երկար-բարակ պատմելու, պետք է լինենք շատ ակտիվ ու վաճառենք ամենը:

Սերգեյ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբ բացում էինք խանութը, ընկերներս հետաքրքրվում էին, թե ինչքան են արժենալու պանիրները, ասում էի՝ միջինը 1 կգ մինչեւ 25-30 հազար դրամ: Ասում էին՝ «ցնդել» եմ, ուզում եմ այդ գնով Հայաստանում պանիր վաճառել, երբ ամենաթանկը 6000 դրամ է: Այդ պահից հասկանում էի, որ ամեն ինչ պետք է սոցցանցերի միջոցով արվի` յուրաքանչյուր օգտատերի դուռը ծեծելով, ֆորմատներ հորինելով, որ պանիրը նվեր է, պանիրը պանրային տախտակ է, պանիրը դեսերտ է, պանիրը կարելի է համադրել տարբեր խմիչքների հետ…

Լուսանկարը՝ Մեդիամաքս


2016-ին կնոջս հետ ենք հիմնել Say Cheese-ը: Հոլանդական, անգլիական, ֆրանսիական, շվեյցարական ու այլ երկրների ավելի քան 50 պանրի տեսակ է վաճառվում այստեղ:

Սրանից մեկ էլ թագուհին է ուտում

Մենք բացառում ենք գնել, առնել, ծախել բառերը: Մենք ասում ենք՝ վերցրա, տար, սա լավ բան է: Պատմում ենք, որ այս պանրի տեսակն ուտում է Հոլանդի թագուհին, կամ այծի պանիրը շատ լավ համադրվում է մեղրի հետ, հետագայում այս ամենը դուք եք պատմում ձեր ընկերական շրջապատում հենց ձեր անունից:

Սերգեյ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նիդեռլանդական թագավորական ընտանիքի պաշտոնական մատակարարն է այս պանիրն արտադրողը։ Երբ պատմում եմ սա, ուզում ես ուտել այն, ինչ թագուհին է ուտում: Փորձում ես, հավանում, քեզ մի պահ թագուհի ես զգում ու վերցնում ես այն, տանում, ուրիշներին ես հյուրասիրում: Հետո էլ ընկերներին ես առաջարկում գնալ Say Cheese, ասում ես՝ այնտեղ մի տղա կա, գնանք, ձեզ «կդզի»: Հայաստանում ամենալավ գովազդելու ձեւն է «Сарафанное радио»-ն:

Ինչպե՞ս երեք տարում դառնալ բիզնեսի դեմքը

Ինքնանպատակս է՝ խանութի ճանաչելիությունը հասցնել 100 %-ի: Այսինքն՝ հայտնի լինի այն մարդկանց շրջանում, որ Երեւանում հաճախում են տարբեր ժամանցային վայրեր, աշխատում են քաղաքի կենտրոնում: Ներկայում մեր ճանաչելիությունը 70-80 % է:



Ես մեր բիզնեսի դեմքն եմ, մարդիկ հանրային դեմքեր են վարձում, գովազդ են նկարում, մինչդեռ հաճախորդը հասկանում է, որ դա արհեստական է: Ես սկսեցի տեսահոլովակներ նկարել, որ դուք ճանաչեք այս պանիրը, որի արդյունքում ճանաչելի դարձա նաեւ ես: Ինձ եթե փողոցում տեսնեք, պետք է ասեք՝ սա այն «պանրի տղան» է, հիմա հենց այդպես էլ մարդիկ անում են:

Սուտի հանրային դեմք

Վերջին շրջանում գնում եմ փարթիների, ու բոլորն ինձ ճանաչում են, իրենց պարտքն են համարում մոտենալ, պատմել ինձ իմ տեսանյութերից այնքան մանրակրկիտ, ասես ես դա չեմ տեսել: Մարտի 8-ի վիդեոն էր վիրուսային, երբ երկար տեքստ եմ ասում ու վերջում ոսկով ձեռքիս մազերի մի փոքր հատված հեռացնում եմ. հաջորդ օրերին բոլորը դրանից էին խոսում:

Սերգեյ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Սուտի հանրային դեմք» եմ դարձել: Իհարկե, տեսանյութերի շնորհիվ հանրային դեմք դառնալու նպատակը երկրորդական էր, առաջնայինը պանիր վաճառելն է: Հայտնի լինելու պատճառով հիմա ինձ ավելի համեստ եմ պահում, նկատողություն չեմ անում այլ հանրային վայրերում, մինչդեռ ես շատ խիստ եմ սպասարկման վերաբերյալ: Անկախ սպասարկումից՝ թեյավճար ավելի շատ եմ թողնում, որ չասեն՝ էս «քծիբն» ո՞վ է:

Ոչ միայն տեսանյութերում, ամեն տեղ է այսպիսին

Վերջերս ընկերներիցս մեկն ուզում էր անպայման այցելել իմ տուն, որ համոզվեր՝ արդյոք ես այսպիսին եմ նաեւ տա՞նը: Ձեզ ի՞նչ է թվում՝ ես տանը պետք է ա՞յլ կերպ խոսեմ, ա՞յլ բառեր օգտագործեմ:

Տեսանյութերը չեն մոնտաժվում. տեխնիկական հնարավորություններ չունենք: Նախընտրում ենք մեկ կամ երկու փորձից նկարել: Ոչինչ չենք պլանավորում, սցենար չենք գրում, պարբերականությունը կախված է միայն տրամադրությունից՝ մուսան երբ գա: Վիդեոների մեսիջը հաճախ մարդիկ տարբեր կերպ են ընկալում: Օրինակ՝ վերջին տեսանյութերից մեկը կանեփի մասին էր, խրախուսվում էր դրա ոչ թե ծխելը, այլ ուտելը, արդյունքում ամեն մեկը հասկացավ այնպես, ինչպես իրեն էր հարմար:

Կարո՞ղ ա գիտես սաղ կյանքս պանրի գործ եմ արել

Կրթությամբ աստվածաբան եմ, մինչեւ սա 15 տարի զբաղվում էի մաքսային ձեւակերպումներով: 39 տարեկան եմ:

Սերգեյ Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հասկացա, որ երկրում զարգանում է գինու մշակույթը, ու չկա գինու հետ ամենաճիշտ համադրվող մթերքը՝ պանիրը: Դեռ ոչ բոլոր հանրային սննդի կետերն են հասկանում, որ պանիրն առաջնային է գինու հետ, առնում են ավելի մատչելի պանիրներ: Բայց երեք տարվա ընթացքում գոնե բացառել ենք այն տարբերակը, որ Լոռի կամ Չանախ պանիր մատուցեն գինու հետ:

Սկզբում ինքս էի առաջարկում ռեստորանների ղեկավարներին համագործակցել, չէին համաձայնում, որովհետեւ մարդիկ պարզապես չէին տեսել թանկ պանիր ու կարծում էին՝ դրանք անիմաստ թանկ են:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իսկ հիմա շատ սեփականատերեր ինձ ասում են, թե ես էս ինչ եմ արել, որ հաճախորդներն են պահանջում Say Cheese-ի պանիրներից ու ստիպված գնում են:

Սերգեյին «դզում» է, իսկ ձե՞զ

Առաջ հաճախորդներին հարցնում էի, թե Say Cheese-ի մասին որտեղի՞ց են իմացել, դա համարում էի իմ մեղավորությունը. երբ մարդիկ չգիտեին, նշանակում էր՝ ես էի վատ աշխատել, բայց հիմա, որ չեն ճանաչում մեզ, զարմանում եմ: Վիդեոներ ունենք, որ 150 հազար դիտում ունեն:

Միշտ վախենում էի, որ հավեսս մի օր կփախնի, ակտիվ չեմ լինի ու բիզնեսի զարգացումը կկանգնի, բայց երրորդ տարին է՝ հավեսս դեռ չի կորել, շարունակում եմ տեսանյութեր պատրաստել ու պանիր վաճառել. այս ամենն ինձ «դզում» է:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին