×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մեցցո»-ից «Պավլէ»․ Հին հասցե՝ նոր ռեստորան

Շուրջ 15 տարի Իսահակյան 28 հասցեն համարվում էր կենդանի երաժշտության երեկոների լավագույն վայրերից մեկը։ Այստեղ գործում էր «Մեցցո ակումբը»։ Ավելի քան մեկ տարվա դադարից հետո այս հասցեն իր պատմությունը շարունակում է նոր ռեստորանով, հայկական ավանդական համերով ու ժամանակակից ոգով։ «Մեցցո»-ի հիմնադիրները սեպտեմբերի 23-ին երեւանցիներին պաշտոնապես ներկայացրել են իրենց նոր գաստրոնոմիկ նախագիծը՝ «Պավլէ» հայկական ավանդական խոհանոցով ռեստորանը։ 

Կամո Մովսեսյանը Լուսանկարը՝ անձնական արխիվ


Հիմնադիր Կամո Մովսեսյանը երեկոյի ընթացքում ասել է, որ «Մեցցո»-ից «Պավլէ» անցումը հեշտ չէ, բայց ակումբի հետ հրաժեշտն էլ, գուցե, ժամանակավոր է, քանի որ նպատակ ունեն հետագայում վերաբացել նոր հասցեում եւ այլ ձեւաչափով։ «Պավլէի» նորամուտին հիմնադիրները խոստացել են, որ այստեղ երեկոները ոչ պակաս բովանդակային կլինեն, քան «Մեցցոյում» էին։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ ռեստորանի պաշտոնական բացումը «Պավլէ» ռեստորանի տնօրեն Տիգրան Սողոմոնյանը GastroVino-ին պատմել է ռեստորանի գաղափարի ու ճաշացանկի մասին։ 

Նոր ուղղություն հին հասցեում

«Մեցցո»-ի գոյության տասնհինգ տարին մեզ համար երկար ու նշանակալի շրջան էր։ Սակայն հիմնադիր Կամո Մովսեսյանի հետ որոշեցինք փոփոխություններ անել եւ նոր ուղղությամբ գնալ՝ գաղափարին ավելի հայկական շունչ հաղորդելով։ Եթե «Մեցցոն» իր ձեւաչափով շատ գաղափարների մեջ առաջինն էր, ապա «Պավլէն» առաջինը չէ, որովհետեւ մեր քաղաքում արդեն եղել են եւ կան հայկական ավանդական խոհանոցով ռեստորաններ։ 

Տիգրան Սողոմոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանի անվան համար դիմել էինք մի կազմակերպության ու խնդրել տարբերակ առաջարկել, բայց երբ հանդիպման գնացինք, Կամոն տարբերակ առաջարկեց։ Ասաց՝ իմ մտքում արդեն մի անուն կա՝ «Պավլէ»։ Պավլէն «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսներից մեկն է, ում մարմնավորել է Խորեն Աբրահամյանը։ Ֆիլմում բազմաթիվ կերպարներ կան, սակայն հայ տղամարդու կերպարը հենց նրա մեջ տեսանք։ Նա աշխատասեր, սովորող, խելացի, համեստ ու ուժեղ հայ մարդու մարմնացումն է։ Այս հանդիպումից մոտ քսան օր անց կազմակերպությունից ասացին, որ ավելի հետաքրքիր անուն չեն գտել։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դիզայնի հետ կապված աշխատանքներն արել է Գագա Ամատունին, այստեղ ամեն բան հաշվարկված է նրբորեն՝ աթոռների, սեղանների հարմարավետությունից մինչեւ լուսավորություն։ 

Ավանդականը՝ ինչպես որ կա 

Այսօր շատ ռեստորաններ փորձում են ավանդական ուտեստները ձեւափոխել, բայց դրանք առանց այդ էլ լավն են։ 

Հաշվի առնելով ավանդական խոհանոցի համերը՝ մեր խոհարարները ստեղծել են հեղինակային ուտեստներ։ Դրանցից են մանրածովախեցգետնից պատրաստված քաբաբն ու քյուֆթան, որոնք արդեն մեր ամենապահանջված ուտեստներից են դարձել։

Տիգրան Սողոմոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանի տեխնիկական բացումն արել ենք 2025թ. սեպտեմբերի սկզբին եւ այս կարճ ժամանակահատվածում մեր գրեթե բոլոր հյուրերն ասել են, որ մեր ուտեստները տարբերվում են իրենց համով։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խորովածների բաժնում նորամուծություննեև ունենք, բայց ոչ թե դասական ուտեստներն ենք փոխել, այլ ստեղծել ենք նորերը։ Օրինակ՝ շերտավոր խորոված՝ պատրաստված անգուս ցեղատեսակի տավարի մսից։ Այն, ինչ դասական է, պահել ենք հենց դասական տարբերակով, միայն մատուցումն ու ձեւավորումը համադրել ենք մեր ոճի հետ։ Մենյուի շուրջ 95 տոկոսը կազմված է հենց այն ավանդական ուտեստներից, որոնք հայկական խոհանոցում իրենց արժանի տեղն ունեն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իհարկե, մենյուն ժամանակի ընթացքում կարող է փոխվել։ 

Ընտանեկան ու ընկերական միջավայր

Այս կարճ ժամանակում արդեն հասցրել ենք ընդունել բազմաթիվ հյուրեր, անգամ կազմակերպել կորպորատիվ միջոցառում մոտ 150 հյուրի համար։ Ռեստորանը երկու հարկ ունի՝ մոտ 240 հյուր ընդունելու հնարավորությամբ։ Առկա է նաեւ 4 առանձնասրահ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Պավլէն» ընտանեկան, ընկերական ռեստորան է, բայց գրավիչ է նաեւ զբոսաշրջիկների համար։ «Մեցցոյի» պարագայում մարդիկ, խմբերով որեւէ վայրում ճաշելուց հետո, գալիս էին մեզ մոտ երաժշտություն եւ դեսերտներ վայելելու։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղ երեկոները եւս երաժշտական են՝ ամեն երեկո հնչում է կենդանի երաժշտություն։ Ֆորմատը մի քիչ փոխել ենք՝ հայկական, երեւանյան երգեր են հնչում, այդ թվում՝ «մոռացված»։ Խնդիր ենք դրել հնարավորինս շատ նման երգեր «վերակենդանացնել»։ «Պավլէն»-ը այն վայրն է, որտեղ կարելի է համեղ ուտեստներ, հաճելի միջավայր եւ հայկական, երեւանյան երաժշտություն վայելել։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին