Հայաստանի միրգն ու բանջարեղենը կարող են այնպիսի արտադրանքի հիմք դառնալ, որը կմրցի աշխարհի լավագույն բրենդների հետ։ Այս համոզմունքն ու գյուղմթերքի վերամշակման ոլորտում տարիների փորձն օգնել են Արտյոմ Թադեւոսյանին հիմնել Gourmet Lab բրենդը եւ արտադրել պրեմիում դասի չրեր ու պահածոներ:
«Gourmet Lab-ը պատմում է հայկական որակի մասին՝ միջազգային մակարդակով»,- GastroVino-ի հետ զրույցում ասում է բրենդի հիմնադիրը, ով առաջնահերթ է համարում գործին սրտացավ մոտենալը:
Լուսանկարը՝ Gourmet Lab
«Ես այս գործում ե՛ւ բեռնակիր եմ, ե՛ւ առաքիչ, ե՛ւ տեխնոլոգ, ե՛ւ արտահանմամբ եմ զբաղվում: Ինձ օգնում է գործի հանդեպ սրտացավությունն ու ոլորտում փորձ ունենալը: Այս պահին նպատակս ոչ թե գումար աշխատելն է, այլ իսկապես այնպիսի արտադրանք ստանալը, որով կարող ենք հպարտանալ: Մի բան էլ կա, որ պետք է անպայման հաշվի առնել՝ մեր արտադրանքով Հայաստանը ճանաչելի դարձնելը: Երբ սկսում ես բարձր որակի ապրանք արտահանել, դրա միջոցով կարծիք է ձեւավորվում քո երկրի մասին: Երբ տարբեր երկրներում մարդիկ սկսեն մեր պրոդուկտները փորձել եւ ճանաչել, կսկսեն հետաքրքրվել նաեւ մեր երկրով: Դա շատ կարեւոր է»,- ասում է Արտյոմ Թադեւոսյանը:
Լուսանկարը՝ Gourmet Lab
Արտյոմ Թադեւոսյանը Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 10 տարի առաջ:
«Այնտեղ զբաղվում էի գյուղմթերքի վերամշակմամբ: Բավականին մեծ փորձ էի կուտակել եւ երբ վերադարձա, հասկացա, որ տեղական միրգն ու բանջարեղենն իսկապես եզակի համային եւ որակային առավելություն ունեն: Սկսեցի մտածել՝ ի՞նչ կարելի է անել՝ դրանցից ստացած պրոդուկտները միջին եւ միջինից բարձր սեգմենտում ներկայացնելու համար: Շուկա մտնելը սկսեցինք չրերով, հետո հասկացանք, որ միայն դրանք քիչ են մասշտաբային մեծ արտադրություն ունենալու համար եւ որոշեցինք ավելացնել նաեւ պրեմիում դասի պահածոներ, սառեցված խորոված բանջարեղեն: Այսպես էլ ծնվեց Gourmet Lab բրենդը», - պատմում է նա:
Արտադրատեսակներն ավելացնելուն զուգահեռ Արտյոմ Թադեւոսյանը որոշեց մեծ արտադրամաս կառուցել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում:
«Արտադրամասի կառուցումը սկսեցինք 2020 թվականին, երբ սկսեց համավարակը, հետո՝ պատերազմը: Թվում էր՝ «աշխարհի վերջն է», բայց իրականում, ինչքան դժվար իրավիճակ է առաջանում, այդքան ավելի խորն ես գիտակցում, թե ինչքան կարեւոր է անձնական մասնակցություն ունենալ երկիրը վերականգնելու եւ զարգացնելու գործում: Մեր թիմի համար սկզբունքային էր արտադրամասի կառուցումը: Ողջ թիմի եւ գործընկերների շնորհիվ՝ շինարարներից մինչեւ տեխնոլոգներ, կարողացանք 4-5 ամսում կառուցել այն եւ ավելի մեծ ծավալների արտադրություն սկսել»,- պատմում է Gourmet Lab-ի հիմնադիրը:
Արտյոմ Թադեւոսյանը | Լուսանկարը՝ Gourmet Lab
Այս պահին գործարանը շուրջ 40 աշխատող ունի, իսկ սեզոնին այդ թիվը հասնում է 80-ի:
«Gourmet Lab-ը միրգ, բանջարեղեն աճեցնելու հետ ոչ մի կապ չունի: Դա մեր սկզբունքային մոտեցումն է, մենք ոչինչ չենք աճեցնում, մթերում ենք գյուղացուց: Հայաստանում ինչ միրգ աճում է, փորձում ենք բոլորից էլ լավ չիր ստանալ՝ տանձ, խնձոր, արքայանարինջ, դեղձ, ծիրան, սեւ եւ կարմիր սալոր: Պահածոների արտադրանքն էլ միանգամից մի քանի տեսակով սկսեցինք՝ «դասական» խավիար, աջիկա, խորոված սմբուկ, խորոված պղպեղ ձեթի մեջ, հետո ավելացրինք պեստո սոուսը, լոլիկի չիրը ձեթի մեջ, ամառային «մանղալ սալաթը»: Վերջերս ավելացրել ենք նաեւ լեչոն եւ այվարը: Այվարը Հայաստանում այդքան էլ տարածված չէ: Դրան պահածո ասելն այդքան էլ ճիշտ չէ, այն ավելի շատ նախուտեստ է:
Շարունակում ենք նոր պրոդուկտներ մշակել՝ տեսականին ընդլայնելու համար»,- պատմում է Արտյոմ Թադեւոսյանը:
Լուսանկարը՝ Gourmet Lab
Ինչ վերաբերում է արտադրանքը պրեմիում շարքի դասելուն՝ Gourmet Lab-ի հիմնադիրն ասում է, որ դրա համար կարեւոր են պրոդուկտի ե՛ւ համը, ե՛ւ արտաքին տեսքը՝ բրենդինգը:
«Կարեւոր է, որ մարդիկ պրոդուկտը միանգամից ֆիքսեն եւ հիշեն, նաեւ համային բնութագրիչներն այնքան լավը լինեն, որ նախընտրեն հաջորդ անգամ էլ գնել: Այսինքն՝ կարեւոր է, որ պարունակությունը, տարայի մեջ եղածը համապատասխանի իր բրենդինգին: Ամեն օր այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանք ենք տանում, քանի որ մեր նպատակն է մրցակցել աշխարհի լավագույն բրենդերի հետ: Այստեղ շատ կարեւոր է, որ արտադրողն ունենա իր ստանդարտիզացիան, թե պրոդուկտն ինչ սորտից է պատրաստվում, ինչպես է պատրաստվում, ինչ եղանակային պայմանների դեպքում եւ այլն: Եթե պահածոների ոլորտում մենք ունենք Խորհրդային Միությունից եկած մշակույթ, չրերի համար չունենք: Դրա համար մշակել ենք մեր տեխնոլոգիան եւ առանձնահատկությունն ու փորձում ենք միջազգային չափանիշներին համապատասխանեցնել մեր չրերը: Պահածոների պարագայում մեր արտադրանքն ավելի կատարելագործեցինք՝ գործընկեր ռեստորաններից, շեֆ խոհարարներից պատվերներ ստանալով: Շատ ակտիվ օգտագործեցինք նաեւ միջազգային մասնագետների փորձը: Դա մեզ օգնեց շտկել պահածոների համային բաղադրիչները, մշակել մեր ձեռագիրը, հասնել ինչ-որ մակարդակի եւ ներկայանալ շուկայում», - բացատրում է Արտյոմը:
Լուսանկարը՝ Gourmet Lab
«Gourmet Lab-ի ամբողջ տեսականին հասանելի են Հայաստանի խոշոր սուպերմարկետային ցանցերում: Դրանք ոչ մեծ քանակությամբ վաճառվում են նաեւ Ռուսաստանի, Իտալիայի եւ Գերմանիայի որոշ քաղաքներում: Ընկերության պրոդուկտներից օգտվում են նաեւ մի քանի ռեստորաններ:
«Հիմա մեր ամբողջ ներուժը պիտի օգտագործենք արտահանումն ուժեղացնելու, հայկական պրոդուկտը դրսում ճանաչելի դարձնելու, տարբեր երկրների շուկաներ թիրախավորելու համար: Gourmet Lab-ն այս պահին բաց է համագործակցության համար եւ, հատկապես, արտահանման համար փնտրում է գործընկերներ», - ասում է Արտյոմ Թադեւոսյանը:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: