×

Լուսանկարը՝ MICHELIN Guide

Taline․ Երեք եղբայրների հարգանքի տուրքը մայրիկին

MICHELIN Guide-ի պատմել է Տորոնտոյի Taline (Թալին) հայկական ռեստորանի մասին։

Տորոնտոյի սրտում գտնվող ռեստորանի հիմնադիրները երեք եղբայրներն են՝ Սեբու, Սարո եւ Սերուժ Յակուբյանները: Ռեստորանը կրում է նրանց մայրիկի՝ Թալինի անունը: Ռեստորանն առաջարկում է հայկական ավանդական ուտեստներ ժամանակակից մատուցմամբ։

Լուսանկարը՝ MICHELIN Guide


Յակուբյան եղբայրներն իրենց հանգուցյալ մայրիկի պատվին նրբագեղ ձեւով  վերաիմաստավորել են ընտանեկան բաղադրատոմսերը՝ ինտեգրերով դրանք Տորոնտոյի խոհարարական բազմազան եւ աշխույժ լանդշաֆտի մեջ:

Taline-ի գաղափարը եւ նպատակը

Սեբու Յակուբյան․ «Taline-ը մեր հանգուցյալ մայրիկի անունն է։ Երբ սննդի մասին եմ մտածում, միշտ մորս եմ հիշում՝ նրա շնորհիվ մեր սեղանները մշտապես լի էին։

Մենք հայկական ռեստորան ենք՝ լիբանանյան ազդեցությամբ։ Հայերն ու լիբանանցիները հայտնի են քյաբաբներով եւ շաուրմայով։ Թեեւ ինքս էլ սիրում եմ քյաբաբ ու շաուրմա, բայց որոշեցինք փոխել մարդկանց պատկերացումները մեր խոհանոցի մասին»։

Լուսանկարը՝ MICHELIN Guide


Սանդուղքների պատին ընտանեկան արխիվն է, որը ոգեշնչում է խոհարարին։ Մայրիկը միշտ իրենց հետ է, թեպետ ֆիզիկապես ներկա չէ: Նոր բան պատրաստելիս Սեբուն միշտ ինքն իրեն հարցնում է՝ «մաման սա կհավանե՞ր»։

Սեբու Յակուբյան․ «Հատկապես հպարտ եմ banru կոչվող մածուկով։ Դրանում երեք տեսակ պանիր կա՝ ֆետա, հալումի եւ շանկլիշ։ Այն ծագում է Լիբանանի Անջար քաղաքից՝ ամբողջությամբ հայկական բնակչությամբ»։

Լուսանկարը՝ MICHELIN Guide


Taline-ի այցելուների սիրելի ուտեստներից են մանթին ու գառան մսով ճաշատեսակները։ Ավանդական հայկական խոհանոցը ներկայանում է տարատեսակ խորովածներով։

Լուսանկարը՝ MICHELIN Guide


Յակուբյանները օգտագործում են տեղական մթերքներ։ Իրենք են աճեցնում մաղադանոս, համեմ, ուրց, ռոզմարին։

Երեք եղբայր՝ մեկ բիզնեսի ետեւում

Ճաշացանկի ստեղծագործական փայլը պատկանում է ավագ եղբորը՝ նա ոչ միայն հետեւում է համերին, այլեւ նախագծի տեսլականի կրողն է։ Նրա կողքին կանգնած է Սերուժը՝ տնտեսագիտության մագիստրոս, որին եղբայրները կատակով «թվերի մարդ» են անվանում։ Սարոն էլ պատասխանատու է այցելուների լավ տրամադրության համար։ Նա գլխավոր կառավարիչն է եւ խմիչքների գծով տնօրենը։

Լուսանկարը՝ MICHELIN Guide


Եղբայրները նրան լիարժեք ազատություն են տվել՝ կազմելու գինիների եւ կոկտեյլների ցանկը։

«Սարոն է մեր հյուրերի հետ շփվում։ Եթե մարդը բարձր տրամադրությամբ է հեռանում ռեստորանից, ամենայն հավանականությամբ, դա Սարոյի շնորհիվ է», - ասում է Սեբու Յակուբյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին