×

Katsin-ի բերած նոր համերը, «հատուկ» մենյուներն ու այցեքարտային շոուն

Երեկոյան ժամերին Katsin ռեստորանի կողքով անցնող մարդկանց ուշադրությունը գրավում է վիտրաժային պատուհաններից երեւացող աշխուժությունը: Երեկոներն այստեղ անցնում են հատուկ շոու ծրագրերով, որին անմիջական մասնակցություն են ունենում ռեստորանի աշխատակիցները:

Առաջին շոուն, որին ականատես են եղել այցելուները, եղել է ինքնաբուխ՝ ռեստորանի բացվելուց շուրջ կես տարի անց: Մի երեկո՝ ամենաակտիվ ժամին, հոսանքն անջատվել է եւ ռեստորանի աշխատակիցները կանգնել են փաստի առաջ:

Անելանելի վիճակից դուրս գալու համար մատուցողներից մեկը կանգնել է բարձր տեղում եւ սկսել երգել «Stand by me» երգը: Զարմացել են բոլորը, բացի՝ նրան ճանաչողներից: Այդ մատուցողն այժմ ռեստորանի գլխավոր մենեջերն է եւ «այս պահին» GastroVino-ի զրուցակիցը:

Հայկ Շահվերդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Katsin ռեստորանի գլխավոր մենեջեր Հայկ Շահվերդյանը պատմել է քաղաքի կենտրոնում իր ձեւաչափով առանձնացող ռեստորանի, սեզոնային առաջարկների եւ մեր քիմքին ծանոթ ու անծանոթ ուտեստների մասին:

Քաղաքի կենտրոնում իր չափերով եզակի ռեստորանը

Katsin-ը բացվել է 2020 թվականի սեպտեմբերին՝ մեր երկրի համար վատ եւ բարդ ժամանակաշրջանում՝ կորոնավիրուսի համաճարակ, հետո՝ պատերազմ, բայց քիչ-քիչ կարողացանք գտնել մեզ եւ հստակ քայլերով առաջ շարժվել:

Katsin-ը դայնինգ բար ոճով ռեստորան է, որտեղ շեշտադրումը դրված է ե՛ւ ծառայությունների որակի, ե՛ւ բարձր խոհանոցի, ե՛ւ ժամանցի վրա, որը բացումից կարճ ժամանակ անց մեր ռեստորանի յուրահատկությունը դարձավ: Ռեստորանը բացման օրվանից հավաքել է բարձր որակավորում ունեցող անձնակազմ՝ հյուրընկալից մինչև մաքրուհի, որոնք հյուրերի հետ ճիշտ եւ ռեստորանի ոճին համապատասխան կշփվեն:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Katsin-ը եզակի է նաեւ քաղաքի կենտրոնում իր ունեցած չափերի առումով: Քաղաքի սրտում քիչ ռեստորաններ կան, որ կարող են միանգամից 200-220 հյուր ընդունել: Այս պայմաններում մեր որակին ու ոճին համապատասխան սպասարկելը մեծ, պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջում, ինչին կարողացել ենք հասնել:

Մեր քիմքին ծանոթ ու անծանոթ ուտեստները

Սկզբում Katsin-ը թելադրողի կարգավիճակում էր, քանի որ հյուրերին սովորեցնում էր համտեսել ուտեստներ, որոնք հայկական քիմքին այդքան էլ ծանոթ չէին՝ սեվիչեներ, թարթարներ, սաշիմիներ, քաղցրաթթու սուոսներ, տավարի եւ ձկան մսի հում տեսականի: Սկզբում դժվար էր, մարդիկ գալիս էին «Կացին» անունով ռեստորան ու մտածում էին, որ այստեղ պետք է հայկական ավանդական ուտեստներ լինեն, բայց հանդիպում էին այս յուրահատկությանը: Հետո սովորեցին, սիրեցին եւ պահանջարկը մեծացավ: Այս առումով մենք էլ մեր ներդրումն ունեցանք Հայաստանում նոր համերի նկատմամբ վերաբերմունք ու մտածելակերպ զարգացնելու հարցում:

Լուսանկարը՝ Katsin


Մարդիկ մեզ մոտ միշտ կարող են նորություն փորձել, քանի որ սեզոնից կախված՝ մենյուում փոփոխություններ ենք անում՝ բանջարեղեն, մսամթերք, ծովամթերք: Ունենք բանջարեղենի այնպիսի տեսակներ, որոնք Հայաստանում գրեթե չեն աճեցնում կամ շատ դժվար է հայթայթելը, օրինակ՝ քեյլ տեսակի կանաչին, որով աղցան ենք պատրաստում:

Ընթացքում նաեւ ունենում ենք «հատուկ» մենյուներ, որոնցով փորձարկումներ ենք անում՝ հասկանալու հյուրերի կարծիքը: Երբեմն, մենյուից դուրս, մեր հյուրերին առաջարկում ենք ուտեստներ՝ նրանց կարծիքը հասկանալու համար: Այցելուներ ունենք, որոնք սովորել են այդ առաջարկներին եւ հաճախ հարցնում են՝ իսկ այսօր մենյուից դուրս ինչ-որ ուտեստ ունե՞ք: Katsin-ը շատ ճկուն է նաեւ նախնական պատվերների առումով: Հյուրերը կարող են նախապես իրենց ցանկությամբ ուտեստներ պատվիրել նաեւ մենյուից դուրս:

Լուսանկարը՝ Katsin


Ժամանակի ընթացքում հյուրերը նաեւ «կախվածություն» են ձեռք բերում մեր ուտեստներից: Փոքրիկ նախուտեստներ ունենք, որոնք մենյուից հանել էինք, բայց մեր հյուրերի պահանջով վերադարձրեցինք:

Նորությունների կողքին մեր ռեստորանը առաջարկում է նաեւ հայկական ավանդական ուտեստներ՝ հաշվի առնելով, որ մեր երկիր հաճախ են զբոսաշրջիկներ գալիս, որոնք ուզում են նաեւ հայկականը փորձել: Հայկականի դեպքում եւս փորձել ենք առանձնահատուկ մատուցում ունենալ, օրինակ՝ շատերին սովոր միս եւ կարտոֆիլը մատուցում ենք պղպեղի մուսով կամ սերուցքի մեջ պատրաստված պանրով:

Նաեւ՝ մեկ բաժակ սուրճ վայելելու համար

Չնայած դայնինգ ոճի ռեստորան լինելուն՝ Katsin-ը պետք չէ ընկալել որպես միայն երեկոյան այցելելու վայր: Մենյուն եւ գնային քաղաքականությունն այնպես է մշակված, որ կարելի է գալ լանչի կամ պարզապես սրճել: 5-6 հոգու համար նախատեսված դեսերտի սեթ ունենք, որը ներառում է մեր պատրաստած ժելատոները, մակարոնները եւ այլ թխվածքներ:

Լուսանկարը՝ Katsin


Katsin-ը նաեւ հարուստ բարային մենյու ունի, որը նույնքան ճկուն է, որքան՝ խոհանոցը: Ունենք ստանդարտ եւ հեղինակային կոկտեյլներ, նաեւ լսում ենք հյուրերի ցանկությունները, առաջարկները՝ թե ինչ համ են ուզում, ինչ ալկոհոլով, ինչ թնդության եւ տեղում ստեղծում ենք նրանց պատկերացրածը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինու մեծ մառանի հատված ունենք, որը մեր սոմելիեն ներկայացնում է հյուրերին եւ նրանց ցանկության դեպքում օգնում ընտրություն կատարել:

Շոու ծրագիրն ու հյուրերի հետ անմիջական շփումը

Katsin-ի այցեքարտերից մեկը շոու ծրագիրն է, որը սկզբում ինքնաբուխ նախաձեռնության պես մի բան էր: Առաջին անգամ հյուրերի համար իմ երգելուց հետո, ռեստորանի սպասարկող անձնակազմի որոշ անդամներ իրավիճակից, տրամադրությունից կախված՝ երգում կամ պարում էին հյուրերի համար:

Լուսանկարը՝ Katsin


Դայնինգ ոճի ռեստորանի առանձնահատկությունը մեզ չի խանգարում պահպանել հյուրերի հետ ընկերական եւ անմիջական շփվելու մոտեցումը: Մեր նոր ձեւաչափն այնքան սիրվեց, որ հետագայում կարիք առաջացավ շոուի մասով ավելի լուրջ զբաղվել: Պահելով մեր անձնակազմի կողմից ներկայացվողը, ներգրավեցինք նաեւ պրոֆեսիոնալների, արդեն հստակ ժամերին ներկայացվող շոու ծրագրով:

Հայկ Շահվերդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հիմա ռեստորանն ամեն օր ունի իր շոու ծրագիր, որը մշտապես թարմացվում է: Այն սկսվում է ժամը 20:00-ից: Պահելով ավանդույթը՝ ռեստորանի գլխավոր մենեջերը եւս շաբաթվա մեջ մեկ-երկու օր երգում է (ծիծաղում է-խմբ.):

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին