The Ponchik կրպակ սրճարանի պոնչիկների հաջողության գաղտնիքը տարիների ընթացքում չփոփոխվող բաղադրիչներն են: Պոնչիկի խմորի հեղինակն ու սրճարանի հիմնադիրը Արփինե Դոդոյանն է: Ասում է՝ հեղինակային խմորը ստանալու համար վերհիշել է շատ տարիներ առաջ վրացի մի տատիկի հետ ունեցած զրույցը, որը ժամանակին Թիֆլիսի պոնչիկանոցում է աշխատել:
Արփինեն GastroVino-ի հետ զրույցում պատմել է առաջին պոնչիկների, փորձարկումների եւ սխալների, սրճարան բացելու եւ Yandex Go-ի Սնունդ ծառայության հետ համագործակցության շնորհիվ էլ ավելի ճանաչելի դառնալու մասին:
Առաջին 150 պոնչիկը՝ փոքրիկ կաթսայում
The Ponchik-ը շուտով 5 տարեկան կդառնա: Գաղափարը ծնվել էր COVID-19-ի ժամանակ, երբ ամեն ինչ փակ էր, բոլորը տնից էին աշխատում: Ուսուցչուհի եմ ու ես էլ էի տնից աշխատում: Լավ հիշում եմ, հունիսի 30-ն էր, դասերը, քննությունները ավարտեցինք, մի օր որոշեցի պոնչիկ պատրաստել: Իհարկե, այդ պոնչիկներն այն տեսքը չունեին, ինչ հիմա, բայց շատ համեղ էին ստացվել:
Երեխաներս ասեցին՝ թխածդ պոնչիկների համար ֆեյսբուքում էջ բացիր եւ սկսիր պատվերներ ընդունել: Էջը բացեցի՝ ֆեյսբուքյան որեւէ գործիքակազմի չտիրապետելով, բայց առանց որեւէ գովազդի այն հայտնվեց թիրախային լսարանի մոտ:
Արփինե Դոդոյանը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Հենց առաջին օրը պատվեր ստացա: Փոքրիկ կաթսայի մեջ այդ օրը պատրաստեցի 150-ից ավելի պոնչիկ: Հետո պատվերները սկսեցին ավելանալ: Ես պատրաստում էի, ամուսինս՝ առաքում: Հուլիս, օգոստոս ամիսներին սկսեցի տնից աշխատել, իսկ երբ դպրոցները բացվեցին եւ դասերն այլեւս հեռավար չէին, որոշեցինք տարածք վարձակալել եւ պոնչիկներն այնտեղ պատրաստել:
2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան էջում հրապարակում արեցի մեր վաճառքի կետի բացման մասին ու գնացի դպրոց՝ տեղյակ չլինելով, որ պատերազմ է սկսվել: Եվ առաջին նամակը ստացա հաճախորդներից «ամոթ ունեցեք, տեսեք՝ ինչ է կատարվում»: Բնականաբար, դադարեցրեցինք բոլոր գովազդները, բայց տարածքը վերցրել էինք եւ պետք է աշխատեինք: Մեր առաջին աշխատակցուհին արցախցի կին էր, ում ամուսինը եւ տղան այդ պահին Արցախում էին եւ մասնակցում էին պատերազմին: Միասին աշխատում էինք, եւ միասին կիսում այդ օրերի ցավն ու անհանգստությունը: Գրեթե մեկ տարի անց տեղափոխվեցինք Աբովյան 26 հասցե:
Հիշողությունից ստեղծված բաղադրատոմսը
Պոնչիկի խմորը միշտ ես եմ պատրաստում, առավոտյան 6-ին գնում եմ սրճարան, պատրաստում, թողնում աշխատողներին, որ սկսեն թխել ու գնում եմ դպրոց: Ես հրուշակագործ չեմ, մանկավարժ եմ, բայց փորձով, սխալվելով, փչացնելով կարողացել եմ ստանալ այն խմորը, որն ուզում էի:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Իմ պոնչիկների հիմքում Թիֆլիսի պոնչիկանոցներում աշխատած մի տատիկի հետ շատ վաղուց ունեցածս զրույցն է: Իհարկե, նա մոտավոր էր հիշում իր թխած պոնչիկների խմորը, բայց այն ինչ մնացել էր հիշողությանս մեջ նրա պատմածից՝ դրա հիման վրա մշակեցի իմ բաղադրատոմսը: Կարծում եմ՝ մեր պոնչիկի հաջողությունը ոչ միայն բաղադրատոմսն է, այլ բաղադրիչներն առաջին օրվանից մինչ այսօր անփոփոխ պահելը:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Խմորը մշակելու ժամանակ էլ բաղադրիչները չեմ փոխել, փոփոխել եմ չափաբաժինը, թխելու ջերմաստիճանը, բայց ոչ բաղադրիչները: Ի սկզբանե պատրաստել եմ կարագով եւ այդպես էլ շարունակում եմ:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Պոնչիկի համար ամենադժվար բանը եփովի կրեմ ստանալն է: Բոլորը տանը եփովի կրեմ պատրաստում են, բայց պոնչիկի համար այն ընդունելի չէ, քանի որ տապակելիս պոնչիկը «կպայթի»: Նույնն էլ ելակի եւ բալի ջեմերով միջուկների դեպքում է: Եթե սովորական տնական ջեմ դնենք, խմորը «չի պահի»: Այդ պատճառով հրուշակեղենի համար նախատեսված հատուկ ջեմեր ենք ներկրում:
Հաճախորդի գաղափարը վերածել իրականության
Ամենասկզբում պոնչիկի միայն դասական տարբերակները՝ վանիլային եւ շոկոլադե տարբերակներն ունեինք, բայց հաճախորդների գաղափարները իրականության վերածելով տեսականին հարստացրեցինք:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Հիմա The Ponchik-ում ունենք եփովի կրեմով վանիլային եւ շոկոլադե, ելակի, բալի, նուտելայի, եփած խտացրած կաթի միջուկներով, բավարական կրեմով պոնչիկներ: Այդ կրեմը պատրաստում ենք ռոմի հիմքով:Ունենք նաեւ դատարկ՝ «Միստր Փաֆ» տարբերակը, որն առաջարկում ենք փորձել նաեւ դարչինով: Ժամանակի ընթացքում պոնչիկի տեսականուն ավելացան նաեւ կարկանդակները՝ կարտոֆիլով, մսով, հայկական պանրով ու կանաչիներով:
The Ponchik-ի զարգացման եւ պլանների մասին
Ես նույնիսկ չէի կարող երազել, որ մի օր Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցի վրա, կարող եմ ունենալ պոնչիկի կետ, որի մասին քաղաքում շատ-շատերը կխոսեն եւ կսիրեն, եւ եթե ուշադիր չլինեի, լավ թիմ չունենայի, այսօր չէի ունենա նաեւ The Ponchik-ը:
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Մեր պոնչիկները եւ կարկանդակները տաք-տաք վիճակում կարելի է համտեսել ոչ միայն տեղում, այլեւ առաքման միջոցով: Սկզբում ինքնուրույն էինք անում, 2025թ. հունվարից արդեն սկսել ենք համագործակցել Yandex Go-ի Սնունդ ծառայության հետ:
Այս համագործակցությունը մեզ ոչ միայն լավագույն ծառայություն է մատուցում՝ իր ամսական, շաբաթական հաշվետվություններով, այլեւ նպաստում է ավելի ճանաչելի դառնալուն, քանի որ Yandex Go-ի լսարանը բավականին մեծ է։
Իսկ հիմա աշխատում ենք էլ ավելի անհավանական թվացող նախագծի վրա՝ նախատեսում ենք The Ponchik-ի երկրորդ սրճարանը բացել ԱՄՆ-ում:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: