Papaya-ի խանութներ այցելելու եւս մեկ պատճառ է ավելացել։ Հրուշակարանն ընդլայնել է իր արտադրանքը, այժմ առաջարկում է նաեւ թթխմորով պատրաստված հացերի տեսականի։
Վաղ առավոտյան GastroVino-ն այցելել է Papaya-ի արտադրամաս՝ ականատես լինելու, թե ինչպես է գիշերվա ընթացքում հասունացած թթխմորը վերածվում հացի։
Արտադրամասում՝ վառարանի մոտ, հանդիպում ենք հացթուխ Ալեքսանդր Սիմուշինին՝ նոր արտադրության սկիզբը դնելու գործը նրա ուսերին է։ Նա մի քանի ոսկեգույն հաց է հանում վառարանից ու սկսում ձեւավորել խմորի մյուս մասը։
Ալեքսանդր Սիմուշինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խմորի հետ աշխատելու երկար փորձ ունեցող Ալեքսանդրն ասում է՝ հացի պատրաստման հիմնական բաղադրիչները նույնն են՝ ալյուր, աղ ու ջուր, բայց յուրաքանչյուր երկրում դրանք տարբեր են։
«Նոր հումքի հետ աշխատանքը հեշտ չէ, բայց պետք է ընտելանալ ու հասկանալ՝ բաղադրիչները ինչ են պահանջում քեզանից։ Հայաստանում հասանելի ալյուրը բարձրորակ է, ինչն ինձ հաճելիորեն զարմացրել է, եւ խմորն իրեն մի քիչ այլ կերպ է դրսեւորում, խոնավության այլ պահանջներ ունի, քան սովոր եմ տեսնել։ Սա, իրականում, շատ լավ է ազդում հացի կառուցվածքի եւ պահպանման ժամկետի վրա»,- պատմում է նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Papaya-ում 5 տեսակի հաց են պատրաստում. բորոդինսկի, չիաբատա, բագետ եւ երկու տեսակի տորտինա։
«Այս հացերի պահպանման ժամկետը արտադրության օրվանից սկսած 72 ժամ է։ Հացերը պատրաստելու համար օգտագործում ենք երկար, սառը խմորման տեխնոլոգիան։ Գիշերվա ընթացքում խմորը պահվում է սառնարանում՝ որոշակի ջերմաստիճանում եւ միայն հաջորդ օրը թխվում։ Հենց այս եղանակով ենք երկարացնում հացի պահպանման ժամկետը՝ առանց քիմիական նյութերի կամ կոնսերվանտների: Մենք ունենք բացարձակ մաքուր բաղադրություն՝ ուղղակի ալյուր, ջուր եւ աղ»,- ասում է հացթուխը։
Ալեքսանդր Սիմուշինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ալեքսանդր Սիմուշինը հաց պատրաստելիս ձեռնոց չի կրում: Գիտի, թե որքան զգայուն է հայ սպառողը հիգիենայի պահպանման հարցում, բայց ասում է՝ ձեռնոցները որեւէ կերպ չեն նպաստում մաքրության պահպանմանը, այլ՝ հակառակը, խոչընդոտում են ազատ աշխատանքին եւ ձեռնոց կրող մարդիկ աշխատելու ընթացքում ավելի քիչ են լվանում ձեռքերը։
Papaya-ում սանիտարական կանոններին հատուկ ուշադրությամբ են հետեւում, արտադրամաս թույլ են տալիս մտնել միայն աշխատանքային հագուստով եւ ձեռքերը մանրակրկիտ ախտահանելուց հետո։
Անի Խչոյանը՝ արտադրամաս մտնելուց առաջ | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Papaya-ում հացի արտադրություն սկսելու գաղափարի հեղինակը փոխտնօրեն Դավիթ Հայրապետյանն է։ Ասում է, որ երկու գործոն է եղել. հացի հետ աշխատելու իր ունեցած փորձն ու շուկայում որակյալ հացի օրեցօր աճող պահանջարկը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հացի արտադրությունը մեր ցանցի գործունեությանը համահունչ է։ Պետք չէ կարծրատիպի մեջ մնալ, որ հրուշակարանում միայն թխվածքներ են պատրաստում։ Այն ամենը, ինչ համեղ է, պահանջված ու հետաքրքիր հաճախորդին, կարող է տեղ գտնել մեր արտադրությունում։ Արդեն 4 ամիս է, ինչ վաճառում ենք պելմենիների տեսականի։
Սա կարող է ավելի անտրամաբանական թվալ հրուշակարանի համար, բայց մեր հաճախորդները հակառակն են ապացուցում։ Անցած տարվա սկզբից էլ թարմ ու համեղ կարկանդակներ են առաջարկում: Այսպիսով, մեր խանութ մտնելով՝ հաճախորդը կարող է մեկ վայրից լրացնել իր օրական պահանջարկի էական մասը»,- ասում է Դավիթը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Papaya-ի արտադրամասում գիշերային հերթափոխ է ավելացել, որպեսզի վաղ առավոտյան ցանցի խանութներում սպառողը գտնի թարմ ու համեղ հաց։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր թթխմորով հացը ոչ միայն անուշաբույր ու համեղ է, այլեւ՝ օգտակար։ Բնական խմորումը հեշտացնում է մարսողությունը, նպաստում աղիների առողջությանը, բարելավում է հանքանյութերի յուրացումը եւ նվազեցնում արյան մեջ շաքարի պարունակությունը»,- հավելում է Papaya-ի փոխտնօրենը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: