Ալիսան ու Տաթեւը խոհանոցը վերածել են արվեստանոցի՝ հիշվող համային նոտաներով դեսերտներ ստեղծելու համար։ Նրանք մայր ու աղջիկ են, երկուսի համար էլ հրուշակագործությունը նոր մասնագիտություն է։ Այն ընտանեկան գործ դարձնելու համար նրանք անվերջանալի փորձարկումների միջոցով անցել են անորոշությունից դեպի վստահության փուլ։
Sweet Notes հրուշակագործության փոքրիկ բրենդի հիմնադիրներ Ալիսա Կարապետյանն ու Տաթեւ Տիգրանյանը GastroVino-ին պատմել են մեկ զանգով կայացրած որոշման, առաջին պարտադրված պատվերի ու իրենց ստեղծած համային նոտաների մասին։
«Հերթական փնտրտուքն ինձ բերեց դեպի հրուշակագործություն»
Տաթեւ Տիգրանյան
Մի քանի մասնագիտություն ունեմ՝ իրանագետ եմ, միջազգային հարաբերությունների մասնագետ, 7 տարի աշխատել եմ տեղեկատվական ոլորտում, հետո՝ Project management սովորել։ Անընդհատ փնտրտուքի մեջ էի, չէի հասկանում՝ ինչ եմ ուզում անել ու այդ մտքից շատ էի նեղվում։ Տարիներ շարունակ հրուշակագործությամբ զբաղվելու միտքը գալիս ու գնում էր, բայց ես համառորեն վանում էի։ Երբ, վերջապես, որոշեցի լրջորեն մտածել դրա մասին, կիսվեցի ամուսնուս հետ, նա էլ առաջարկեց աջակցել, որի համար շնորհակալ եմ նրան։ Սա որոշիչ պահ էր ինձ համար։
Տաթեւ Տիգրանյանը | Լուսանկարը՝ Sweet Notes
Մայրս միշտ հրաշալի թխվածքներ է պատրաստել, մենք էլ ասում էինք՝ «ինչո՞ւ չես վաճառում, քո թխվածքները հայտնի սրճարանների դեսերտներին գերազանցում են»։ Այդ պահին հասկացա՝ կարող ենք միասին սկսել։ Մի քանի օր անց զանգեցի ու հարցրի՝ «եթե որոշեմ հրուշակագործությամբ զբաղվել, կմիանա՞ս ինձ»։ Շատ զարմացա, երբ դրական պատասխան տվեց»։
«Դասերի գնալն ինձ համար մարտահրավեր էր»
Ալիսա Կարապետյան
Կարճ ժամանակ անց սկսեցինք տարբեր թխվածքներ պատրաստել, փորձարկումներ անել։ Որոշները լավ էին ստացվում, մյուսները՝ ոչ։ Կարծում էինք՝ այն պրակտիկ գիտելիքները, որ կուտակել ենք տարիների ընթացքում, բավարար կլինեն սկզբի համար։ Փորձարկումների հերթը «Շու»-երինն էր, օրեր շարունակ չէի կարողանում ստանալ մեզ գոհացնող կրեմ, հասկացանք, որ պրոֆեսիոնալ մոտեցման կարիք կա ու հրուշակագործության դասերի գրանցվեցի։ Բրենդ ստեղծելու միտքն ինձ համար ավելի թեթեւ էր, հրուշակագործության դասերի հաճախելը՝ բարդ թվաց։ Մանկաբարձ եմ, բայց տարիներ շարունակ չեմ աշխատել։ Դասերի հաճախելն ինձ համար մարտահրավեր էր։ Շուկայի մասին քիչ բան գիտեի, ժամանակակից հրուշակագործներին, նրանց աշխատանքներին շատ ծանոթ չէի։ Բայց մի քանի դասից հետո ամեն ինչ ընկավ իր տեղը։
Ալիսա Կարապետյանը | Լուսանկարը՝ Sweet Notes
Գնում էի դասի, նույն օրը սովորածս տանն էի փորձարկում, զուգահեռ նաեւ Տաթեւին էի սովորեցնում։ Երբ նոր թխվածքները պատրաստ էին լինում՝ մեր մեծ ընտանիքը հավաքվում էր համտեսի։ Ժամանակը ցույց տվեց, որ ամենապահանջկոտ ու խիստ քննադատները ընտանիքիս անդամներն են, որովհետեւ տարիներ շարունակ սովորել են համեղ ուտելուն։ Համտեսին կարող էի մի քանի թխվածք ներկայացնել, բայց վերջում միայն 1-2-ը բոլորի հավանությունը ստանային։ Դրանք էլ այնքան էի փոփոխում, մինչեւ հաջորդ համտեսն արդեն քննադատելու տեղ չէր մնում։
«Մեր առաջին պատվերը բոլոր իմաստներով սթրեսային էր»
Տաթեւ Տիգրանյան
Նոր գործ սկսելը հեշտ չէ՝ հատկապես կայունությունը կարեւորող մարդկանց համար։ Ամեն ինչ պատրաստ էր, բայց անընդհատ հետաձգում էինք մեկնարկը՝ սպասելով իդեալական պահի։ Մայրս եղբորս հարսանիքի համար տարտեր էր պատրաստել, տղայիս ընկերոջ մայրը՝ Լիլիթը, պատահաբար տեսավ լուսանկարներն ու որոշեց պատվեր անել։ Ասացի, որ դեռ ոչինչ չենք վաճառել, ինքնարժեքն անգամ չենք հաշվել, նա էլ ասաց՝ «ոչինչ, դեռ երեք օր ժամանակ կա»։
Տարտ հապալաս | Լուսանկարը՝ Sweet Notes
Առաջին պատվերը շատ սթրեսային էր, շոգ եղանակ էր, Երեւանից պիտի Թալին տեղափոխեին։ Արդյունքում ամեն ինչ լավ անցավ ու հենց այդ պատվերը դարձավ մեր բրենդի մեկնարկի կետը։ Հետագա ընթացքն ինքնաբերաբար ստացվեց, ծանոթները, մտերիմները, ընկերները սկսեցին մեզ աջակցել ու դեսերտ պատվիրել։
«Համի գնահատականը միշտ սուբյեկտիվ է»
Ալիսա Կարապետյան
Տեսականին սկզբում հստակ սահմանված չէր, ձեւավորվել է փորձարկումների ընթացքում։ Այն, ինչը լավագույնն է ստացվել, դարձել է տեսականու մաս։ Պահանջարկը եւս ստիպում է անընդհատ թարմացնել ու զարգացնել տեսականին։ Ստանդարտ դեսերտներ ունենք՝ մեղրով տորթ, էկլերներ, շու, տարտերի տեսականի, բայց նաեւ մեր սեփական բաղադրատոմսերով թխվածքներն ենք պատրաստում։ Դրանցից մեկը՝ «Օրանժ տրիո»-ն է, որը սկզբում «Գազարով տորթ» էինք անվանում։ Ընթացքում հասկացանք, որ հետաքրքիր մի քանի բաղադրիչ ունեցող այդ թխվածքը պարզապես «Գազարով տորթ» անվանելը սխալ է։ Այն եռաշերտ է, խմորային երկու շերտի արանքում «մինի բինիներ» (խմորի փոքրիկ գնդիկներ) ու կրեմ է։ «Օրանժ տրիո» անունն այս դեսերտին շատ է սազում։
Օրանժ տրիո | Լուսանկարը՝ Sweet Notes
Մեր մյուս հեղինակային դեսերտը «Մեղրային պնդուկն» է՝ խիտ ու հագեցնող համով։ Չկա մարդ, որ փորձի այն ու չհիանա։ Պատրաստում ենք նաեւ պիստակի «Օպերա»։ Այն բարդ ու թանկարժեք դեսերտ է՝ բելգիական շոկոլադով, նուշի ալյուրով, պիստակի պաստայով, որն ինքներս ենք պատրաստում։ Անգամ կտրելու պրոցեսն է բարդ՝ փոքրիկ մի սխալ ու շերտերը ճաքում են, կոտրվում։ Երեւանյան սրճարաններում այս դեսերտի դասական տարբերակը՝ սրճային «Օպերան», հաճախ է հանդիպում, իսկ պիստակով տարբերակ՝ շատ քիչ։
Լուսանկարը՝ Sweet Notes
Մեղրով տորթը մեր սպառողների սիրելիներից է, շատերի հարազատ մանկության համը, որին եւս ավելացրել ենք մեր համային նոտաները։ Երբեք չենք աշխատում արհեստական հավելումներով, այդ պատճառով մեր դեսերտներում սուր համեր չեք զգա։ Միշտ ձգտում ենք ստանալ կատարյալ համ, բայց համի վերաբերյալ գնահատականները շատ սուբյեկտիվ են, նույն թխվածքը մեկին կհիացնի, իսկ մյուսի սրտով չի լինի։
«Սպառողները ստիպեցին ներգրավվել տորթերի ստեղծման մեջ»
Տաթեւ Տիգրանյան
Վաճառքներն օնլայն ենք անում, ֆիզիկական խանութ դեռ չունենք։ Սպասարկման ոլորտը բարդ է, իսկ նուրբ ու գեղեցիկ դեսերտները սպառողին հասցնելը՝ կրկնակի դժվար։ Հնարավորության դեպքում նախընտրում եմ անձամբ առաքել, ինչն օգնում է նաեւ առաքման հետ կապված խնդիրները բացահայտել։ Մի առաքման ժամանակ հասկացա, որ տորթը տուփի մեջ սահում է, տեղաշարժվել էր, բայց, բարեբախտաբար, չէր վնասվել։ Այս դեպքից հետո առաքումներն ավելի ապահով տեղ հասնելու համար լուծում գտանք։ Պատվերների հետ միասին հաճախորդին տրամադրում ենք պահպանման ժամկետի մասին թերթիկ ու մենյու՝ մեր մյուս առաջարկներին ծանոթանալու համար։ Անվանական բացիկներ ունենք այն դեպքերի համար, եթե ցանկանում են որեւէ մեկին մեր դեսերտները նվիրել։
Լուսանկարը՝ Sweet Notes
Հաճախորդներն ինձ «ստիպել» են թխվածքների ստեղծման փուլում ավելի շատ ներգրավված լինել։ Բենտո տորթերը մեր ծրագրերում չկային, բայց այնքան էին հարցնում, որ հասկացանք՝ անվերջ «ոչ» ասել չի կարելի։ Սպառողների այս պահանջը բավարարելու համար բիսկվիթային տորթերի պատրաստման դասերի հաճախեցի։ Երբեք չեմ նկարել, բայց տորթերը ստիպեցին դա էլ անել։ Բենտոները մանրակրկիտ նկարազարդումներ են պահանջում։ Երբեմն, երբ բարդ պատվեր է լինում, հրաժարվում եմ, քանի որ դեռ պետք է զարգացնեմ իմ նկարչական հմտությունները» (ծիծաղում է -խմբ.)։
Իրականում, ես էլ, մայրս էլ գիտենք, որ դեռ սովորելու շատ բան ունենք։ Մայրս նաեւ իմ ուսուցիչն է ու շատ բծախնդիր է, հատկապես՝ մաքրության հարցում։ Որքան էլ գործը շատ լինի՝ մեր խոհանոցը երբեք թափթփված չի լինում, դրանով հանդերձ, երբեմն նկատողություն է անում։ Ասում է՝ «մաքուր մաքրիր», «բահիկը կիսատ մաքրվեց»։ Փոքրիկ խոհանոցային անհաշտություններն անխուսափելի են, բայց արագ լուծվում են։ Երբ երկուսով ստեղծում ենք, փորձարկում, համադրում նոր բաղադրիչներ, միշտ էլ լինում են տարբեր կարծիքներ՝ ինչ-որ բան ավելացնել, պակասեցնել, նոր տեխնիկա փորձել։ Պրոցեսի հանդեպ սերն օգնում է, որ ամեն ինչ արագ հարթվի։
«Մենք թիմ-ընտանիք ենք»
Ալիսա Կարապետյան
Այս ամռանը Sweet Notes-ը կդառնա մեկ տարեկան։ Այս ընթացքում ամեն ինչ զարգացել է աստիճանաբար ու մեր ընտանիքի բոլոր անդամների օգնությամբ։ Հիմա մենք թիմ-ընտանիք ենք, որտեղ ամենակարեւորն անսահման սրտացավությունն է։ Ամեն ինչ հեշտ ու հարթ չի ընթացել։ Չեմ ուզում վախեցնել նրանց, ովքեր ցանկանում են որեւէ նոր գործ ձեռնարկել, բայց եթե նախապես իմանայինք, թե որքան դժվար է լինելու, գուցե չհամարձակվեինք։
Ալիսա Կարապետյանն ու Տաթեւ Տիգրանյանը | Լուսանկարը՝ Sweet Notes
Վերջերս ծննդյան տորթ էինք պատրաստել մեծ խնջույքի համար, պատվիրատուն փոխանցեց, որ ուտելուց հետո ներկաները որոշել են ծափահարել հրուշակագործին։ Սրանից բարձր գնահատական դժվար է պատկերացնել։
Տաթեւ Տիգրանյան
Sweet Notes-ն առաջին հերթին մեր, ապա սպառողի ընտրության մասին է։ Մենք ուզում ենք պատրաստել որակյալ դեսերտներ, պատվիրատուին տալ լավագույնը, գոհացնել եւ ինքներս էլ բավարարված լինել մեր գործից։ Երբ հարցնում են՝ «Ձեր թխվածքները համե՞ղ են», պատասխանում եմ՝ «համի մասին դուք պետք է ասեք, ես միայն կարող եմ ասել, որ դրանք թարմ են, որակյալ»։ 4-ամյա տղաս կարող է բացել սառնարանն ու մեր տեսականուց ցանկացած դեսերտ ուտել։ Դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել։
Լուսանկարը՝ Sweet Notes
Բրենդը Sweet Notes անվանելիս պատկերացրել ենք, որ մեր պատրաստած դեսերտները համային հետաքրքիր նոտաներ, էմոցիաներ են ավելացնելու մեր սպառողների օրվան։ Երկար աշխատել ենք, որ բացի լավ համեր ստանալուց նաեւ գեղեցիկ լոգո, տուփ, բացիկ եւ այլ բաղադրիչներ ունենանք, որոնք սպառողին իսկապես հետաքրքիր էմոցիաներ կպարգեւեն։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: