Գեւորգ Քոչար 21 հասցեում նոր «տրամադրության տեղ» է բացվել՝ Prosecco Gastrobar անունով։ Այստեղ միավորվում են փրփրուն գինին, համեղ խոհանոցն ու հաճելի զրույցները։
Prosecco Gastrobar-ի հիմնադիրներ Վահագն Սեդրակյանն ու Վարդգես Չարչօղլյանը երկար տարիներ աշխատել են միասին եւ եղել են Հայաստանի փաբային մշակույթի առաջատարներից։
Irish փաբից գաստրոբար ուղին
Վահագն Սեդրակյան. Վարդգեսի հետ մեր համագործակցությունն ու ոլորտի հետ համատեղ ճանապարհը սկսվել է ավելի քան 18 տարի առաջ՝ նախ Shamrock իռլանդական փաբում, ապա՝ Irish Pub 26-ում։
Վարդգես Չարչօղլյան. Այդ ժամանակ փաբային մշակույթը Հայաստանում դեռ նոր էր ձեւավորվում, եւ մարդիկ նոր-նոր էին բացահայտում այն։ Այդ պայմաններում արդեն ամբողջությամբ մտանք ոլորտ՝ բացելով, թերեւս, Հայաստանի ամենամեծ դասական եվրոպական փաբը՝ իռլանդական ոճով, ռոք երաժշտությամբ ու հետաքրքիր ուտեստներով։
Վահագն Սեդրակյան. Դրանից մեկ տարի անց՝ 2009-ին, սկսեցի աշխատել Հայաստանի խոշոր ալկոհոլային ընկերություններից մեկում։ Հետագա տարիներին աշխատեցի եւս երկու տարբեր կազմակերպությունում, մինչեւ 2018-ին ծանոթացա եվրոպական գինիներին, շամպայնին եւ պրոսեկոյին։ Պրոսեկոն շատ սիրեցի: Այն կատարյալ խմիչք է, իր թեթեւությամբ ու ունիվերսալությամբ հարմար է օրվա ցանկացած պահի ու առիթի համար։
Վահագն Սեդրակյանը եւ Վարդգես Չարչօղլյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պրոսեկո բար բացելու գաղափարը ծնվեց 2020-ին, սակայն այդ ժամանակ համավարակը, ինչպես շատերի, այնպես էլ մեր ծրագրերը փոխեց։ Այնուամենայնիվ, այդ միտքը պահեցի։ Այդ ընթացքում Irish Pub-ը շարունակում էր գործել, բայց 2018-ի վերջից ես դադարեցրել էի իմ մասնակցությունն այնտեղ։
2025 թվականի սեպտեմբերին նորից վերադարձա բար բացելու գաղափարին։ Վարդգեսն էլ դուրս եկավ «Այրիշից» եւ երկուսով սկսեցինք իրականացնել այն, ինչ վաղուց էր հասունացել։ Որոշեցինք ձեւաչափը մոտեցնել ռեստորանային մոդելին եւ ստեղծեցինք այն, ինչ այսօր կա՝ Prosecco Gastrobar-ը:
Փրփրուն գինու առաջին գաստրոբարը
Վարդգես Չարչօղլյան. Երբ առաջին անգամ կանգնեցինք Գեւորգ Քոչար 21 հասցեում՝ մեր ապագա գաստրոբարի դիմաց, նոր հնարավորություններ տեսանք, պատկերացրինք, որ այս փողոցը կարող է փոքր Կասկադ դառնալ։ Այստեղ արդեն կան լավ ռեստորատորներ, որոնցից ոչ մեկի կոնցեպտը մյուսին չի խանգարում, այդ առումով մտավախություն չունեինք տարածքում մեր գաստրոբարը բացելու:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Prosecco-ն բացվեց 2025 թվականի դեկտեմբերի 20-ին: Այն Հայաստանում փրփրուն գինու առաջին գաստրոբարն է։ Այստեղ պարզապես ուտելիք եւ խմիչք չէ, այլ տրամադրություն՝ փոքր եվրոպական բարի զգացողությամբ, որտեղ ամեն մանրուք մտածված է։ Սա թեթեւության, գեղեցիկ հանդիպումների եւ առանց առիթի փոքրիկ տոների վայր է, որտեղ կարելի է ե՛ւ մեկ բաժակ պրոսեկո վայելել, ե՛ւ լիարժեք ընթրել՝ ինչպես լավ ռեստորանում։ Մթնոլորտը հանգիստ է, առանց աղմուկի, 80-ականների ֆանկ երաժշտության ուղեկցությամբ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այժմ գաստրոբարն աշխատում է 16:00-ից, մարտի 1-ից կաշխատի 12:00-ից:
«Լցնովի» փրփրուն գինին
Վարդգես Չարչօղլյան. Բարում ներկայացված է գինիների լայն ընտրանի ամբողջ աշխարհից։ Հատկապես փրփրուն գինիների եւ պրոսեկոների մեծ տեսականի ունենք։ Մեր wine list-ի առաջին էջում հյուրերը կգտնեն բաժակով դրաֆթ փրփրուն գինի, որը, այսպես ասած, «լցնովի» է։
Վարդգես Չարչօղլյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բարի հատվածում ունենք երկու «ծորակ»՝ մեկը գարեջրի, մյուսը՝ իտալական փրփրուն գինու համար։ Համակարգը աշխատում է նույն սկզբունքով, ինչ դրաֆթ գարեջրի դեպքում։ Փրփրուն գինին պահվում է 20 լիտրանոց հատուկ կեգում։ Սակայն դա գարեջրի համար նախատեսված ծանր ալյումինե կեգ չէ։ Գինու դեպքում կիրառվում է bag-in-box տեխնոլոգիա: Գինին լցվում է բազմաշերտ պլաստիկ փաթեթի («փուչիկի») մեջ, որը տեղադրված է կեգի ներսում։
Լցնելու ընթացքում գազի ճնշման շնորհիվ գինին դուրս է մղվում փաթեթից, իսկ այդ «փուչիկը» աստիճանաբար քամվում է։ Քանի որ օդ չի մտնում ներս, գինին չի օքսիդանում եւ պահպանում է իր թարմությունն ու փրփրունությունը մինչեւ վերջին բաժակը։
Վահագն Սեդրակյան. Վերջին շրջանում մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել, թե ինչ տարբերություն կա պրոսեկոյի, շամպայնի եւ փրփրուն գինու միջեւ։ Արդեն հասկանում են, որ հայկական շամպայն չի կարող լինել, հայկական փրփրուն գինի կարող է լինել, իսկ պրոսեկոն լինում է իտալական եւ պատրաստվում է Գլերա խաղողի տեսակից։
Ոչ ալկոհոլային գինիներն ու անանուն կոկտելյները
Վահագն Սեդրակյան. Մենյուում ունենք նաեւ ոչ ալկոհոլային գինիների առանձին հատված։ Այն իրական գինի է, պարզապես պատրաստվելուց հետո նրանից հեռացվում է սպիրտը։ Ներկայացնում ենք ֆրանսիական Le Grand Noir-ի կարմիր եւ սպիտակ գինիները, ինչպես նաեւ իտալական Zonin ոչ ալկոհոլային փրփրուն գինին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր wine list-ում առանձին, ամբողջական բաժին հատկացված է հայկական գինիներին՝ այդ թվում փրփրուններին։ Ունենք նաեւ փրփրուն գինիների 200 մլ տարբերակներ, որոնք շատ հարմար են, օրինակ, երկու հոգով վայելելու համար։
Prosecco-ն հարուստ է ինչպես հեղինակային, այնպես էլ դասական կոկտեյլներով։ Առկա են նաեւ ոչ ալկոհոլային եւ տարբեր spritz-կոկտեյլներ, որպեսզի յուրաքանչյուր հյուր գտնի իր նախընտրած տարբերակը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կոկտեյլների սիրահարների համար ունենք նաեւ անանուն կոկտեյլ լիստ։ Այն կազմված է առանձին թերթիկներից, որոնց վրա բառեր են գրված։ Հյուրն ընտրում է իր այդ օրվա տրամադրությանը համապատասխան բառը, իսկ բարմենը դրա հիման վրա պատրաստում է հենց այդ տրամադրությանը համապատասխան կոկտեյլը։
Արագ ապերիտիվ եւ լիարժեք ընթրիք
Վահագն Սեդրակյան. Գաստրոբար անունն արդեն հուշում է, որ մեզ մոտ կա նաեւ բավականին մեծ գաստրո հատված՝ հեղինակային ուտեստների լայն տեսականիով։
Prosecco-ի խոհանոցը լիարժեք է եւ առաջարկում է ոչ այդքան հաճախ հանդիպող ուտեստներ՝ իշխանի գրավլաքս, պակսիմատով պատված խրթխրթան ձիթապտուղներ, բիֆստրոգանով՝ նեխուրի եւ կարտոֆիլի խյուսով, օսոբուկո՝ բանջարեղենից պատրաստված խյուսով։ Ունենք նաեւ ռոստբիֆով մինի բուրգերներ, որոնք մատուցվում են սառը՝ հատուկ իտալական հացով։ Մենյուի ցանկացած հատված ունի նաեւ իր վեգան տարբերակները, որպեսզի յուրաքանչյուր հյուր իրեն հարմարավետ զգա՝ անկախ նախասիրություններից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ուտեստների մատուցումը խնամքով է արվում, բաժակներն ընտրված են յուրաքանչյուր խմիչքի համար, իսկ համադրությունները մտածված են՝ գինին եւ սնունդը լրացնելու համար։ Այստեղ կարելի է գալ թե՛ արագ ապերիտիվի, թե՛ լիարժեք ընթրիքի համար։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: