×

Ֆետուչինին եւ նրան համաշխարհային ճանաչում բերած Ալֆրեդո դի Լեյլոն

Հայերը իտալական խոհանոց շատ են սիրում: Ու քանի որ պաստան այդ խոհանոցի խորհրդանիշներից է, հայերը նաեւ շատ են սիրում պաստա: Սակայն, հաշվի առնելով դրա տեսակների բազմազանությունը, ոչ բոլորը գիտեն յուրահատկությունները: 

Այդ բացը լրացնելու համար GastroVino-ն` Հայաստանում Barilla բրենդի բացառիկ ներկայացուցիչ «Անդակո» ընկերության հետ համագործակցությամբ, յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի պաստայի մեկ տեսակ: 

Արդեն պատմել ենք լինգուինիի, ֆուզիլիի, պեննեի, սպագետտիի մասին, այսօր էլ հերթը ֆետուչինիին է:

Ծագումով Լացիոյից ֆետուչինին պատրաստվում է թարմ խմորից՝ ալյուրից եւ ձվից, որը ձեռքով կտրատում են երկար, մոտ 6–10 մմ լայնությամբ ժապավենների։ 

Իտալական դասակարգմամբ ավելի լայն տարբերակը կոչվում է fettuccine, ավելի նեղը՝ fettuccelle։

Ֆետուչինիի համաշխարհային համբավը պայմանավորված է Fettuccine Alfredo պաստայով: Այս պատմությունը սկսվում է 1908 թվականին՝ Հռոմում։ Ալֆրեդո դի Լեյլոն, որն աշխատում էր իր մայրիկին պատկանող Պիացցա Ռոզա ռեստորանում, որոշել է իր նոր ծննդաբերած ու հյուծված կնոջ համար սննդարար ու հեշտ մարսվող ուտեստ պատրաստել։  

Նա ձեռքով պատրաստում է թարմ ֆետուչինի, խառնում բարձրորակ կարագի եւ պարմեզանի հետ։ Կինն ուտեստն այնքան է հավանում, որ առաջարկում է ներառել այն ռեստորանի ճաշացանկում։ Իրականում կարագով եւ պարմեզանով պաստա Իտալիայում գոյություն ուներ դարեր շարունակ։ Ալֆրեդոյի գյուտը ոչ թե բաղադրիչներն էին, այլ դրանց խառնելու տեխնիկան։ Էմուլգացիայի շնորհիվ նա կարողացավ ստեղծել մի սոուս, որում կարագն ու պարմեզանը ձուլվում էին՝ միասեռ զանգված դառնալով։


1914 թվականին Ալֆրեդոն Հռոմի Վիա դելլա Սկրոֆա փողոցում բացում է իր ռեստորանը, որն այժմ կոչվում է Alfredo alla Scrofa։ Այստեղից էլ սկսվում է պատմության երկրորդ գլուխը։ Ալֆրեդոն գիտեր, թե ինչպես հետաքրքրել հյուրերին եւ Fettuccine Alfredo-ն պատրաստում էր հենց սեղանի մոտ՝ մեծ գդալով եւ պատառաքաղով խառնելով պաստան։ 

1927 թվականին ամերիկացի լրագրող Ջորջ Ռեկտորը Ալֆրեդոյի ֆետուչինիի պարզ բաղադրատոմսը համեմատել էր Ռեմբրանդտի արվեստի հետ՝ նշելով, որ վարպետությունը ոչ թե բաղադրիչների, այլ կատարողական հմտության մեջ է։


Ֆետուչինին պատրաստվում եւ մատուցվում է ալ դենտե եղանակով։ Թարմ ֆետուչինին եփվում է 2–ից 4 րոպե, չորը՝ 8–ից 10 րոպե։

Ալֆրեդոյից բացի կան այլ հայտնի պաստաներ, որոնք պատրաստվում են ֆետուչինով. ավելի քան 20 տարբերակ կարող եք գտնել Barilla-ի կայքում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին