×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Օրգանական, բիոդինամիկ, բնական. 3 գինի համտեսի համար

Գինու աշխարհում այսօր հաճախ հանդիպում ենք «օրգանական», «բիոդինամիկ» եւ «բնական» ձեւակերպումներին։ Բայց ի՞նչ է իրականում թաքնված այս անվանումների հետեւում եւ ինչո՞վ են դրանք տարբերվում միմյանցից։

InVino-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը «Շաբաթվա գինին In Vino-ից» շարքի այս թողարկման համար ընտրել է այս մոտեցումները ներկայացնող մի քանի գինի՝ օգնելու ավելի հստակ հասկանալ դրանց առանձնահատկությունները։

Օրգանական (Organic)

«Bio» եւ «eco» պիտակները վաղուց տարածված են տարբեր ապրանքատեսակներում եւ սովորաբար մատնանշում են արտադրության առանձնահատուկ մոտեցումը։
Եվրոպական Միության սահմանմամբ՝ օրգանական համարվում է այն գինին, որը պատրաստվում է օրգանական եղանակով աճեցված խաղողից եւ արտադրվում հաստատված օրգանական գինեգործական մեթոդներով՝ արտադրության ողջ ընթացքում։ Աշխարհի տարբեր երկրներում օրգանական գինու համար կիրառվում են գրեթե նույն չափանիշները։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չպետք է մոռանալ, որ գինեգործությունը սկսվում է խաղողի այգուց, որտեղ բավականին տարածված է սինթետիկ թունաքիմիկատների, հերբիցիդների, քիմիական պարարտանյութերի եւ ԳՄՕ-ների կիրառումը։ Այդ պատճառով աշխարհն անցում է կատարում դեպի ավելի կայուն գյուղատնտեսություն՝ օրգանական խաղողագործություն եւ գինեգործություն։ Հայաստանում եւս գործում է «Հայկական Օրգանական» սահմանումը, որը համահունչ է ԵՄ կարգավորումներին եւ ունի իր սեփական նշանը։

Բիոդինամիկ (Biodynamic)

Demeter International-ը ամենաճանաչված բիոդինամիկ սերտիֆիկացման կազմակերպությունն է։ Բիոդինամիկ գինու դեպքում խաղողը պետք է աճեցված լինի օրգանական մեթոդներով։ Արտադրողը պետք է հետեւի բիոդինամիկ գյուղատնտեսական սկզբունքներին, որոնք հիմնված են Ռուդոլֆ Շտայների ուսմունքի վրա, եւ կիրառի բիոդինամիկ պատրաստուկներ։ Խաղողի այգին պետք է գործի որպես ինքնաբավ էկոհամակարգ։

Լուսանկարը՝ Armenia Wine Company-ի


Բիոդինամիկ գինու համար կանոններն ավելի խիստ են, քան օրգանական գինու դեպքում, արտադրության ընթացքում օգտագործվող նյութերն ավելի սահմանափակ են, իսկ թույլատրելի սուլֆիտների քանակը՝ ավելի ցածր։

Բնական գինիներ (Natural wines)

Չնայած նատուրալ գինիները չունեն օրենքի հստակ սահմանում, դրանց արտադրողների մեծ մասը հետեւում է օրգանական կամ բիոդինամիկ խաղողագործության սկզբունքներին, ինչը նշանակում է՝ առանց սինթետիկ թունաքիմիկատների եւ հերբիցիդների խաղողագործություն, ինչպես նաեւ ձեռքով բերքահավաք։

Գինեգործարանում խմորումը տեղի է ունենում տեղածին (վայրի) խմորիչներով, ֆիլտրացիա եւ պարզեցում չեն կիրառվում կամ կիրառվում են նվազագույն չափով, իսկ ավելացվող սուլֆիտների քանակը նվազագույն է կամ բացակայում է։

3 գինի, որոնք կարող եք փորձել այս ոճերը բացահայտելու ճանապարհին

Domaine Saint-Remy Riesling 2022՝ չոր սպիտակ գինի, 12.5%

1725 թվականին հիմնադրված Դոմեն Սան-Րեմին գտնվում է Ալզասի Վետոլսհայմ գյուղում (Ֆրանսիա) եւ հանդիսանում է հարուստ ավանդույթներով ընտանեկան տնտեսություն։ Յոթ սերունդ շարունակ գինեգործությունը փոխանցվել է հորից որդուն՝ նույն անսպառ նվիրումով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ալզասի բարենպաստ կլիմայական պայմանները հնարավորություն են տալիս աշխատել նվազագույն միջամտությամբ՝ ինչպես խաղողի այգում, այնպես էլ գինեգործության ընթացքում։ Գինին կրում է «Vieilles Vignes» պիտակը, որը նշանակում է «հին վազեր»։ Խաղողի հին վազերը հաղորդում են գինուն խորություն եւ բարդություն՝ ապահովելով հավասարակշռություն եւ ինքնատիպություն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս գինու գույնը մուգ ոսկեգույն է, առաջին հայացքից՝ թեթեւակի պղտոր։ Բույրը՝ ցիտրուսային, խնձորի եւ դեղձի նուրբ նոտաներով՝ հանքային եւ ծաղկային երանգներով։ Համը՝ թարմ, նրբագեղ եւ հավասարակշռված՝ աշխույժ թթվայնությամբ եւ երկար ցիտրուսային ավարտով։ Հիանալի համադրվում է ձկան, ծովամթերքի, նուրբ սպիտակ մսի, ասիական խոհանոցի եւ փափուկ պանիրների հետ։

Tufenkian Resilience Chiva 2022՝ չոր կարմիր գինի, 13.5%

Resilience-ը պատմություն է 70 տարեկան խաղողի վազերի մասին, որոնք շուրջ 30 տարի լքված են եղել, մինչեւ վերակենդանացվել են 2020 թվականին։ Այն խորհրդանշում է հայ ազգի դիմացկունությունը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


1985 թվականին Ջեյմս Թուֆենկյանի կողմից հիմնադրված Tufenkian Artisan Carpets-ը նպատակ ուներ վերածնել հին գորգագործության ավանդույթները ժամանակակից դիզայնի միջոցով։

Այսօր նույն մշակութային վերածնունդը շարունակվում է Արենի գյուղում գտնվող Tufenkian Wines գինեգործարանում, որտեղ գինիները ստեղծվում են նվազագույն միջամտությամբ, օրգանական եւ բիոդինամիկ մոտեցմամբ՝ հարգելով Հայաստանի հարուստ գինեգործական ժառանգությունը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինին բաց ռուբինագույն է։ Ունի միջին ինտենսիվության բույրեր՝ հասած բալի, թթի, կարմիր սալորի եւ մոշի նոտաներով։ Այդ նոտաներն արտահայտվում են նաեւ քիմքում՝ հաճելի սեւ պղպեղի եւ դարչնի հետհամով։

Takar Organic White 2023՝ չոր սպիտակ գինի, 14%

Armenia Wine ընկերության այս նոր շարքի գինիները պատրաստվում են Արագածոտնի մարզում՝ գործարանին կից, օրգանական սերտիֆիկացիա անցած սեփական այգիների բերքից։ Ողջունելի է, երբ մեծ գինեգործարանները նախաձեռնում են այգիների նման մշակման տարբերակ։

Գինին պատրաստվում է Վիոնյե, Կոլոմբար, Սովինյոն Բլան եւ Մուսկատ Օտոնել սորտերից։ Հնացումը տեւում է 8 ամիս՝ կաղնեփայտյա տակառներում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Takar Organic White 2023 չոր սպիտակ գինու գույնը՝ ոսկեգույն։ Բույրը՝ ծաղկային, մրգային՝ վանիլային նրբերանգով։ Համը՝ թարմ, հասած դեղին մրգերի նոտաներով։

Պատրաստել է Անի Խչոյանը
Լուսանկարներ՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին