×

Լուսանկարը՝ Կարեն Ավետիսյանի

Tipico pane Armeno. Հայկական լավաշը՝ Իտալիայի հյուսիսից հարավ

Tipico pane Armeno կարճ գրառումն իտալացիներին հուշում է, որ իրենք գտել են իսկական հայկական հաց, դե իսկ Իտալիայում ապրող հայերին հուշում պետք չէ, նրանց համար լավաշը ճանաչելի է առաջին հայացքից: Հայկական հացը նորաձեւության մայրաքաղաք Միլանում թխում է Կարեն Ավետիսյանն ու ուղարկում իտալական մյուս քաղաքներ:

GastroVino-ի հետ զրույցում Կարենը պատմել է Միլանում լավաշ արտադրելու, հացի բազմազան տեսականի ունեցող իտալացիներին հետ «կռիվ» տալու եւ լավաշի միջոցով Իտալիայի հայերին բացահայտելու մասին:

«Հաց թխել չգիտեի»

Կարեն Ավետիսյանը Երեւանից Միլան է տեղափոխվել 25 տարի առաջ, իսկ Միլանում լավաշ սկսել է արտադրել 4 տարի առաջ:

«Հաց թխելու, խմոր պատրաստելու հետ ընդհանրապես առնչություն չեմ ունեցել։ Իտալիայում տարբեր աշխատանքներ եմ արել, մոտ 15 տարի զբաղվել եմ կաhույքի վերանորոգման գործով: Մի օր որոշեցի, որ պետք է նոր բան սկսեմ, որն ինձ համար ե՛ւ բիզնես կլինի, ե՛ւ ավելի սիրելի գործ: Երկու տարբերակ էի մտածում, կա՛մ հայկական խորովածանոց բացել, կա՛մ լավաշի արտադրություն: Բայց, քանի որ այստեղ խորովածանոցներ շատ կային, մտածեցի, որ հայկական լավաշը ավելի լավ կլինի թե որպես բիզնես զարգանալու, թե Հայաստանն ու հայկականը ճանաչելի դարձնելու տեսանկյունից: Ցավոք, այդպես չստացվեց»,- պատմում է նա:

Կարեն Ավետիսյանը Լուսանկարը՝ Կարեն Ավետիսյանի


Կարենի խոսքով՝ ի տարբերություն եվրոպական մյուս երկրների, որտեղ լավաշն ավելի տարածված է, մարդիկ տեղյակ են դրա մասին, Իտալիայում այդպես չէր. «Լավաշը՝ որպես հայկական հացի տեսակ, այստեղ մարդկանց ծանոթ չէր: Իհարկե, Իտալիայում ապրող հայեր կան, որոնք տնային պայմաններում թխում էին, բայց մեծ ծավալներով եւ վաճառքի համար չկար, որ իտալացիները եւս գնեին, ճանաչեին: Դա էլ ինձ ստիպեց հավատալ, որ լավաշի արտադրությունն այստեղ կաշխատի, բայց դժվարությունների հանդիպեցի՝  ուտեստների, հատկապես հացի տեսականիով հարուստ Իտալիայում»:

«Lavash Kareni. Tipico pane Armeno» փաթեթավորմամբ լավաշները սպառողին են ներկայացել 2021 թվականից, բայց մինչ այդ Կարեն Ավետիսյանը լավաշի համար ճիշտ խմոր ստանալ է սովորել:

Լուսանկարը՝ Կարեն Ավետիսյանի


«Զանգում էի Հայաստան՝ հորաքրոջս, մորաքրոջս, ծանոթներիս, ովքեր լավաշ են թխել եւ գիտեն դրա նրբությունները: Նրանցից ամեն մեկը խմորը ստանալու իր տարբերակը, լավաշ թխելու իր ձեւն ուներ: Բոլորի հետ խոսալուց ինչ-ինչ բաներ քաղեցի ու հետո ինքնուրույն սկսեցի փորձել, մինչեւ ստացա այն, ինչ ինձ պետք էր, ինչն ինձ սկսեց դուր գալ։ Շուրջ երեք ամիս տեւեց, մինչեւ ստացա իմ ուզած լավաշը»,- ասում է Կարենը:

«Իմ «կռիվն» իտալացիների հետ»

«Իմ ուզած լավաշը ստանալու դժվարություններին հաջորդեցին վաճառքի կազմակերպման դժվարությունները: Իտալացիները չէին ճանաչում լավաշը, երբ նրանց խանութներում կամ ռեստորաններում ներկայացնում էի լավաշը, ասում էին՝ պիադինա է, ու այստեղ սկսում էր իմ «կռիվը» նրանց հետ (ծիծաղում է-խմբ.): Ամեն անգամ ասում էի՝ «պիադինա չէ, լավաշ է, այս հացն իր անունն ունի՝ լավաշ»:

Բացատրում էի, որ սրա բաղադրությունը լրիվ այլ է, համն ուրիշ եւ պիադինայից ավելի բարակ է: Իտալացիների պիադինան, որը լոշիկի տեսք ունի, կլոր է: Դրա հաստությունը մոտավորապես 7-8 մմ է, իսկ լավաշը շատ բարակ է, մոտ՝ 1-2 մմ: Պիադինայի բաղադրության մեջ բացի ցորենի ալյուրից՝ նաեւ կաթ կա, զեյթունի ձեթ, իսկ մեր լավաշի բաղադրության մեջ, որը նշված է նաեւ փաթեթավորման վրա՝ երկու տեսակի ալյուր է, աղ, ջուր եւ բնական թթխմոր, որը շատ քիչ քանակություն է կազմում: Լավաշը սառնարանային պայմաններում ավելի երկար է ապրում, եթե ջերմաստիճանային տատանումների չի ենթարկվում: Օրինակ՝ հիմա ռեստորաններ ունեմ, որոնք շաբաթական 30-40 կգ լավաշի պատվեր են տալիս, ուղարկում եմ, առանց խնդրի օգտագործում են մեկ ամսվա մեջ»,- պատմում է Կարենը:

Կարեն Ավետիսյանը Լուսանկարը՝ Կարեն Ավետիսյանի


«Իմ լավաշի առաջին հաճախորդը ընկերս է եղել, որը խանութ ունի Պարմա քաղաքում: Հետո ինձնից լավաշ սկսեցին գնել Միլանում խանութներ ունեցող ծանոթներս: Լավաշի վաճառքը սկսվեց երեք-չորս խանութից, իսկ հետագայում տարածվեց ավելի մեծ սուպերմարկետների ցանցով, հասավ Իտալիայի հյուսիսից մինչեւ հարավ: Ինձնից լավաշ սկսեցին գնել նաեւ հայկական ռեստորանները, որոնցից երկուսին մշտապես ես եմ լավաշ մատակարարում: Լավաշ են գնում նաեւ տեղի լիբանանյան եւ պարսկական ռեստորանները: Դեպքեր են եղել, երբ գնացել եմ իտալացիների ռեստորաններ կամ խանութներ, առաջարկել լավաշ, բայց կտրուկ ոչ են ասել, իրենց չի հետաքրքրել, թե սա ինչ հաց է: Բայց այսօր արդեն ունեմ իտալական ռեստորանները, որոնք լավաշ են գնում ինձնից»,- ասում է նա:

Լուսանկարը՝ Կարեն Ավետիսյանի


Կարենը նշում է, որ խոչընդոտների մինչեւ հիմա էլ հանդիպում է, բայց սիրով է անում իր գործը. «Մենակ չեմ աշխատում: Ինձ հետ եւս մի քանի հոգի կան, բայց խմորը միշտ ես եմ պատրաստում»:

«Լավաշի միջոցով բացահայտեցի հայերի»

Կարենն ասում է, որ լավաշի միջոցով Իտալիայում ապրող շատ հայերի է ճանաչել. «Մինչեւ լավաշի արտադրությունը սկսելը գիտեի, թե Իտալիայում ապրող հայերը քիչ են, բայց լավաշը վաճառքի դուրս գալուց հետո պարզեցի, որ Իտալիայում, երեւի, այդպիսի մի քաղաք կամ շրջան չկա, որ հայ չլինի: Ինձ Սիցիլիայից, Կատանիայից, Բարիից հայեր են զանգել եւ լավաշ պատվիրել: Հայտնաբերեցի նաեւ, որ շատ հայ աղջիկներ ամուսնացած են իտալացիների հետ (ծիծաղում է-խմբ.)»:

Սեղանին հաց դնելն օրենք է

Հայերը եւ իտալացիները գաստրոնոմիկ սովորույթների նմանություններ ունեն: Կարենն ասում է՝ ինչպես հայերի, այնպես էլ իտալացիների համար սեղանին հաց դնելն «օրենք» է. «Նրանք պարտադիր հաց են դնում սեղանին՝ անգամ պաստայի հետ, չնայած, որ պաստայի հետ հաց չեն ուտում: Հայերն իտալացիների պես կամ իտալացիները հայերի պես սիրում են ուտել: Իտալացիների մոտ ավանդույթ է՝ ուրբաթ օրը մեծ մասը գնում են ռեստորաններում սնվելու եւ պարտադիր չէ, որ այդ ռեստորանը լինի իտալական: Այստեղ հայկական ռեստորաններ կան, որոնց այցելուների մեծ մասն իտալացիներ են: Սա ցույց է տալիս, որ նրանք նորություն, «կուրիոզիտա» շատ են սիրում։ Երբ մի բան նոր է, անպայման փորձում են: Իտալացի ընկերներ ունեմ, որոնք որպես նորություն փորձել են լավաշը եւ արդեն երկու-երեք տարի է գնում են»:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին