Արմեն Չիլինգարյանը մի օր ընտանիքի հետ միասին որոշեց ԱՄՆ-ից տեղափոխվել Երեւան։ Իր հետ բերեց սննդի ոլորտում տարիների կուտակած փորձն ու հայրենիքում նոր գործ սկսելու հստակ որոշումը։ Հայաստան վերադառնալուց երեք տարի անց նա արդեն ունի առողջ սննդի երկու ռեստորան եւ պլանավորում է ընդլայներ հասցեների ցանկը։
The Toast առողջ սննդի ռեստորանների hիմնադիր Արմեն Չիլինգարյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է վերադարձի, առողջ բաղադրիչներով սենդվիչների եւ նոր բաղադրատոմսերի երկար փորձարկումների մասին։
Վերադարձն ու նոր գործը
The Toast-ի պատմությունը սկսվում է 2021 թվականից։ Դրանից մեկ տարի առաջ որոշեցի ԱՄՆ-ից տեղափոխվել Երեւան, որոշմանս մասին հայտնեցի կնոջս, նա էլ արագ համաձայնեց։ Միացյալ Նահանգներում էի 2005 թվականից։ Պիցցայի ոլորտում հաջողված բիզնես ունեի, բայց հայրենիք վերադառնալու մասին շատ էի մտածում, տեղափոխվելու որոշման վրա նաեւ 44-օրյա պատերազմն ազդեց։ Վաճառեցի պիցցայի բիզնեսի իմ բաժնեմասն ու եկանք Հայաստան՝այստեղ ներդրում անելու, սննդի ոլորտում նոր գործ սկսելու որոշումով։ Չէի մտահոգվում, որ ԱՄՆ-ում կայացած գործ եմ թողում, որովհետեւ վստահ էի՝ աշխատող մարդը միշտ էլ իր տեղն ու գործը գտնում է, բայց շատ ավելի լավ է, երբ դա հայրենիքում է տեղի ունենում։
Արմեն Չիլինգարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստան տեղափոխվելուց հետո հետազոտեցի գաստրոշուկան՝ հասկանալու, թե որոնք են բաց տեղերը։ Պարզեցի, որ սննդի ոլորտը գերհագեցած է, բարձր կետի է հասել, շատ են ավանդական ուտեստները, փոխարենը պարզ, արագ, առողջ, համեղ սննդի բաց կա։
Փորձեցի կենտրոնանալ սենդվիչների վրա, քանի որ այս ճյուղը Հայաստանում զարգանալու տեղ ունի։ Համեղ սենդվիչի համար մեզ լավ հաց էր անհրաժեշտ, որոշեցինք ինքներս թխել։ Սկսվեց եվրոպական հացերի թխման, սենդվիչների բաղադրատոմսերի փորձարկման 4-ամսյա փուլը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այնուհետեւ Հրաչյա Ներսիսյան 6 հասցեում բացվեց առողջ սննդի մեր առաջին ռեստորանը։ Երկրորդ The Toast-ը բացվեց 2023 թվականի դեկտեմբերին՝ Պուշկին 48 հասցեում։
Արագ, բայց ոչ անառողջ սնունդ
Սկզբում միայն սենդվիչներ ունեինք, այժմ՝ ավելի մեծ ցանկ։ Քանի որ դիրքավորվել ենք որպես առողջ սննդի ռեստորան՝ մեզ համար ամենակարեւորը բաղադրիչների որակն ու առաջարկվող սննդի թարմությունն է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արագ սնունդ ասելիս մարդիկ հաճախ անառողջ, կիսաֆաբրիկատներից պատրաստված ուտեստ են պատկերանում, բայց ճիշտ կառավարման դեպքում նաեւ լավ սնունդը կարելի է արագ մատուցել։ The Toast-ի միջոցով փորձում ենք ստեղծել այլ մշակույթ, այլընտրանք առաջարկել արագ եւ ոչ առողջարար սննդին։ Գուցե եկամտաբեր չէ, բայց տապակած ուտեստներ, կարտոֆիլի ֆրի չենք մատուցում։ Սենդվիչների բոլոր բաղադրիչները, բացառությամբ մի քանիսի (խոզապուխտ, բեկոն), ամեն օր մարինացնում ենք մեր ստեղծած բաղադրատոմսերով ու սոուսներով։ Խոհանոցում օգտագործում ենք վերջին սերնդի տեխնիկա, որը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ եւ արագ պատրաստել մթերքը։ Արդյունքում այցելուները մեզ մոտ կարող են ծախսել քիչ ժամանակ ու վայելել համեղ, առողջ սնունդ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
The Toast հարմարավետ է, այցելուները կարող ենք այնքան ժամանակ անցկացնել, որքան ուզում են, բայց հասկացել ենք, որ մեր ռեստորանները հատկապես նրանց համար են, ովքեր շտապում են, աշխատանքից կարճ ժամանակով դուրս են գալիս ընդմիջման եւ չեն ուզում անառողջ սնվել։ Լանչը օրվա կարեւոր հատված է, եւ փորձում ենք այնպես համակարգել աշխատանքը, որ այդ ժամին մեր այցելուներն իրենց պատվիրած սննդին երկար սպասելու ու նյարդայնանալու փոխարեն աշխատանքի վերադառնան լավ տրամադրությամբ։
Բեյգլով սենդվիչներն ու պիցցաները
Մեր այցելուներն առավել հաճախ բեյգլով սենդվիչ են գնում։ ԱՄՆ-ում բեյգլները շատ ավելի տարածված են, Հայաստանում՝ ոչ այնքան։ Շուկա մուտք գործելուց նաեւ սա հաշվի առանք, փորձեցինք նպաստել տարածմանը եւ չսխալվեցինք, որովհետեւ այցելուները սիրում են հավով, սպանախով, խոզապուխտով, բեկոնով բեյգլները։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նաեւ բոուլներ, աղցաններ ենք առաջարկում։ Քանի որ ԱՄՆ-ում արդեն շատ մեծ փորձ էի կուտակել եւ այստեղ էլ պահանջարկը կար՝ վերջերս էլ սկսեցինք պիցցաներ պատրաստել։ Դրանց փորձարկումները սկսել էինք մարտից։ Պիցցայի կարեւոր բաղադրիչը սոուսն է, որը մենք ենք պատրաստում։ Մինչեւ իմ ուզած բաղադրիչներն ու սոուսը չստացանք, վաճառքի չհանեցինք։ Հայտնի բաղադրիչներ կան, որ բոլորն էլ օգտագործում են պիցցա պատրաստելիս, բայց մենք տարբերվում ենք մեր սոուսներով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պանրային պիցցաների սիրահար եմ, դրա համար էլ կառանձնացնեմ մեր սպիտակ պիցցան։ Այն երկու տեսակի պանրով է՝ ռիկոտա եւ մոցառելլա, եւ սպիտակ սոուսով։ Մեր այցելուներն էլ առանձնացնում են սպանախով պիցցան։ Այս դեպքում էլ սպանախ-հավ-սունկ համադրությունն է։ Թվում է՝ պարզ համադրություններ են, բայց համային առումով հետաքրքիր են։ Այս պահին տասից ավելի տեսակի պիցցա ենք մատուցում։
Որակի կայունությունը
The Toast-ն լոյալ հաճախորդներ ունի եւ նրանց չկորցնելու համար կարեւոր է սննդի որակը մշտապես կայուն պահել։ Սրան խանգարող մի հանգամանք կա. երկարատեւ փորձարկումներից հետո, վերջապես, կարող ես որեւէ հումք ընտրել ու կարճ ժամանակ անց մատակարարումը դադարի։ Տարբեր մատակարարների հետ ենք փորձում աշխատել, բայց այս առումով կայունություն չկա եւ խնդիրն ամբողջ ոլորտին է վերաբերում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Որեւէ բաղադրիչի բացակայության դեպքում չենք գնում արագ լուծումների, պարզապես դադարում ենք պատրաստել այն ուտեստը, որի բաղադրիչն այլեւս չի մատակարարվում։
Օրինակ՝ մթերքներից մեկի անհասանելիության պատճառով այս պահին ստիպված ենք հրաժարվել իտալական որոշ դեսերտներից։
Արմեն Չիլինգարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեզ համար կարեւոր է նաեւ հաճախորդների համար հասանելի գնային սեգմենտում մնալու քաղաքականությունը։ Մեզ մոտ գները բարձր չեն, բայց չափաբաժիններն էլ փոքր չեն։ Հուսով եմ՝ մեզ ճիշտ կգնահատեն, չեն մտածի, որ հումքն է վատը։ Մենք պարզապես ուզում ենք, որ արագ, պարզ ու համեղ սնունդը հնարավորինս շատ մարդկանց հասանելի լինի։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: