Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ԵՄ-ն կտրամադրի 2.5 միլիոն եվրո՝ Գյումրիի հին շուկայի վերակառուցման, միջազգային խոհարարական դպրոցի հիմնադրման եւ տնտեսական զարգացման խթանմանն ուղղված երկարաժամկետ ծրագրի իրականացման համար:
Լուսանկարը՝ Tumo
«Գյումրիի շուկա եւ խոհարարական դպրոց» ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի եւ խոհարարության տարածաշրջանային կենտրոն՝ մեկտեղելով հայկական խոհանոցի ժառանգությունն ու նորարարական մոտեցումները:
Ծրագրի առանցքը միջազգային մակարդակի կրթություն ապահովող խոհարարական դպրոցն է, որի ուսումնական ծրագրի մշակման նպատակով Թումոն համագործակցում է հեղինակավոր Institut Lyfe ֆրանսիական դպրոցի հետ (նախկինում՝ Institut Paul Bocuse)՝ Հայաստան բերելով խոհարարական կրթության լավագույն փորձն ու համաշխարհայնորեն ճանաչված մոտեցումները: Երկամյա կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կստանան ուսումը շարունակել Institut Lyfe-ում՝ ֆրանսիական Լիոն քաղաքում:
Լուսանկարը՝ Tumo
«Հայ խոհարարների նոր սերնդի զարգացման նպատակով կստեղծվի յուրահատուկ կրթական փորձառություն, որում ֆրանսիական աշխարհահռչակ դպրոցի ուսումնական ծրագիրը կհամալրվի Թումո ստուդիաների՝ արդեն Հայաստանում փորձված մոտեցումների հետ: Ուսանողները հիմնական ուսուցումը կհամատեղեն միջազգային փորձագետների կողմից իրականացվող աշխատարանների հետ», - ասել է Մարի Լու Փափազյանը:
Դպրոցում բարձրակարգ խոհարարական հմտություններ ստանալու հնարավորություն կունենան տարեկան 30 ուսանողներ, որոնց մեծ մասը կստանան կրթաթոշակ եւ կսովորեն անվճար:
Ծրագիրը կիրականացվի Գյումրիի հին շուկայի տարածքում. տարիներ շարունակ լքված եւ գրեթե ամբողջությամբ ավերված շուկայի շենքը Թումոյի կողմից կվերակառուցվի:
Լուսանկարը՝ Tumo
Վերակառուցման արդյունքում հին շուկան կվերածվի կրթական, խոհարարական եւ տնտեսական զարգացման հանգույցի, որտեղ, խոհարարական դպրոցից բացի կտեղակայվեն կրթական տարածքներ աշխատարանների եւ այլ ուսումնական միջոցառումների անցկացման համար, առեւտրի տաղավարներ, որոնք տեղի առեւտրականներին հնարավորություն կտան աշխատել ապահով եւ հիգիենիկ պայմաններում, ռեստորաններ, արվեստի գործերի եւ ձեռագործ իրերի խանութներ,
փառատոնների, համերգների, տոնավաճառների եւ տուրիստական միջոցառումների անցկացման տարածք
Լուսանկարը՝ Tumo
Ի հավելումն ԵՄ ֆինանսավորման, նախագիծը կիրականացվի նաեւ Թումոյի աջակիցներ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զարուգյանի, ինչպես նաեւ Ճոն եւ Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի (JHM) աջակցությամբ:
Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի միջազգային ճարտարապետական մրցույթ՝ ընտրելու համար այն թիմը, որը կստանձնի կենտրոնի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքները կսկսվեն թիմի ընտրությունից անմիջապես հետո՝ մինչեւ այս տարվա ամառը։ Շուկայի եւ խոհարարական դպրոցի բացումը նախատեսված է 2026 թվականին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: