×

Նոնա Կապլանյանը Լուսանկարը՝ Scandi Sweets

Scandi Sweets. Վիկինգների սիրելի գարեջրով տորթն ու չգիրացնող քաղցրավենիքը

Մասնագիտությամբ խոհարար Նոնա Կապլանյանը Շվեդիայից Հայաստան վերադառնալուց հետո որոշել է այստեղ ներկայացնել սկանդինավյան երկրների քաղցրավենիքները։ Գարեջրով, նուշով տորթն ու մյուս թխվածքները նա պատրաստում է դանիական, շվեդական ու նորվեգական ավանդական բաղադրատոմսերով։

Scandi Sweets-ի հիմնադիր Նոնա Կապլանյանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է սկանդինավյան սուր համադրությունների ու չգիրացնող թխվածքների մասին։

Սկանդինավյան համեր

2012 թվականին տեղափոխվեցի Շվեդիա՝ ամուսնուս մոտ, սկսեցի խոհարարություն սովորել, այնուհետեւ աշխատեցի ռեստորանում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սկսեցի մտածել Հայաստան վերադառնալու մասին, 2021-ին եկա։ Վերադարձից հետո աղջկաս մոտ Հայաստանում սկանդինավյան երկրների թխվածքները ներկայացնելու գաղափար առաջացավ։ Սկսեցի տանը պատրաստել, առաջին պատվիրատուներն իմ շրջապատից էին՝ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ։

Նոնա Կապլանյանը զրուցում է Անի Խչոյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պատրաստում եմ դանիական, շվեդական ու նորվեգական քաղցրավենիքներ։ Դրանք նման են, քանի որ այդ երկրները խոհանոցային, մշակութային շատ ընդհանրություններ ունեն, բայց նաեւ՝ տարբեր, որովհետեւ ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը։

Այս երկրներում թխվածքների համար շատ են օգտագործում նուշի միջուկ, կոկոսի քերուկ։ Հիմնականում նախընտրում են թեթեւ կրեմներ, ամենասիրելին համարվում է վանիլայինը։ Բաղադրիչերը շատ տարբեր են, հաճախ՝ մեզ համար անսովոր։

Guinness tårta կամ գարեջրով տորթ

Հայաստանում անսովոր է համարվում, բայց Շվեդիայում շատ հայտնի է Guinness tårta-ն, այն համարվել է վիկինգների ամենասիրելի թխվածքը։ Նրանք գարեջրին մեծ կարեւորություն են տվել, անգամ տաք վիճակում օգտագործել են որպես դեղամիջոց։ Հետո նաեւ գարեջրով տորթ պատրաստելու գաղափարն է ի հայտ եկել։

Լուսանկարը՝ Scandi Sweets


Շվեդիայում, եթե տորթը պատրաստում են իսկական բաղադրատոմսով, օգտագործում են Guinness տեսակի գարեջուր։ Դրա համար էլ թխվածքը կոչվում է Guinness tårta։ Այս տորթի պատրաստման համար գարեջուրը մի թեթեւ եփվում է խմորի մեջ՝ կրակի վրա, հետո միայն թխվում եւ հասցնում բույրը փոխանցել խմորին։ Այլ անսովոր բաղադրիչ չկա, կարեւորը ճիշտ ընտրված գարեջուրն է։ Շվեդիայում բարձրակարգ ռեստորանում էի աշխատում եւ գարեջրով տորթն ամենալավը ես էի պատրաստում ու միշտ այդ գործը ինձ էին վստահում։

Լուսանկարը՝ Scandi Sweets


Գարեջրով տորթն իմ ամենասիրելի թխվածքներից է, մյուսը, որ շատ եմ սիրում, նուշով տորթն է, այն Շվեդիայում ամենահայտնի պաղպաղակ տորթն է, գրեթե բոլոր խանութներում հնարավոր է գտնել։ Ամբողջությամբ նուշով է պատրաստվում։ Նուշի միջուկը նիհարեցնող հատկություն ունի, սկանդինավյան երկրներում շատ են օգտագործում, որ շատ թխվածքներ ուտելով չգիրանան։

Թարմությունը չկորցնող բուլկեղեն

Բուլկեղենը եւս հաճախ նուշի միջուկով են պատրաստում, որը շատ թեթեւ է։ Ամբողջական նուշն աղում են, խառնում մյուս բաղադրիչներին։ Սկանդինավյան երկրներում բուլկեղենի տեսականին շատ բազմազան է։ Դրանք իրարից տարբերվում են ինչպես խմորով, այնպես էլ՝ միջուկներով։ Սովորաբար բուլկիները երկրորդ օրն արդեն թարմ չեն լինում, իսկ սկանդինավյան բուլկեղենը 3-4-րդ օրն ավելի թարմ ու համեղ է, քան առաջին օրը։

Լուսանկարը՝ Scandi Sweets


Շվեդիայում շատ են սիրում նաեւ «Սեմլա». այն ազգային թխվածքաբլիթ է եւ, ավանդույթին հավատարիմ, տարվա մեջ ընդամենը մեկ օր են պատրաստում՝ Զատկի պահքի նախորդ օրը, խանութներում էլ միայն այդ օրը կտեսնեք։ Խմորի մեջ տարբեր կրեմներ եմ ավելացնում։

Հակադիր, բայց համադրվող համեր
 
Սկանդինավյան թխվածքներում կան բաղադրիչներ, որ Հայաստանում դեռ չեմ համարձակվում օգտագործել։ Օրինակ՝ հայերը սաֆրան քիչ են օգտագործում, հիլը նույնպես անսովոր է, սուր համ ունի։ Դրա տարբեր տեսակները կան եւ ես դեռ փորձում եմ օգտագործել ավելի թեթեւ համ փոխանցողը։ Որոշ բաղադրիչեր էլ դեռ այստեղ չեմ գտել եւ Շվեդիայից են ուղարկում։ Աղի որոշ տեսակներ այստեղ չկան. սկանդինավյան թխվածքներում աղն օգտագործվում է որպես համերի հավելում։ Այդ երկրների բնակիչները, առհասարակ, շատ են սիրում աղի համը խառնել քաղցրի հետ, համատեղել քաղցրը, թթուն եւ աղին։ Դեռ փորձում եմ քիչ-քիչ ծանոթացնել, հետո անցնել կտրուկ համերին։

Լուսանկարը՝ Scandi Sweets


Երբ նոր էի տեղափոխվել Շվեդիա, ինձ համար էլ սուր հակադրություններով համերն անսովոր էին։ Օրինակ, պահածոյացված քաղցր ձուկ կար, որն այդպես էլ չսիրեցի։ Սկզբում քաղցրավենիքների մեջ էլ կտրուկ համադրություններն ինձ դուր չէին գալիս, ժամանակի ընթացքում սովորեցի։

Սկանդինավյան թխվածքները ոչ միայն շատ համեղ, այլեւ թեթեւ են։ Վերջին ամիսներին անընդհատ նոր տեսակներ եմ պատրաստում, փորձում ենք եւ չենք գիրանում։ Մինչեւ նույն տեսակը 1-2 անգամ չեմ պատրաստում, էջում չի հայտնվում։

Լուսանկարը՝ Scandi Sweets


Դեռ շատ պատվերներ չունենք, բաց շատ եմ ուզում, որ Scandi Sweets-ը Հայաստանում զարգանա, ընտանեկան բիզնեսի վերածվի։ Հետագայում կուզեմ արտադրամաս, խանութ, նաեւ սրճարան ունենալ։

Շվեդիայում ապրող շատ ընկերներ ունեմ եւ բոլորն ուրախ են, որ Հայաստանում ներկայացնում եմ իրենց թխվածքները։ Շվեդիայում ապրող հայերն էլ մեր քաղցրավենիքները, ճաշատեսակներն են ներկայացնում։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին