Christian. evn սրճարանում «Աշուն-ձմեռ» հավաքածուի ցուցադրության սեզոն է: Աշնանային հավաքածուն ներկայացնող դեսերտները լավագույնս ընդգծում են դարչինի, կոճապղպեղի (իմբիրի) եւ մեխակի տաքացնող համերը: Սրճարանի ցուցափեղկին նորաձեւության հայտնի անուններ ներկայացնող դեսերտների հեղինակը նույն սրճարանի հիմնադիր 21-ամյա Արթուր Պողոսյանն է:
GastroVino-ի հետ զրույցում Արթուրը պատմել է fashion սրճարան բացելու եւ նորաձեւությունն ու գաստրոնոմիան իրար կապելու մասին:
Դպրոցական կամավորից մարկետոլոգ
Դպրոցը դեռ չէի ավարտել, երբ սկսեցի աշխատել: 2020 թվականից մի քանի հասարակական կազմակերպություններում կամավորական գործեր էի անում:
Դպրոց գնում էի Արարատ քաղաքում, բայց աշխատանքս հիմնականում Երեւանում էր: Ավարտելուց հետո տեղափոխվեցի Երեւան, ընդունվեցի Ամերիկյան համալսարան եւ շարունակեցի աշխատել արդեն ընտրածս մասնագիտական ուղով՝ մարկետինգով: Դասերին զուգահեռ կես-կես դրույքով սկսեցի աշխատել երկու ընկերությունում: Չէի էլ պատկերացնում՝ ոնց եմ հասցնելու դասերի հետ, բայց կրեատիվ ոլորտում եւ զարգացող կազմակերպություններում աշխատելուց չհրաժարվեցի: Գործս հիմնականում մարքեթինգի եւ վիզուալ բովանդակության հետ էր կապված: Հիմա Ամերիկյան համալսարանի վերջին կուրսի ուսանող եմ:
Արթուր Պողոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նորաձեւության նկատմամբ հետաքրքրություն միշտ եմ ունեցել: Հիմնականում հետաքրքրում էր աշխարհահռչակ բրենդների պատմությունը, ինչպես են, օրինակ, դիզայներները կոշիկ կամ ուղղակի ձիերի համար գոտի կարելուց հասել այն մակարդակի, որ հիմա իրենց անվան շնորհիվ հասկանում ենք ինչ է «լաքշրի ստատուս» ասվածը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տարբեր ընկերությունների հետ աշխատելու ընթացքում ծանոթացա հայկական նորաձեւության մի քանի նախագծերի եւ սկսեցի աշխատել դրանցից մեկի հետ: Հենց այդ ժամանակ էլ ծանոթացա Ashi հայկական նորաձեւության ստուդիայի հիմնադրի հետ, որը մեկ հարկի տակ է հավաքել հայկական դիզայներական մի քանի անուններ: Մի անգամ գործի բերումով այցելեցի ստուդիա, ինչն էլ առիթ դարձավ, որ իմ գլխում fashion սրճարան բացելու միտք ծնվի:
Գաղափարս ներկայացրեցի ստուդիայի հիմնադրին՝ հավանեց եւ անցանք սրճարանի բացման աշխատանքներին:
Սրճարանը
Սրճարան-հրուշակարան բացելու գաղափար դեռ 13-14 տարեկանից ունեի, քանի որ մայրիկիս երազանքն էր: Ուզում էի մեծանայի ու նրա համար ստեղծեի այդ ամենը: Երբ հարազատ մարդու երազանքն ուզում ես իրականացնել, այն դառնում է նաեւ քո երազանքը: Այդպես մտքումս սրճարանի շուրջ 6 թեմատիկ նախագիծ էի ստեղծել, որոնք կպատմեին ինչ-որ բանի մասին, բայց նորաձեւության կոնցեպտով սրճարանի մասին չէի մտածել:
Արթուր Պողոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պատկերացումներս սրճարան բացելու մասին շատ թեթեւ էին, մտածում էի՝ դե տարածքում վերանորոգման շատ բան չկա անելու, 15 օր եւ ամեն ինչ կհասցնենք՝ կձեւավորենք, կկահավորենք, սուրճի ապարատը կդնենք եւ վերջ: Սխալվեցի, աշխատանքները շուրջ ամիսուկես տեւեցին եւ սրճարանը բացեցինք 2023թ. օգոստոսի 30-ին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրճարանի համար ընտրել էի Magazine անունը, որն անգլերեն նշանակում է ամսագիր եւ կարող էր ասոցացվել նորաձեւության հետ: Այս անվան հետ կապված ամեն մանրուք մտածել էի՝ մենյուից սկսած, բայց, քանի որ մենք հետխորհրդային երկիր ենք, մի քանի կարծիք լսելուց հետո հասկացա, որ այդ անունը մարդիկ ավելի շատ կապում են ռուսական «մագազին» բառի հետ եւ բացարձակ չեն ասոցացնում ամսագրի հետ: Ի վերջո կանգ առա Christian անվան վրա, որը նորաձեւության մեջ բավականին հայտնի եւ սիրված է, նաեւ իմ ամենասիրելի դիզայների՝ Դիորի անունն է:
«Հիմնական հավաքածու»-ի դեսերտները
Սրճարանի մենյուն սկսեցինք կազմել դեսերտներից, հետո նոր անցա սուրճերին: Դեսերտների հեղինակը ես եմ, բայց դրանք պատրաստում եւ վերջնական տեսքի ենք բերում մեր հրուշակագործի հետ միասին: Հրուշակագործ-գործընկեր փնտրելիս մի գլխավոր պայման ունեի, որ նա համաձայնվեր ինձ հետ փորձարկել գաղափարներս:
Մտքովս այնպիսի համային համադրություններ էին անցնում, որոնք առաջին հայացքից կարող էին անհամադրելի թվալ, դրա համար ինձ պետք էր այնպիսի գործընկեր, ով կփորձեր եւ եթե լավ չստացվեր, չէր նեղվի այդ փորձարկումների վրա ժամանակ ծախսելուց: Փնտրտուքներից հետո գտա մարդ, ում հետ շատ լավ կարողանում ենք աշխատել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Christian-ում թխվածքների արտաքին տեսքը ոգեշնչված է դիզայներական հայտնի բրենդներից, բայց համային նոտաները եւս փորձել եմ այնպես հավաքել, որ ընդգծի դրանց առանձնահատկությունը: Սկզբի համար առանձնացրել էի 10 դիզայներ, որոնց շուրջ էլ կձեւավորվեր մենյուն, բայց երբ հասանք պատրաստման առաջին փորձերին՝ հասկացանք, որ ավելի լավ է այդ թիվը կրճատել, աշխատել հինգի վրա, տեսնել՝ որքանով է ստացվում մեր պատկերացումները իրականացնել, հետո նոր ավելացնել տեսականին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առաջինը ընտրեցինք Դիորը: Շատ դժվարությամբ գտա այն ֆորման, որն ուզում էի ստանալ: Այն ոգեշնչված է Քրիստիան Դիորի 1949 թվականի երկու քույր՝ Junon եւ Venus-ի Junion զգեստից, որը հիմա ներկայացված է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: Զգեստն իրականում տեսել էի եւ ավելի լավ էի պատկերացնում, թե ինչպես կարող եմ այն ներկայացնել դեսերտի տեսքով:
Մի քանի տարբերակ փորձեցինք՝ մինչեւ ստացանք վերջնական տարբերակը: «Թխվածք-զգեստի» վրայի ամեն մի քարը թաթախում ենք շոկոլադի մեջ եւ ամրացնում: Քարերը իզոմալտից են, այն շաքարի նման նյութ է, այլ ձեւ է հալվում եւ ներկն ավելի լավ է պահում:
Արթուր Պողոսյանը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Միջուկը ստանալու համար ընտրել ենք նուշի ալյուրով բիսկվիթ, ազնվամորի եւ սպիտակ շոկոլադի մուս: Բայց զգում էի, որ այստեղ մի բան պակասում էր՝ դեսերտի բնավորությունն ընդգծելու համար: Որոշեցի մուսի մեջ ռեհան, թարխուն կամ նանա ավելացնել: Հրուշակագործի հետ փորձարկումների արդյունքում կանգ առանք նանայի տարբերակի վրա, որը շատ լավ համադրվում էր ազնվամորու հետ, իսկ նուշի բիսկվիթի հետ դառնում է հետաքրքիր կոնտրաստային, միեւնույն ժամանակ, դասականին մոտ համ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Hermes-ն ամենահեշտն ընտրեցինք, քանի որ այն պատրաստեցինք հենց բրենդի փաթեթավորման տուփի տեսքով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հետո անցանք Valentino-ի դեսերտին՝ ոգեշնչվելով նրանց «Աղջիկը, որը ծնվել է Հռոմում» օծանելիքից: Դեսերտի համար սկզբում ընտրել էինք Valentino-ի կարմիրը, հետո փոխեցինք վառ վարդագույնով, որը 2020-ին բրենդի ներկայիս դիզայներն էր բերել՝ կորոնավիրուսի համավարակից հետո որպես նոր կյանքի եւ նոր հավաքածուների խորհրդանիշ: Այն պիստակի մուսով եւ վարդի միջուկով վանիլային բիսկվիթ է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մենյուի մյուս դեսերտը Moschino-ի Love արտահայտությունից է ոգեշնչված, որն իրենց 2007 թվականի ռեբրենդինգն է ներկայացնում: Մեր հիմնական հավաքածուն ամփոփում է Louis Vuitton-ը, որն այս պահին ներկայացնում է աշուն-ձմեռ՝ «pop up pumpkin» դդումով հավաքածուն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բիսկվիթային դդումների մի քանի տեսակ ունենք, որոնք սերուցքային կրեմով եւ ավելի տաքացնող համերով են՝ դարչին, իմբիր, մեխակ:
Դասական ու մաչաներով սուրճերը
Այս պահին հեղինակային մի քանի սուրճ ունենք՝ վանիլային փրփուրով սուրճը, վարդով, մանուշակով կամ իմբիրով լատեն, որը թխվածքաբլիթով էր պատրաստվում: Հեղինակայինների շարքում ավելացել են մաչաներով պատրաստված սուրճերը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սովորաբար գույներ հանդիպում են ալկոհոլային կոկտեյլներում, բայց մեզ մոտ կարելի է գտնել նաեւ սրճային գունավոր ըմպելիքներ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրճարանում փորձում եմ նորաձեւության ամենահայտնի ամսագրերի՝ Vogue-ի եւ BAZAAR-ի տվյալ ամսվա համարը միշտ ունենք, եթե այցելուների մեջ լինեն դրանցով հետաքրքրվածներ, կարդան: Ինքս էլ միշտ սրճարանում եմ լինում, սիրում եմ շփվել այցելուների հետ, պատմել սրճարանի մասին, ներկայացնել տեսականին:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: