Տոլմա, խաշլամա, քյաբաբ, վզամիս, ազդր, սամոսաներ՝ պատրաստված ֆրանսիական Բլանշ ցեղի գառան մսից։ «Չինար» ռեստորանում կազմակերպված համտեսի նպատակը մսի առանձնահատկությունները եւ ռեստորանային սննդում կիրառման հնարավորությունը քննարկելն էր։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բլանշ տեսակի գառներն ավելի մսատու են, քան հայկականները, նաեւ՝ անհոտ։ Այս միսն առայժմ մատուցվում է Երեւանի երկու ռեստորանում, որից մեկը «Չինարն» է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր ճաշացանկում գառան մսով շատ ուտեստներ կան։ Հայկական խոհանոցում ինձ համար առաջնայինը գառան միսն է, այն համեղ է եւ շատ օգտակար։ Մեր այցելուներն ամենից հաճախ հենց այս մսով ուտեստներ են պատվիրում, բայց որքան էլ փորձում ենք ներկայացնել մյուս ճաշատեսակները՝ ամենամեծ պահանջարկը դեռ ունի կրակի վրա եփված միսը կամ գառան խորովածը»,- ասել է ռեստորանի շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանը։
Սուսաննա Ղուկասյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խոհարարը հյուրերին առաջարկում է գառան միսն ուտել հայկական սոուսներով. «Մեզ մոտ չեն մատուցում տոմատային սոուսներ, փոխարենն առաջարկում ենք սխտոր-մածուն, հայկական համեմունքներով չորաթան»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բլանշ տեսակի գառների միսը խոհարարի համար մեկ թերություն ունի՝ յուղային մասի բացակայությունը։
«Հայկական խոհանոցում սովոր ենք օգտագործել ճարպոտ միս, գառան դմակ։ Այս առումով ինձ դուր է գալիս հայկական ցեղատեսակի գառան միսը։ Տեղական գառները դմակավոր են, իսկ Բլանշը յուղային մաս չունի, ուտեստը պատրաստելիս, երբեմն, հարկավոր է լինում ճարպ կամ կարագ ավելացնել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բլանշը նաեւ ավելի մեծ ոսկոր ունի եւ այցելուներն այս մասով, երբեմն, կասկածներ են ունենում։ Հայկական գառները կշռում են մինչեւ 12 կիլոգրամ եւ ոսկորներն էլ բարակ են լինում, իսկ Բլանշի դեպքում գառը կարող է ունենալ մինչեւ 25 կգ քաշ։ Կարծում եմ, պետք է ավելի շատ աշխատել սպառողների հետ, որպեսզի վստահ լինեն, որ իրենց ոչ թե ոչխարի, այլ գառան միս է մատուցվել»,- նկատել է Սուսաննա Ղուկասյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիայի նախագահ Տիգրան Չիթչյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ այժմ Հայաստանում կա մոտ 1800 գլուխ Բլանշ ցեղի ոչխար, դրանք անձնագրավորված եւ ասոցիացիայի ռեեստրում գրանցված են։ Նա նաեւ նշել է, որ այս տեսակի միսը շուկաներ, ռեստորաններ մատակարարվում է հատուկ ցուցումներով եւ այդ պահին կենդանու համարը դուրս է գրվում ռեեստրից։ Սա արվում է այն նպատակով, որպեսզի օգտագործողը վստահ լինի, որ հենց Բլանշ ցեղի ոչխարի միս է գնում։
Տիգրան Չիթչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Բլանշի միսը գաստրոնոմիական յուրահատկություններով ու առանձնահատկություններով Ֆրանսիայում երրորդն է բոլոր տեսակի մսերի սպառման մեջ։ Նրբաճաշակ ֆրանսիացիները մանրակրկիտ են մոտենում մսի ընտրությանը։ Աշխարհում կան ավելի բարձր մսատվություն ունեցող ոչխարի ցեղեր, բայց ֆրանսիացիները համարում են, որ այս միսն իրենց քիմքին ավելի հարիր է»,- ասել է ասոցիացիայի նախագահը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիան ստեղծվել է 2023թ. մայիսի 24-ին՝ ֆրանսիական Բլանշ ցեղի ոչխարներ բուծող ֆերմերներին միավորելու եւ ծագած խնդիրներին լուծում տալու համար։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Բլանշ ցեղի ոչխարի միսը դյուրամարս է, խոլեստերինի ցածր պարունակությամբ, ինչն առողջական տեսակետից շատ կարեւոր է։ Ժողովուրդն աստիճանաբար սկսում է ավելի շատ սպառել ոչխարի միս։ Ինչ վերաբերում է շուկային, ապա ոչխարներն արագ են բազմանում, այս ցեղն ավելի պտղաբեր է։ Մոտ ապագայում 1800 գլուխը կկրկնապատկվի եւ կեռապատկվի»,- ասել է նա։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: