Երբ պետք է արագ եւ համեղ ընդմիջել շատ երկրներում նախընտրում են համբուրգեր կամ սենդվիչ, Հայաստանում՝ բրդուճ, իսկ Հարավային Կորեայում դրանց համարժեքը կիմբապն է: Մայիսի 19-21-ը Երեւանում անցկացված Կորեական մշակույթի ամենամյա փառատոնի շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ կիմբապի պատրաստման վարպետության դաս:
GastroVino-ի լրագրողը մասնակցել է վարպետության դասին եւ պատմում է Կորեայում կիմպաբի նշանակության ու պատրաստման գաղտնիքների մասին:
Մայրական հոգատարության համը
Վարպետության դասը վարում էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կորեերենի դասախոս Կյոն Հվա Կիմը: Նրա խոսքով՝ կիմբապը Կորեայում ավենասիրված ուտելիքն է:
«Դպրոց կամ այլ տեղ ճանապարհելիս մայրիկները երեխայի հետ միշտ կիմբապ են դնում: Հետագայում կիմբապը միշտ իր մեջ այդ հիշողությունն է կրում, մեծերն էլ երբ ուտում են, հիշում են մայրական սերն ու հոգատարությունը»,- ասում է պրոֆեսոր Կիմը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կիմբապ անունը հուշում է ուտեստի գլխավոր բաղադրիչների մասին՝ gim՝ բրինձ եւ bap՝ ջրիմուռի տեսակ: Մյուս բաղադրիչները կարող են շատ տարբեր լինել, դրա համար էլ կիմպաբի տեսակները Կորեայում բազում են: Իր տեսքով այն նման է ճապոնական մակիին, սակայն կան որոշ տարբերություններ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ճապոնական մակիի բաղադրիչների ցանկում սովորաբար հում ձուկ է լինում, ծովամթերք, մինչդեռ կիմբապի պարագայում կորեացիներս օգտագործում ենք տարբեր տեսակի բանջարեղեն, ձու, տավարի միս, սպանախ: Հաճախ, նաեւ ջրիմուռ ենք կտրատում բրնձի մեջ, այդպես շատ անուշ բույր է տարածվում: Ճապոնական մակին հիմնականում ճաշակում են սոյայի սոուսով, մինչդեռ կիմբապը՝ ոչ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եթե կա կիմչի (հեղ.՝ կորեական թթու կաղամբ), ապա վրան կիմչի ենք դնում ու այդպես ուտում»,- ասում է Կյոն Հվա Կիմը:
Բաղադրիչների նախապատրաստում
Դասական կիմբապի միջուկի հիմնական բաղադրիչներն են՝ գազար, վարունգ կամ սպանախ, սպիտակ բողկի թթու (կորեերեն՝ danmuji), ձու եւ տավարի միս կամ այլ մսե բաղադրիչ: Վերջինը բուսակերները կարող են փոխարինել տոֆուով կամ սնկով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բաղադրիչները հիմնականում կտրատում են երկար ձողիկների տեսքով: Գազարը քիչ ձեթով թույլ տապակում են, սպանախը՝ ջրի մեջ մի փոքր եռացնում, կտրատված կամ աղացած տավարի միսը տապակում են մի փոքր սոյայի սոուսով, իսկ ձվից պատրաստում ձվածեղ ու կտրատում՝ նորից երկար ձողիկների տեսքով:
Բրինձը ճիշտ եփելը կարեւոր է
Այս բաղադրատոմսում ամենակարեւորը բրինձն է, հենց դրա պատրաստումից է կախված՝ ինչքան համեղ կստացվի կիմբապը: Կիմբապի համար կորեացիներն ընտրում են կլոր բրինձ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եփելուց առաջ այն լավ լվանում են՝ առնվազն 3-4 անգամ: Ջրի եւ բրնձի հարաբերակցությունը պետք է լինի 2:1-ի, ճիշտ չափաբաժինը կարելի է ստուգել ցուցամատի օգնությամբ. եթե մատն իջեցնում ենք կաթսայի մեջ ու պահում բրնձի մակերեսին, ջրի բարձրությունը պետք է հավասար լինի մատի առաջին ծալքին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բրինձը եփում են բարձր կրակի վրա, հասցնում եռման, այնուհետեւ ցածրացնում կրակն ու փակում կաթսայի կափարիչը: Այդպես բրինձը եփում է մոտ 10 րոպե: Հետո բրնձին ավելացնում են աղ, քունջութի ձեթ եւ քունջութ:
Փաթաթում ենք կիմբապը
Կիմբապը փաթաթելու համար անհրաժեշտ է բամբուկե գորգ (rolling mat): Չորացրած ջրիմուռի թերթիկը դնում են բամբուկե գորգի վրա՝ թերթիկի փայլուն հատվածը դեպի ներքեւ, վրան տարածում բրինձն այնպես, որ վերեւի մասից մոտ 5 սմ երկարությամբ ազատ տեղ մնա: Այնուհետեւ գծով շարում են բոլոր բաղադրիչները եւ գորգի օգնությամբ սկսում ամուր փաթաթել: Վերջում կիմբապը կտրատում են 1,5-2 սմ հաստությամբ օղակների տեսքով՝ պարբերաբար մաքրելով դանակի մակերեսը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պրոֆեսոր Կիմի խոսքով՝ կիմբապի բոլոր բաղադրիչները Հայաստանում հեշտ հասանելի են, երբեմն թթու բողկն է դժվար լինում գտնել, որն էլ հաճախ, անձամբ է պատրաստում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կորեական ռեստորաններում կիմբապի մի քանի տասնյակ տեսակներ կան, խանութներում եւս ընտրությունը շատ մեծ է: Այն արագ սննդի մենյուի առաջատարն է նաև իր մատչելիության շնորհիվ: Կորեական խոհանոցի այլ սիրված ճաշատեսակներ են ռամյոնը (արագ պատրաստվող լապշա), բիբիմբապը (բանջարեղենով եւ ձվով բրինձ), տեոկբոկին (բրնձի ձողիկներ չիլի սուսով):
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: