Լավաշը հայկականի խորհրդանիշներից է եւ մեր ազգային խոհանոցում իր ուրույն տեղն ունի։ Ցորենի ալյուրից պատրաստվող անալի սպիտակ հացատեսակը հայերն ավելի քան երեք հազար տարի առաջ են բացահայտել։
Լավաշը թխում են թոնրում, եւ թոնրից դուրս եկող յուրաքանչյուր լավաշ իր տեսքն ու դիմագիծն ունի։ Տասնամյակների ընթացքում հացթուխները դրանց յուրօրինակ անվանումներ են տվել։
Մեզ համար ծանոթ ու անծանոթ լավաշներն իրենց դիմագծերով ու անուններով հանրությանը ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու նպատակով «Երեմյան Փրոջեքթս»-ը նախաձեռնել եւ իրականացրել է «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» ցուցադրությունը։ Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 22-ին խորհրդանշական վայրում՝ «Լավաշ» ռեստորանում։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Տասնամյակից ավել ամեն օր տեղացի եւ օտարերկրյա հյուրերին մեր ռեստորաններում ներկայացնում ենք թոնրի լավաշի թխման գործընթացը, ինչը շատ կարեւոր ենք համարում, քանի որ դա շատ գեղեցիկ ավանդույթ եւ արարողակարգ է։ Այս նախաձեռնությամբ մենք շարունակում ենք հայկական խոհանոցի ճանաչելիության բարձրացմանն ուղղված մեր նախաձեռնությունների շարքը՝ հավատարիմ մնալով հայկական հյուրընկալության ավանդույթների պահպանման մեր առաքելությանը։ Այս անգամ որոշեցինք անդրադառնալ հայկական լավաշին, հացարարման գործընթացին։ Մեր փորձառու ու հմուտ հացթուխներ՝ տիկին Նվարդի, Գայանեի, Կարինեի եւ լուսանկարչի հետ միասին ստացանք լավաշի դիմանկարներ։ Հուսով ենք, որ նախագիծը կսիրվի»,- ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության PR բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը։
Հացթուխի վարպետությամբ ու լուսանկարչի հմտությամբ՝ լավաշներից յուրաքանչյուրն իր ուրույն գույնը, ձեւն ու բովանդակությունն են ստացել։ Որքան տաք է թոնիրը, եւ որքան հմուտ է հացթուխը, ըստ այդմ որոշվում է լավաշի դիմագիծը։ Օրինակ, թոնրի տաքանալուց հետո թխված առաջին լավաշին թեժաթուխ են ասում, գեղեցիկ լավաշին՝ ծաղիկ-ծաղիկ… եւ այսպես՝ մոտ 20 տեսակ։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Միջոցառման հյուրերից ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանն ընդգծեց.
«Լավաշի տարբեր անվանումներն, իհարկե, խոսում են լավաշի՝ երկար տարիներ գոյություն ունեցած ավանդույթի մասին, որովհետեւ ինչը լավ են ճանաչում մարդիկ, այդ պարագայում անգամ մանրուքներին անուններ են տալիս»:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Լավաշի դիմանկարներից առանձնանում էր սրտիկ-լավաշի դիմանկարը, որի նկարագրությունում գրված է. «Լավաշ, որում ոչ միայն ներդրված է սեր եւ սիրտ, այլեւ պատկերված է. հաճախ են թոնրից պատահաբար դուրս գալիս տարբեր պատկերներով լավաշներ. այս նկարում անակնկալ պատկերը սիրո խորհրդանիշ սիրտն է»։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Իսկ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հացթուխ Նվարդ Վարդանյանն էլ պատմեց, որ հացարարման գործում կարեւորը հենց սերն է. «Սերը, հոգի դնելը ամենակարեւոր գրավականն է, երբ դու հոգի ես դնում, սեր ես դնում քո արած աշխատանքի մեջ, արդյունքն էլ է լավ լինում։ Ու հասկանում ես, որ այդ դեպքում միայն լսում ես բարի խոսքեր, գովեստներ։ Այդ սերը հետադարձ փոխանցվում է մեզ»։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Սա առաջին ցուցադրությունն էր, բայց նախագծի ցուցադրությունների նոր առիթներ անպայման կստեղծեն, որպեսզի հայկական հացի դիմանկարներն ավելի ճանաչելի դառնան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: