×

Արման Գուրգենյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մսի բազմազանություն՝ նորաբաց «Արթեմիս» սրահում

Առաջին բանը, որ անում է մսավաճառ Դանիել Արզումանյանը վաղ առավոտյան աշխատանքի գալուց հետո, սառնարաններում ցուցադրվող մսի թարմությունը գնահատելն է։ Ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մսավաճառի համար կա մեկ սկզբունք. «ամեն անգամ հաճախորդին միս վաճառելուց պատկերացնում եմ, որ ընտանիքիս անդամն է, դրա համար էլ ոչ ոք ինձնից չի դժգոհում»։

Նա աշխատել է մսի տարբեր վաճառակետերում, իսկ «Արթեմիս Steakhouse & Butchery»-ի թիմին միացել է խանութի բացվելու ժամանակ՝ շուրջ երկու ամիս առաջ։ Սայաթ-Նովայի 2/7 հասցեում գործող խանութն առաջարկում է մսի եւ ձկան բազմազանություն։

Դանիել Արզումանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Տարիների ընթացքում կուտակած փորձը թույլ է տալիս լավ ճանաչել մսի որակը, տարբերակել լավն ու վատը եւ չնեղացնել հաճախորդներին։ Սիրում եմ իմ աշխատանքը, բայց մինչ այն ընտրելն ավելի շատ ուտել էի սիրում։ Ինչպես է, որ խոհարարները համեղ ուտեստներ են պատրաստում ու մատուցում, ես էլ որոշեցի նույնն այս մասնագիտության միջոցով անել»,- ասել է նա։

Մսավաճառը պատմել է, որ խանութը բացվում է առավոտյան 10։00-ին, բայց ինքն ավելի վաղ է գալիս։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Այսօր աշխատանքի եմ եկել 08։30-ին, շրջել եմ խանութում, նայել՝ ինչն է ավել, ինչը՝ պակաս, ինչն իր տեղում չէ, հետո սուրճ եմ խմել ու անցել իմ գործին»,- ասել է Դանիել Արզումանյանը։

«Արթեմիս»-ի տնօրեն Արման Գուրգենյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ խանութում վաճառվում է Ապարանի, Սիսիանի, Աբովյանի, Գառնիի, Եղվարդի ֆերմաներից բերվող մսամթերք։

Արման Գուրգենյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


««Արթեմիս»-ի միջոցով Երեւանի կենտրոնում փորձեցինք մարդկանց ներկայացնել մսի մշակույթը։ Ներկայացնում ենք այն, ինչը յուրահատուկ է, որակյալ։ Խանութում կան սթեյքերի տեսակներ, որ Հայաստանում դժվար է գտնել՝ Նյու Յորք, Թիբոն, Ռիբայ։ Այն, ինչ մարդիկ սովորաբար ուտում են ռեստորաններում, կարող են նաեւ մեզ մոտ գնել, տեղում տալ պատրաստման կամ տանել եւ տանը պատրաստել»,- ասել է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արման Գուրգենյանը պատմել է, որ որակյալ մսի ֆերմաներ գտնելու համար մինչ խանութի բացվելը շրջել են Հայաստանի մարզերում։

«Երկար փորձել ենք հասկանալ, թե որ ֆերմաները ինչ են կերակրում կենդանիներին եւ ինչ պայմաններում են պահում։ Պարտադիր է, որ մսամթերքն ունենա բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։ Ուսումնասիրություններից հետո ընտրել ենք մի քանի ֆերմա, որոնց հետ այժմ աշխատում ենք։ Ֆերմաներից խանութ միսը տեղափոխվում է հատուկ փաթեթավորմամբ ու մեքենայով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամեն անգամ, երբ մսագործն ասում է, որ միսը չի համապատասխանում մեր պահանջներին, չենք վերցնում։ Կարեւոր է ոչ միայն մսի տեսքը, այլ նաեւ կենդանու քաշը, ոսկորի գույնն ու անգամ ատամները, սրանք նրբություններ են, որոնց տիրապետում են մեր մասնագետները։ Ընդունված միսը տեղափոխվում է մեր խոհանոց ու մասնագետները սկսում են մշակել»,- նշել է «Արթեմիս»-ի տնօրենը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առանձնացված մսեղենը դրվում է հատուկ ափսեի մեջ, իսկ դրանց տակ՝ Իրանից եւ Ռուսաստանից ներմուծված հատուկ կտորներ, որոնք կլանում են ավելորդ արյունը, հոտը։ Արման Գուրգենյանը նաեւ պատմել է, որ մթերքի մեծ մասը շոկային մշակում է անցնում, որի արդյունքում վերանում են բոլոր մանրէները։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


««Արթեմիս»-ում վաճառվում են նաեւ մսային կիսաֆաբրիկատներ, բուրգերներ, տեղում պատրաստված սթեյքի սոուսներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Բացի սովորական հնեցման մսերից ունենք նաեւ մսեր, որոնք հնեցվում են գինու, վիսկիի մեջ։ Տեղում նաեւ պատրաստում ենք խորոված, սթեյք, բուրգերներ, ռոստբիֆ եւ այլն։ Մեր խոհարարները մարինացման տարբեր եղանակներ են օգտագործում՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ՝ արտասահմանյան»,- ասել է Արման Գուրգենյանը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին