×

Լուսանկարը՝ «Դդմաշկի»

«Դդմաշկի». հացեր եւ կարկանդակներ դդումի հիմքով

Աշխարհի տարբեր անկյուններում կարող ենք հացի տարբեր տեսակներ փորձել, բայց դդումից պատրաստված հացեր քիչ են հանդիպում: «Դդմաշկին» ստեղծվել է դդումը նոր ձեւով ու համերով ներկայացնելու եւ սիրել տալու համար. դդմաշկիները դդումից պատրաստված կարկանդակներ, հացեր ու ձողեր են, որոնք պատրաստվում են տարբեր երկրների համեմունքներով՝ պահպանելով դդումի օգտակարությունը:

GastroVino-ն զրուցել է բաղադրատոմսի հեղինակ, գեղեցկության խորհրդատու Հասմիկ Ավետիսյանի եւ իր դստեր՝ գաղափարը բիզնեսի վերածած Լիլիթ Ավետիսյանի հետ, ով էլ մեզ հյուրընկալել է իր՝ դդումներով զարդարված տանը:

Մի դդումի պատմություն

Լիլիթ

Գյուղ էինք գնացել, երբ շատ մեծ՝ մոտ 30 կիլոգրամանոց հսկայական դդում նվեր ստացանք: Մտածում էինք՝ ինչ կարելի է անել այդ դդումի հետ ու ինչ ասես փորձեցինք, նույնիսկ համացանցով ենք որոշ բաղադրատոմսեր փնտրել, փորձել։ Բայց անհնար էր այդ մեծ դդումը սպառել, հատկապես որ մենք էլ փոքր ընտանիք ենք: Բոլոր բաղադրատոմսերը, որոնք գտնում էինք, քաղցր բաղադրիչներ էին պահանջում: Երկար մտածելուց հետո մայրիկիս մոտ աղի խմոր
պատրաստելու միտք ծնվեց, հետո այդ խմորից կարկանդակներ թխելու գաղափարն առաջացավ: Սկզբնական շրջանում նա պատրաստում էր, մենք՝ ուտում, վաճառելու մասին անգամ չենք մտածել:

Հասմիկ

Երբ առաջին անգամ դդումից սկսեցի կարկանդակներ պատրաստել, տեսականին շատ-շատ մեծ էր, երբ փորձում էինք, չէինք հասկանում՝ ինչ պետք է լինի կարկանդակի ներսում, որ համեղ լինի: Այժմ 16 տեսակի միջուկով տեսականի ունենք, որից 8-ը դեռ մշակման փուլում են:

Լուսանկարը՝ «Դդմաշկի»


Սկսեցինք տարբեր փորձարկումներ անել, ընթացքում հասկացանք, որ տվյալ համեմունքը պանրի հետ համեղ կլինի, հետո մտածեցինք, որ պանրի հետ կանաչին ավելի համեղ կլինի:

Այդպես այնքան փորձեցինք, մինչեւ ստացանք հիմնական տեսականին՝ սնկի, պանրի, կանաչիի, դդումի եւ այլ միջուկներով կարկանդակներ, հացեր, նաեւ գինու եւ գարեջրի համար նախատեսված ձողեր: Մեր դեպքում խմորի 70 տոկոսը դդումն է, ալյուրը սովորական հացի համեմատ 2-3 անգամ քիչ է:

Բիզնեսի գաղափարն ու առաջին առցանց պատվերները

Լիլիթ

Համավարակի ժամանակ, երբ բոլորս տանն էինք, մայրիկիս առաջարկեցի՝ միասին փորձենք բիզնես սկսել, որովհետեւ ով փորձում էր, շատ էր հավանում, բայց մայրս շատ անլուրջ էր վերաբերվում:

Հասմիկ

Սկզբում մտածում էի, որ երբեք ոչ մի նորմալ մարդ առցանց ուտելիք չի պատվիրի, որովհետև չգիտի՝ ինչ պայմաններում է այն պատրաստվում: Զարմանքս մեծ էր, երբ առաջին պատվերներն էինք ստանում:

Լուսանկարը՝ «Դդմաշկի»


Առաջին առցանց պատվերն էլ մեր հարազատներից մեկն է հումորով արել, բայց մենք պաշտոնական շարունակեցինք, որպեսզի լուրջ տպավորություն գործենք:

Այժմ՝ ժամանակագրական հաջորդականությամբ

Հասմիկ

Հետաքրքիր է, որ բոլոր օրերն ինչ-որ իրադարձությունների հետ են կապված: 2019թ հոկտեմբերի 13-ին դդումը նվեր ենք ստացել: Նոյեմբերի 15-ին առաջին անգամ համտեսի ենք տվել: Նոր տարուն, երբ աղջկաս ապագա ամուսնու հարազատներն առաջին անգամ մեր տուն եկան, նրանց միայն դդմաշկի հյուրասիրեցի, կարծում էի՝ շատ լավ է ստացվել, բայց իրականում հակառակն էր, հացերը, լոշերը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեին մինչ ուտելը:

Երբ սկսեցին ճանաչել մեզ

Լիլիթ

Գյուղերից շատ էին գրում մարդիկ, որ դդում ունեն եւ կարող ենք իրենց դդումները եւս օգտագործել, աշխատում ենք տարբեր դդումներ փորձել: Նաեւ շատ էին զանգում եւ բաղադրատոմս հարցնում: Թխելու ձեւը նույնիսկ ես չգիտեմ՝ չնայած մայրս միշտ փորձում է սովորեցնել ինձ, բայց ես վստահ եմ, որ միանգամից ինչ-որ մեկի հետ կիսվելու եմ, թեպետ բաղադրատոմսը գաղտնի է:

Լիլիթը եւ Հասմիկը Լուսանկարը՝ «Դդմաշկի»


Հաճախորդներին դուր է գալիս նաեւ, որ յուրաքանչյուր պատվեր թխվում է անհատապես, մենք նախօրոք ոչինչ չենք անում, թխում ենք պատվերը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում: Բոլորը մտածում են, որ ես էլ իմ տանը միշտ ունեմ այդ հացերից, բայց իրականում այդպես չէ, ես էլ հերթի մեջ եմ (ծիծաղում է – հեղ․):

«Դդմաշկի», որովհետեւ…

Հասմիկ

Չէի ուզում ասել կարկանդակ, որովհետեւ շատ սովորական է այդ բառը, նաեւ «պեռաշկի» չէի ուզում ասել, քանի որ միանգամից ձեթի հոտ ես առնում:

Լուսանկարը՝ «Դդմաշկի»


Նախ` սկսել եմ գրաբարյան տարբերակներ ուսումնասիրել, մտածել ու հենց առաջին օրն էլ հասկացա, որ «Դդմաշկի» պետք է լինի, նաեւ շատ հարազատ է դարձել այդ անունը: Մնացած բոլոր տարբերակները՝ դդմանի, դդմանե, դդմեայ, դդմանակ, դդմե, որոնք մտածել էինք, ապագայում կլինեն տեսականիների անունները:

«Ուզենք, թե չուզենք»

Հասմիկ

Ուզո՞ւմ ենք արդյոք մեծացնել բիզնեսը: Ինչպե՞ս թե ուզում ենք։ Պիտի մեծացնենք՝ ուզենք թե չուզենք: Մեր ուզելով չի, պիտի դառնա մեծ ցանց, որտեղ բանջարեղենի հիմքի վրա հացերի մեծ տեսականի է լինելու, հիմա էլ ունենք, բայց դեռ վաճառքի հանված չեն, քաղցրավենիքներ ունենք, որոնց մասին դեռ ոչ ոք չգիտի:

Լիլիթ

Փորձում ենք շուկան լավ ուսումնասիրել, որպեսզի անկրկնելի լինենք: Հետաքրքիր է, որ սոցիալական էջերում առանց գովազդ միացնելու բավականին շատ հետեւորդներ ունենք՝ միայն մարդկանց դրական արձագանքների շնորհիվ, ցանկանում ենք պահել այս դրականը եւ արդարացնել մեր հաճախորդների սպասելիքները:

Հասմիկ

Մի քանի հոգի շատ կարեւոր դեր խաղացին՝ մեկը գիտակցաբար արեց օգնելու համար, մյուսը, անկեղծ էմոցիաներն արտահայտելով, մեծ օգնություն ցուցաբերեց:

Լուսանկարը՝ «Դդմաշկի»


Այդ ամենը շատ կարեւոր է մեզ համար: Ծրագրերում կա նաեւ փուռ-սրճարան-խանութ բացելը, որտեղ կունենանք խիստ հայկական տեսականի: Մեր նպատակը հայկական խոհանոցը հարստացնելն է: Շատ մտքեր ունեմ, բայց չգիտենք՝ ինչպես ենք հասցնելու այդքանը, բայց քիչ-քիչ կանենք, ամենադժվարն առաջին քայլն է:

Լյուդմիլա Շիրվանյան

Լուսանկարները՝ Անահիտ Ամիրխանյանի եւ Լիլիթ Ավետիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին