×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Yasmine restaurant. Տիկին Հասմիկի բաղադրատոմսերն ու 4 սեղանով սկսած գործը

Հալեպցի տիկին Հասմիկի ընտանիքի կարճատեւ արձակուրդը Հայաստանում «շարունակվում» է արդեն 10 տարի: Ամենասկզբում նրանց բացած արագ սննդի կրպակը վաղուց ռեստորան է դարձել։ Այցելուները գիտեն՝ տիկին Հասմիկը ոչ մի տարբերություն չի դնում ընտանիքի անդամների եւ իրենց միջեւ, երկու դեպքում էլ ուտեստները տնական են, ավանդական ու համեղ։

Հասմիկ Աշոտեանը GastroVino-ի հետ զրույցում պատմել է Հայաստանում հաստատվելու, Yasmine restaurant-ի եւ ընտանեկան ճաշերի մասին։

Սկիզբը՝ ազատ կրպակից

Ծնվել եմ Հալեպում։ 2012-ի սեպտեմբերին ամբողջ ընտանիքով Հայաստան պտույտի եւ հայկական անձնագիր ստանալու եկանք: Այն ժամանակ Սիրիայում պատերազմը նոր էր սկսել, իրավիճակը վատացավ, որոշեցինք մնալ։ Մեր 15 օրվա արձակուրդը երկարեց արդեն 10 տարի։ Փոքր տղաս այդ ժամանակ աշակերտ էր, իսկ մեծ որդիս Սիրիայում իր գործն ուներ եւ վերադարձել էր այնտեղ: Այդ շրջանում այստեղ մնալու որոշումը ես եւ ամուսինս կայացրեցինք։ Մնալու համար պետք էր ապրուստի միջոց ունենալ։

Հասմիկ Աշոտեանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երիտասարդ տարիքում բժշկական ինստիտուտ էի ավարտել, բայց չէի աշխատել, Սիրիայում տանտիկին էի։ Տան մոտակայքում, որտեղ մնում էինք՝ Սայաթ-Նովա փողոցում, ազատ կրպակ տեսանք, որոշեցինք վերցնել, անվանեցինք «Հալեպի սնունդ» եւ սկսեցինք արագ սնունդ մատուցել։ Սկսեցինք սիրիական սենդվիչներից, բրդուճներից։ Ես պատրաստում էի, ամուսինս՝ ներկայացնում։ Այդ շրջանում Հայաստանում շատ սիրիահայեր կային, կարծում էինք, որ նրանց շնորհիվ պահանջարկ կլինի եւ հենց այդպես էլ եղավ։ Հետո սենդվիչների տեսակներն ավելացրեցինք։

Մայիս ամսին էինք սկսել գործը, ձմռանը կրպակի հետեւի հատվածում գտնվող եւս մի փոքրիկ տարածք վերցրեցինք, այնտեղ էլ տաք ճաշեր սկսեցինք մատուցել եւ այդ հատվածն էլ անվանեցինք «Հալեպի ճաշեր»։

Մեր ռեստորանային բիզնեսը սկսեցինք ընդամենը 4 սեղանով։ Նոր տարածքում խոհանոց ունեինք, որտեղ էլ արդեն օգնական ունեցա։ Այսպես աշխատեցինք չորս տարի։ Շինությունները քարաշեն չէին, ամռանը շոգ էր, ձմռանը՝ ցուրտ։ Մշտական հաճախորդները քաջալերում էին, որ պետք է զարգանալ, ավելի լավ տեղում աշխատել։ 5 տարի առաջ որոշեցինք տեղափոխվել Փարպեցի 26 հասցե եւ բացեցինք Yasmine Restaurant-ը, սկզբից էլ խնդիր չունեցանք, որովհետեւ հաճախորդները շարունակեցին նաեւ այս ռեստորան այցելել։

Տիկին Հասմիկի բաղադրատոմսերը

Ռեստորանում մատուցում ենք ավանդական ճաշեր։ Մեր հյուրերն այստեղ ճաշակում են այն ամենը, ինչ տարիներ շարունակ պատրաստել եմ երեխաներիս եւ ամուսնուս համար։ Պատրաստման եղանակները հիմնականում մորիցս եմ սովորել։

Հասմիկ Աշոտեանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ամուսինս, տղաներս շատ բծախնդիր են համեմունքների հարցում, միշտ հետեւել եմ նրանց ցուցումներին, փորձել գոհացնել եւ այսպես զարգացրել խոհարարական ունակություններս։

Ավելի շատ սփյուռքից եկող այցելուներ ունենք, որոնց համար երեւանյան ճաշերն անսովոր են։ Որոշ ուտեստներ բավական աշխատանք են ուզում եւ Եվրոպայում կամ Ամերիկայում ապրող մարդը հազիվ թե այդքան ժամանակ կարողանա տրամադրել։ Այստեղ ճաշակած ուտեստներով մեր հյուրերն իրենց մայրերի կամ տատերի պատրաստած ճաշերն են վերհիշում։

Լուսանկարը՝ Yasmine


Ռեստորանը բացվում է առավոտյան 11-ին։ Սիրիական խոհանոցը նախաճաշի տեսակներ շատ ունի։ Առավոտյան մեզ մոտ գալիս են «Ֆուլ» ուտելու, որը չորացած բակլայով, թթու համեմունքով, սխտորով ուտեստ է։ Հատուկ համ ունի։ Ինչպես Հայաստանում ընդունված է խաշը, այնպես էլ սիրիահայերը «Ֆուլն» ուտում են առավոտյան։ Երբեմն այն թթու համով ենք պատրաստում, երբեմն էլ թահին ենք ավելացնում եւ տեղացիների համար ավելի ընդունելի համ է ստացվում։

Նախաճաշին նաեւ «Ֆաթթե» ենք առաջարկում, այն նույն կերպ է պատրաստվում, ինչ «Ֆուլը», պարզապես՝ սիսեռով, ավելացնում ենք թթու համեմունք, թահին եւ զարդարում չորացած հացիկներով։

«Մամունիյեն» Լուսանկարը՝ Yasmine


Արեւելյան խոհանոցում նախաճաշելուց հետո շատերը սիրում են «Մամունիյե» ճաշակել, որը մանիով եւ դարչինով պատրաստված քաղցրավենիք է։ «Մամունիյեն» ուտում են մածունի սերի կամ պանրի հետ։

Աղցաններ եւ ապուրներ

Արեւելյան աղցաններից ունենք «Ֆաթթուշ», «Թաբուլե», որոնք այստեղ շատերն են պատրաստում, բայց մի փոքր այլ կերպ։ Օրինակ՝ «Թաբուլեն» լոլիկով են պատրաստում, բլղուրն էլ շատ են լցնում, իսկ մենք ավելի շատ կանաչիներով եւ թթու համեմունքով ենք պատրաստում եւ մեր այցելուներն էլ այդ համն են փնտրում։

«Ֆաթթուշը» Լուսանկարը՝ Yasmine


«Ֆաթթուշն» էլ կանաչեղենի խառնուրդ է՝ դանդուռ, նանե, նաեւ բողկ, պանիր եւ չորացած հացիկներ ենք ավելացնում, համեմում նարշարաբով։ Մատուցում ենք նաեւ «Կեսար» եւ հունական աղցան, որոնք ավանդական ձեւերով են։ Ունենք «Մայրաքաղաքային աղցան», որը Սիրիայում պատրաստում էինք առանց մսի եւ անվանում «Սալադ ռուս»։

Yasmine-ում մատուցում ենք տարբեր ապուրներ՝ հավով, տավարի մսով, ոսպով, բանջարեղենով, վերջինը նաեւ սկսել են մեզ այցելող օտարազգիները՝ հատկապես ռուսները սիրել։ Այցելուները սիրում են մեր «Մանթին», որը խմորով պատրաստված պելմենիի է նման, բայց մածնապուրի մեջ է։

«Մանթին» Լուսանկարը՝ Yasmine


Մեզ այցելողները նաեւ սիրում են մածունով քուֆթայի երկու տեսակները։ Մեկը փոքրիկ իչլի քուֆթաներով է, մյուսը՝ գնդիկներով, որոնց մեջ գառան ճարպ ենք դնում եւ ուտելիս հալվում է։ Ամեն մարդ այս ուտեստը չի սիրում, բայց սփյուռքից եկողներն ավելի շատ հենց սա են պատվիրում։

Արեւելյան խորտիկներ

Արեւելյան խոհանոցում խորտիկների տեսակները շատ են՝ հայտնի հումուսը, մութաբալը, մուհամմարան, որը չորահացով պատրաստված կծու խորտիկ է։ Սա էլ այն ուտեստներից է, որ եթե մարդիկ ընտանիքներում փոքր տարիքից կերել են, ապա սիրում են, եթե՝ ոչ, այնքան էլ չէ։ Հավի եւ տավարի մսով թարաթոր ունենք, հավի կրծքամիսը խաշում եւ մանրացնում ենք, վրան թարաթոր լցնում, որը թահինով պատրաստված թթու սոուս է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ձեթով կամ «Յալանչի» տոլմա ունենք, որն առանց մսի է։ Այցելուները շատ են սիրում։ Ֆալաֆել ունենք, որը եւ նախաճաշին են պատվիրում, եւ խորտիկների հետ։
«Լոբի եւ բրինձ» ունենք։ Արաբները շատ են սիրում բրինձ եւ հետն էլ ջրիկ ճաշ են նախընտրում։ Մենք բրնձի հետ առանձին պնակով լոբով սուպ ենք մատուցում։ Արաբներն այս տարբերակը շատ են հավանում։

Ընտանիքի ռեստորանը

Այս ռեստորանը մեր տունն է եւ մեր հաճախորդերը, կարծես, մեր տան հյուրերն են։ Ինչպես տանն ենք ճաշում, նույնը մատուցում ենք եւ ամեն ինչին ուշադիր ենք։ Ես, ամուսինս, տղաս, նրա կինն ու թոռնիկս ամեն օր այստեղ ենք, հետեւում ենք, թե հաճախորդին ինչ է հրամցնում, սիրալիր ընդունում ենք նկատողությունները, կարծիքները։ Ուզում ենք միշտ լավ գնահատանք ստանալ։

Հասմիկ Աշոտեանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղ ամեն մեկս իր գործն է անում։ Ամեն երեկո գրում ենք մեր պակասները եւ առավոտից մինչեւ կեսօր ամուսինս շուկայի գործերով է զբաղվում։ Տղաս այլ գործ ունի, բայց միեւնույն ժամանակ մեր մենեջերն է։ Ես էլ խոհանոցով եմ զբաղվում, սկզբում անընդհատ պետք է խոհանոցում լինեի, բայց 4-5 տարի է, ինչ երկու օգնական ունեմ եւ ավելի հանգիստ եմ։

Սիրիահայերի ընտանիքներում տղամարդիկ, երբեմն, սիրում են խոհանոցում ուտեստներ պատրաստել, ձեռք մեկնել։ Երբ Սիրիայում տանը հավաք էինք ունենում, ես կարող էի միսը տալ, ամուսինս՝ սենդվիչ պատրաստեր։ Երբ դեռ նոր էինք տեղափոխվել Երեւան, մեզ համար նոր քաղաք էր, ամեն ինչ նոր էր եւ ամուսնուս օգնությամբ կարողացա սկսել այս գործն ու զարգացնել։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Yasmine restaurant-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին