×

Լուսանկարը՝ «Մեգաֆուդ»

«Կաթնա»-ն պանրի սպառման նոր մշակույթ է ձեւավորել Հայաստանում

Սննդային ապրանքների ներմուծմամբ եւ մատակարարմամբ զբաղվող «Մեգաֆուդ» ընկերությունը, որը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, այսօր հայկական շուկայում ներկայացնում է սեփական բրենդը։

2020թ.-ից սկսած թիմը աշխատել է սիրո, ջերմության ու բոլոր ընտանիքներին հասանելի կաթնամթերքի արտադրանքի ստեղծման համար եւ այսօր հայ սպառողին է ներկայանում Կաթնա (Katna) հայկական պանիրների արտադրանքով:

Որոշումը ռիսկային էր, տեսլականը՝ հաստատուն

«Ինչպե՞ս կարելի է պանրի արտադրություն սկսել մի երկրում, որտեղ կովի, այծի, ոչխարի եւ գոմեշի ավելի քան 25 տեսակ պանիր է արտադրվում: Եվ ոչ միայն արտադրել, այլեւ ոտք մեկնել մրցակցելու խանութի նույն դարակաշարում դրված ավանդական Լոռի, Չանախ, Չեչիլ տեսակների հետ»,- հարցնում ենք «Մեգաֆուդ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արմինե Ենգիբարյանին եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Գրիգորյանին:

Անկեղծ պատասխանում են՝ ռիսկային էր, բայց քայլն անելիս որդեգրել են բացառապես բնական հումքով պանիր արտադրելու ռազմավարությունը: Փորձը ցույց տվեց՝ ճիշտ էին:
 
Հիմքում հետազոտություններն են

Շուկայում հայտնված նոր պանիրներից Կաթնան նախագծից-արտադրանք ճանապարհն անցավ գրեթե մեկ տարում՝ լայնածավալ հետազոտական աշխատանքներից հետո:

«Մեգաֆուդի կողմից ներկայացվող բազմաթիվ ապրանքատեսակների հաջողության պատմություններն էին, որ մեզ ոգեւորեցին ստեղծել սեփական բրենդը», - Կաթնայի պատմությունը վերհիշելիս պատմում է Արմինե Ենգիբարյանը:

Արմինե Ենգիբարյանը Լուսանկարը՝ «Մեգաֆուդ»


Որոշեցին ստեղծել շուկայում առկա պանրային արտադրանքից տարբերվող՝ յուրահատուկ փաթեթավորմամբ, համով եւ որակով այնպիսի պանիր, որը սպառողը կճանաչեր հեռվից հեռու:

Սկսեցին հետազոտել նախ սպառողների կարիքներն ու վարքաբանական դրսեւորումները, հետո՝ շուկայում առկա պանրատեսակները, ապրանքանիշերի ներկայացվածությունն ու որակային հատկանիշները:

«Ի սկզբանե որդեգրեցինք քաղաքականություն, որ մեր արտադրանքը պետք է լինի 100 տոկոս բնական հումքից, բացառի հավելումներն ու արհեստական կաթի փոշին, պետք է համապատասխանի Եվրոպական ստանդարտներին ինչպես որակի ապահովման, այնպես էլ բրենդի ներկայացվածության տեսանկյունից։ Քննարկում էինք ցանկացած մանրուք՝ պանրի հասունացումից մինչեւ փաթեթավորման համար նախատեսված թղթի որակը:

Բազմաթիվ դժվարություններ ենք փուլ առ փուլ հաղթահարել եւ որպես արդյունք, շուկայում ներկայացնում ենք արտադրանք, որը տարբերվում է ոչ միայն իր կանաչ, մանուշակագույն եւ կապույտ դիզայնով, այլեւ համով»,- մանրամասնում է Արմինե Ենգիբարյանը:

Հիմա՝ 3, շուտով՝ 4

Հայկական շուկայում Կաթնան ներկայանում է Լոռի, Չանախ,Սուլուգունի տեսակներով: Ցանկում սեպտեմբերից կավելանա նաեւ Չեչիլը՝ ապխտած եւ ոչ ապխտած տեսակներով:

Լուսանկարը՝ «Մեգաֆուդ»


«Մեր հետազոտությունների ընթացքում պարզ դարձավ, որ հայկական շուկայի մոտ 60 տոկոսը սպառում է Լոռի, 30 տոկոսը՝ Չանախ, իսկ մյուս պանրատեսակներն արդեն նախընտրում է սպառողների 10 տոկոսը: Հենց այդ պատճառով էլ մեր արտադրանքի մեծ մասնաբաժինը կազմում է Լոռին, հետո Չանախը, ապա՝ Սուլուգունին»,- ասում է Մեգաֆուդ ընկերության կոմերցիոն տնօրենը:

Արտադրամասի ընտրությունը

Ամասիան հայտնի է արոտավայրերով, եւ ինչպես պնդում են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները, այս տարածաշրջանի կաթը որակապես շատ տարբեր է՝ ավելի բարձրորակ է:

«Արտադրող-գործընկեր ընտրելու հարցին շատ լուրջ ենք վերաբերվել, հանդիպել ենք շատ ընկերությունների հետ, ունեցել տարբեր՝ այդ թվում «կույր» համտեսներ, ուսումնասիրել ենք սանիտարահիգիենիկ պայմանները եւ վերջնական ընտրությունը կանգ է առել Ամասիայի պանրի գործարանի վրա:

Այս պանրագործական ընկերությունը գործում է 1937 թվականից եւ ուրախ ենք այս գործակցության համար, որովհետեւ Ամասիայի պանրագործական ընկերությունն ունի ոլորտի լավագույն, իսկ մենք մոտ 4000 վաճառակետի եւ ապրանքների ներկրման, ներկայացման փորձը:

Աննա Գրիգորյանը Լուսանկարը՝ «Մեգաֆուդ»


Մեր պանրագործները հենց Ամասիայի բնակիչներ են: Կաթնան այստեղ արտադրվում է առանձին արտադրամասում, որը ստեղծվել է հենց մեր պանրատեսակի արտադրության համար եւ վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով: Այստեղ աշխատում են երեք հերթափոխով, իսկ պանիրները մինչեւ 60 օր հասունացում անցնում 4-6 °C ջերմաստիճանում եւ 80 տոկոս խոնավության պայմաններում»,- մանրամասնում է Մեգաֆուդ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Գրիգորյանը:

Հաղթահարելով խնդիրները

«Մենք որոշեցինք քայլել ավանդական բաղադրատոմսերի պահպանման ճանապարհով եւ խուսափել նորարարություններից, որովհետեւ մեզ համար կարեւոր է ճիշտ ու մաքուր արտադրանք ունենալը», - պատմում է Արմինե Ենգիբարյանը:

Իսկ ինչպե՞ս է ընկերությունը դիմագրավում կաթի միջազգային շուկայում առկա ճգնաժամին հարցին, Մեգաֆուդի կոմերցիոն բաժնի ղեկավարն ասում է՝ իրավիճակն անկանխատեսելի էր, բայց ոչ վտանգավոր:

Լուսանկարը՝ «Մեգաֆուդ»


«Նախորդ տարվանից կաթի համաշխարհային շուկայում սկսեցին անկանխատեսելի թանկացումներ: Հայաստանում առկա էր նաեւ երկու այլ խնդիր՝ երաշտ եւ արոտավայրերի կրճատում: Սա, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ կաթի տեղական շուկայի վրա՝ ապրանքի մնացորդի խնդիր առաջացավ: Մենք փորձում էինք զսպել գնաճը, եւ եթե որոշ արտադրողներ «խաղում էին» որակի վրա եւ պահպանում նույն գինը, մենք որոշեցինք գնալ ապրանքի «դեֆիցիտի» ճանապարհով:

Արդյունքում 2-3 ամիս Կաթնան շուկայում շատ ավելի քիչ քանակությամբ էր ներկայացված, բայց փոխարենը պահպանում էր եւ՛ սկզբնական որակը, եւ՛ գինը:

Մարքետինգային քաղաքականությունը

Աննա Գրիգորյանն ասում է, որ Կաթնայի մարկետինգային քաղաքականության հիմնական շեշտադրումը սպառողին ճշգրիտ ինֆորմացիա մատուցելն է եւ արտադրանքն ամբողջությամբ թափանցիկ ներկայացնելը՝ բաղադրությունից մինչեւ աշխատելաոճ:

«Մեզ համար շատ կարեւոր է մաքուր եւ առողջ սնունդ ունենալը, որովհետեւ Կաթնայի սպառողները նաեւ մեր ընտանիքի անդամներն են: Մենք այսօր հպարտությամբ ենք նշում, որ մրցակիցներ գրեթե չունենք, որովհետեւ մենք այն եզակի ընկերությունն ենք, որ բացառապես մաքուր արտադրանք է մատուցում եւ ճանաչում է այն 100 տոկոսով: Մեր ամենամեծ նպատակներից մեկը հայ սպառողին կրթելն է` ուզում ենք, որ պանրի գնորդը տարբերակի բնական պանիրը պանրային արտադրանքից, եւ գնահատի իրական որակը»:

Կաթնայի մասին արձագանքները

Արմինե Ենգիբարյանի հավաստիացմամբ՝ շնորհիվ փաթեթավորման, հաճախ են կարծում, որ Կաթնան արտադրվում է ոչ Հայաստանում: Հաճախ քննարկվում է նաեւ փաթեթավորման վրա պատկերված աղջիկը՝ Նարեն:

Լուսանկարը՝ «Մեգաֆուդ»


«Հաճախ են ասում, որ Կաթնայի վրա պատկերված աղջիկը հայ չէ, եվրոպացի է: Շատ են դրական կարծիքները, որ վերջապես շուկայում կա պանրատեսակ, որն ամբողջությամբ բնական կաթից է, չի պարունակում ոչ մի այլ հավելում, շատ դրական արձագանքներ ենք լսել դիզայնի վերաբերյալ: Մեր շուկայում «գլուխ» պանրի մեծ պահանջարկ կա, եւ այդ պատճառով է, որ Կաթնան ներկայացված է յուրահատուկ ձեւով՝ այն փոքր, բայց ամբողջական «գլուխ» կտոր է եւ իր հետ կրում է նաեւ գովազդային ուղեցույց, որը շարժական է. «պանիրն ինչքան էլ կտրես, այն պահպանվում է»:

Կաթնան եւ Նարեն

Ընկերությունն արտադրանքի շատ անվանումների շուրջ է մտածել, ընտրության շատ տարբերակներ են առաջարկվել, վերջնական ընտրել «Կաթնա» անվանումը:

Արմինեն եւ Աննան պնդում են՝ այն ասոցացվում է բնական կաթի, մաքրության եւ մերօրյա ժամանակների հետ: Պատահական չի «ստեղծվել» նաեւ Կաթնայի փաթեթավորման վրա պատկերված հերոսուհին՝ Նարեն:

«Կաթնան նաեւ մեր պատմության մի մասն է: Սա հենց այն տարածաշրջանն է, որտեղից սերում է Նարեն: Այս ամենի մասին շատ շուտով մենք պատմելու ենք նաեւ մեր գովազդային արշավի շրջանակում»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին