×

Մարգարիտ Թաթոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«ՆախշՏուն Գաթա». խորհուրդը, մանկության համը, վերածնված գաթանախշիչները

Անգլերենի մասնագետ Մարգարիտ Թաթոսյանը փոքրիկ վառարանում թխում է ավանդական, նախշազարդ գաթաներ, հետո ամուսնու օգնությամբ արագ փաթեթավորում եւ ուղարկում պատվիրված հասցեով, որ չհասցնի սառել։

Մարգարիտ Թաթոսյանն ու նրա ամուսինը համավարակի դժվար օրերին են հիմնել «ՆախշՏուն Գաթա»-ն՝ գաթայի հետ մարդկանց նաեւ սեր փոխանցելու համար։ Մարգարիտն ասում է՝ «ամեն անգամ գաթայի խմորի հետ մի երգ, մի ուրախություն, սիրո մի կաթիլ եմ հունցում»։

GastroVino-ի հետ զրույցում Մարգարիտ Թաթոսյանը պատմել է ընտանեկան նախաձեռնության, գաթանախշիչների վերականգնման, «Թագավորական» եւ աղի գաթաների մասին։

«Թխում եմ ես, ներկայացնում՝ ամուսինս»

Ես խոհանոցային հարցերում եմ ուժեղ, ամուսինս՝ համակարգչային դիզայնի։ Այսպես, որոշեցինք, որ ես կթխեմ գաթաները, իսկ նա կզբաղվի դրանց ձեւավորմամբ։ Ամուսինս ինձ շատ է օգնում՝ վերականգնում է հին հայկական գաթանախշիչները, լուսանկարում գաթաներն ու նաեւ զբաղվում համացանցի մեր էջով։ Ստացվում է, որ թխում եմ ես, նա՝ ներկայացնում։ Հենց սկզբից որոշել ենք, որ գաթաները պետք է պատրաստենք այնպես, ինչպես մեր ընտանիքի համար ենք անում։

Ամուսինս նաեւ մեր գաթաների գլխավոր «ֆանատն» է, նեղվում է, երբ խանութից թխվածք կամ քաղցրավենիք եմ գնում, խանդով է վերաբերվում (ծիծաղում է-հեղ․)։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գաթան տոն է, սեր, արեւ, ջերմություն։ Մեր ընտանիքում այն միշտ կարեւոր նշանակություն է ունեցել։ Գաթայի կլորությունն էլ խորհրդանշում է օջախը։ Մեր աշխատանքով փորձում ենք փոխանցել գաթայի խորհուրդը, ուզում ենք, որ այս գաթաները համախմբեն ընտանիքներ։

Ես եւ ամուսինս արմատներով Գեղարքունիքի մարզի տարբեր գյուղերից ենք եւ առաջինը, որ սկսեցինք պատվերով թխել, հենց Գավառի գաթան էր։ Ավանդական բաղադրիչներին ավելացնում էի ընկույզ եւ չամիչ, վրայի նախշերն էլ պատառաքաղով էի անում։ Հետո որոշեցինք ավելի խորն ուսումնասիրել եւ Հայաստանի մյուս շրջանների գաթաներ պատրաստել, քանի որ ամեն շրջան ունի գաթայի իր բաղադրատոմսը։

Մարգարիտ Թաթոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նյութերը փորձում ենք հայթայթել մեր՝ ազգագրագետ, հնեաբան, թանգարաններում աշխատող ընկերների օգնությամբ։ Նրանցից ոմանք զարդարվեստի, մի մասն էլ՝ հենց խոհանոցային ուղղության մասնագետներ են։

Որոշ ուսումնասիրություններից հետո պատրաստեցինք մեր երկրորդ՝ Սասունի գաթան։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցինք կիրառել գաթանախշիչներ։

Զարդարված գաթաներ

Գաթանախշիչները հայկական ընտանիքներում օգտագործվել են հնագույն ժամանակներից։ Ամեն ընտանիք ունեցել է իր գաթանախշիչը, հարուստ ընտանիքների համար պատրաստվել են գաթայի երեսը նախշելու անհատական գործիքներ, իսկ մյուսներն օգտագործել են ընդհանուր նախշեր։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ասում են, որ նախկինում՝ տոն օրերին, ամեն տան աղջիկ պետք է գաթա թխեր եւ զարդարեր իր ընտանիքի գաթանախշիչով, որեւէ գաթա հավանելու դեպքում համտեսողները կարող էին նախշերից իմանալ, թե որ ընտանիքի աղջիկն է թխել այն, եւ եթե գաթան համեղ էր, ուրեմն արժեր այդ ընտանիքից աղջիկ «հարս բերել»։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փորձել ենք թանգարաններից, տարբեր աղբյուրներից գտնել գաթանախշիչների օրինակներ։ Մեր օգտագործած գործիքների մի մասը հենց վերականգնված գաթանախշիչներն են, որոշ նախշեր էլ վերցրել ենք խաչքարերի զարդանախշերից եւ փորձել դարձնել գաթանախշիչներ։ Փորձում ենք վերականգնել կենցաղում գաթանախշիչներ օգտագործելու ավանդույթը։

Երբ գաթան դուրս եկավ ընկերական շրջանակից

Մինչ «ՆախշՏուն Գաթա»-ն՝ հաճախ էի գաթա թխում, հրավիրում ազգականներին ու ընկերներին, հյուրասիրում։ Գաթաները բիզնեսի վերածեցինք 2020 թվականի հունիսին, երբ մարդիկ տխուր էին, շատերն աշխատանք էին կորցրել այդ շրջանում, մենք էլ որոշեցինք սեր փոխանցել գաթաների միջոցով։ Բիզնեսը սկսելուց հետո առաջին պատվիրատուները մեր ընկերներն էին։ Սկզբում մի փոքր անսովոր էր, որ պետք է մեզ հարազատ մարդիկ գնեն, կարծում էինք՝ փորձում են քաջալերել, օգնել, որ վատ չզգանք, բայց երբ պատվերները ընկերական շրջանակից դուրս եկան եւ դրական արձագանքներ եղան, ավելի համոզվեցինք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում եւ սերը, մշակույթը պետք է ավելի շատ մարդկանց հասցնենք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անքուն գիշերներ, հիասթափություններ են եղել, երբ բիզնեսը փորձում էր թափ առնել, ցավոք, պատերազմը սկսեց։ Այդ օրերին պատվերներ չկային, մեր կյանքն էլ կանգ էր առել, բայց փորձեցինք այդ ամենը հաղթահարել, ճեղքել ու հավատալ, որ այս գործը կստացվի։

Աղի եւ «Թագավորական» գաթաներ

Սասունի գաթայի հետ կապված շատ պատմություններ են եղել, հատկապես տարեց մարդիկ այն ուտելիս հուզվում են, ասում, որ իրենց մանկության համն է հիշեցնում։
Արշավական ընկերներ ունենք, որոնք գնում են Հայաստանի տարբեր սարեր, գյուղեր եւ իրենց հետ նաեւ մեր գաթան են տանում։ Արշավներից մեկին ժամանակ էլ, երբ մեր ընկերները հյուրասիրել են մի տարեց կնոջ, նա ասել է, որ իր տատերն ու պապերը սասունցիներ են, իր հիշողության մեջ մնացել է տատի սարքած գաթայի համը եւ մեր գաթան էլ շատ նման է դրան։ Հաճելի է, որ կարողանում ենք վերականգնել մարդկանց մանկության համը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր ուսումնասիրությունների ընթացքում տարբեր շրջաններում հանդիպել ենք գաթայի բաղադրատոմսի, որի մեջ մի քանի տեսակի չիր, ընկույզ, մեղր է լինում։ Որոշեցինք այն պատրաստել եւ անվանել «Թագավորական»։ Այս գաթայի համար ամուսինս մշակեց Տիգրան Մեծի, Արտավազդ թագավորի թագերի վրայի նախշը եւ այն դաջում ենք գաթայի երեսին։ Կարծում եմ՝ հայոց թագավորները հաճույքով կուտեին այդպիսի հարուստ գաթա եւ հաստատ կհավանեին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գաթաներն անվանում ենք այն շրջանների անուններով, որտեղ դրանք պատրաստվել ենք, բայց, ցավոք, երբ փնտրում էինք Էրզրումի գաթա, որեւէ հիշատակում չգտանք։ Փորձեցինք որոշակի չափով վերականգնել մոռացվածն ու գոնե անունը շրջանառության մեջ պահել։ Մեր ուսումնասիրությունները հանգեցին նրան, որ այդ տարածաշրջանում շատ թզենիներ են աճել։ Այսպես, մշակեցինք թզով գաթայի բաղադրատոմս եւ անվանեցինք «Էրզրում»։

Այժմ ունենք 9 տեսակի գաթա։ Շատերը զարմանում են, երբ իմանում են աղի գաթայի մասին։ Նման գաթաներ պատրաստվել են հյուսիսային շրջաններում։ Երբ աղքատություն է եղել, տներում շաքարավազ չի եղել, կանայք ստիպված աղով խորիզ են պատրաստել։ Ջավախքում, Շիրակի մարզում հիմա էլ դեռ պատրաստում են աղի գաթաներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր գործում փորձել ենք միախառնել ավանդականն ու նորույթը, այս տրամաբանության մեջ է գետնանուշի կրեմով գաթան։ Կրեմը մենք ենք պատրաստում՝բնական եւ առանց հավելումների։ Պատրաստում ենք նաեւ արմավով եւ նուշով գաթա։

Անձնագրով գաթաներ

Մեր գաթաները դեռ միայն օնլայն են վաճառվում։ Նախապես չենք պատրաստում ու սպասում, թե երբ պատվեր կլինի։ Միայն պատվերը ստանալուց հետո եմ խմորը պատրաստում, դրա համար էլ ցանկալի է, որ պատվերներն անեն գոնե մեկ օր առաջ կամ, լավագույն դեպքում, առավոտյան՝ երեկոյի համար։ Փորձում ենք այնպես անել, որ նոր թխված գաթան տաք վիճակում հասնի պատվիրատուին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաքումից առաջ գաթաները գեղեցիկ փաթեթավորում ենք, փակցնում պիտակ, որի վրա գրված է գաթայի անվանումը, պարունակությունը, բայց որոշել ենք անձնագիր պատրաստել բոլոր գաթաների համար, հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շուտով ամեն գաթայի հետ կլինի նաեւ անձնագիր եւ փոքրիկ պատմություն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե որեւէ մեկն ուզում է անակնկալ անել, գաթա նվիրել, ապա այս դեպքերի համար ունենք հատուկ տուփեր։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջարկում ենք նաեւ այնպիսի տուփեր, որոնց մեջ ոչ միայն գաթան է դրվում, այլեւ մեր պատրաստած հայկական կավի բաժակները, գաթանախշիչների տեքսով բաժակի տակդիրներ, հայկական թեյեր, մեր լոգոյով էկո պայուսակներ։

Նախաձեռնություն՝ փոքրիկ վառարանով

«ՆախշՏուն Գաթա»-ի տնական գաթաները թխվում են փոքրիկ վառարանում, բայց մեծ արտադրամաս ունենալու ցանկություն ունենք, արտահանման հետ կապված ծրագրեր, ուզում ենք այնպիսի ճանապարհ, մեթոդ գտնել, որը թույլ կտա մշտական արտահանում ապահովել։

Մարգարիտ Թաթոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ուզում ենք նաեւ բիզնեսին տալ ավելի սոցիալական ուղղվածություն, որը կներառի մշակույթի պահպանությունը՝ երեխաներին իրազեկելու եւ մասնակիցը դարձնելու միջոցով։ Դեռ չգիտենք՝ այն կլինի արհեստանոց, որտեղ կգան մաստեր-կլասերի, կմասնակցեն պրոցեսին, նաեւ կհյուրասիրվեն, թե՝ մեկ այլ ձեւաչափով։

Մենք շարունակում ենք ուսումնասիրությունները, տարբեր շրջանների գաթաների բաղադրատոմսերի փնտրտուքը, որ ավելի ընդլայնենք տեսականին, զուգահեռ՝ նաեւ նոր բաղադրատոմսեր ենք հորինում ու մշակում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին