Համավարակի սկզբում փակված ու նախորդ տարի վերաբացված TAVA ռեստորանը վերադարձել է հին ու նոր համերով, կոկիկ ճաշացանկով եւ թավաների բազմազանությամբ։ Vardo group-ի նոր TAVA-ն կրկին Դիլիջանում է, տեղակայվել է ընկերության մեկ այլ՝ «Կճուճ» ռեստորանի կողքին։
Vardo group-ի հիմնադիր Վարդա Ավետիսյանը GastroVino-ին պատմել է TAVA-ն վերաբացելու լավագույն հնարավորության, միջազգային համեր օգտագործելու եւ «Գերմանբլիթներ»-ի մասին։
Կասկած չկար, որ կվերաբացվի
Մեր թիմում երբեք կասկած չի եղել TAVA-ի վերաբացվելու շուրջ։ Այն հաջողված պրոյեկտ էր, փակվելուց հետո վերաբացման համար ներդրումների առաջարկներ էին լինում, բայց այդ ժամանակ Հայաստանում չէինք, ես էլ փոքրիկի էի սպասում։ Ամեն ինչ հետաձգվեց, մինչեւ եկանք Հայաստան եւ անցած տարվանից սկսեցինք ավելի լուրջ մտածել այդ մասին։
Լուսանկարը՝ Vardo group
Ընթացքում քննարկել ենք նաեւ ռեստորանը Երեւան բերելու հարցը, բայց միշտ մտածում էի, որ Դիլիջանի TAVA-ն հենց այնտեղ պետք է վերաբացվի, իսկ Երեւանի TAVA-ն լրիվ ուրիշ պետք է լինի։ Անցած տարի տարբեր առաջարկներ ստացանք, մտածում էինք տարբեր գաղափարների շուրջ եւ հանկարծ, շատ բնական, TAVA-ի վերաբացման հարցը լուծվեց։ Մի կազմակերպություն Դիլիջանում՝ «Կճուճ»-ի հարեւանությամբ տարածք էր գնել, առաջարկեց ռեստորան սարքել ու վարձակալության տալ մեզ։ Այդ միտքը մեզ շատ դուր եկավ եւ համաձայնեցինք։
Վարդա Ավետիսյանը | Լուսանկարը՝ Vardo group
Բիզնեսի տեսանկյունից շատ ավելի ճիշտ կլիներ, որ սեզոնի սկզբին բացվեր, բայց այնքան անհամբեր, ոգեւորված ու անհանգիստ էինք, որ բացեցինք 2021 թվականի նոյեմբերին՝ հենց որ շենքը պատրաստ եղավ։
Մրցակից ռեստորաններ
TAVA-ն ու «Կճուճը» թե տարբեր տարածքներում, թե կողք-կողքի գործելիս՝ մրցակից ռեստորաններ են, բայց սեզոնին իրար ընդհանրապես չեն խանգարում, ընդհակառակը՝ լրացնում են։ Հաճախ մենք դիտում ենք, թե ինչպես են մարդիկ աստիճաններով բարձրանալիս փորձում որոշել՝ աջ գնա՞լ՝ դեպի «Կճուճ», թե՞ ուղիղ գալ TAVA, իսկ խմբերն էլ, երբեմն, կիսվում են։
Կոնցեպտուալ առումով ինձ շատ դուր է գալիս, որ TAVA-ն ու «Կճուճը» իրար մոտ են, երկուսի թեմաները շատ տարբեր են, բայց նաեւ նման։ Այս երկու ռեստորանը միմյանց նմանացնում է փուռը (վառարան): Մեզ մոտ եւ կճուճները, եւ թավաները փռից են դուրս գալիս, բայց ոճով, մատուցած ուտելիքով ռեստորաններն ամբողջությամբ տարբերվում են։
Լուսանկարը՝ Vardo group
«Կճուճում» դանդաղ եփված ուտելիքներ են, իսկ TAVA-ում ավելի «տժ-տժ» վիճակ է։ Իմ կարծիքով՝ մեր մոտ եկող մարդկանց բավական լավ ընտրություն ենք տվել։
Կոկիկ ճաշացանկ եւ բազմազան թավաներ
TAVA-ում ամեն ինչ մատուցվում է ծանր չուգունի թավաներով, որոնք դուրս են գալիս փռից, այդ թվում՝ աղանդերը, բացառություն են միայն նախուտեստները։ Վերաբացումից հետո TAVA-ի մենյուն նորացվել է, ավելի կոկիկ է, քան նախկինում։ Չէի կարող մենյուի վրայով անցնել ու ձեռք չտալ։ Նույնիսկ, երբ մեր ռեստորաներում սեզոնային փոփոխություններ ենք անում ու ֆիքսում, աշխատում են դրանից հետո ինձ խոհանոց շատ չթողել, որ «չբզբզեմ», այլապես երբ մենյուն պատրաստ է, ես կարող եմ նոր գաղափարներ առաջարկել։
Միջերկրական թավան | Լուսանկարը՝ Vardo group
TAVA-ում կային շատ ուտեստներ, սոուսներ, համադրություններ, որ մարդկանց դուր էին գալիս, դրանք պահել ենք եւ թարմացրել։ Վերաբացումից հետո մեր հիմնական թավաները համառոտ ու բազմազան են եւ առանձնանում են համային համադրություններով։
«Ֆահիտայի» թավան | Լուսանկարը՝ Vardo group
Օրինակ՝ «Ֆահիտայի» թավան ենթադրում է մեքսիկական սոուսներ, լոբի, խորոված եգիպտացորեն, լոլիկ, սոխ, իսկ հիմնական բաղադրիչը ընտրում է հյուրը։ Ունենք մոտ տասը հիմնական բաղադրիչ՝ կարող եք ընտրել, թե ձեր թավան ինչով լինի։ Օրինակ, հավի խորոված կրծքամիս, խոզի փափկամիս, խոզի մատեր, հավի թեւիկներ կամ սունկ։
Լուսանկարը՝ Vardo group
Սկզբից էլ, երբ TAVA-ն բացվել էր, իր ոճով ցույց էր տալիս հին եւ նոր Դիլիջանը, որն ինձ համար Հայաստանի ամենաբազմազան քաղաքն է։ Հետեւաբար, մենյուն օգտվում է այս բազմազանությունից։ TAVA-ն օգտագործում է նաեւ միջազգային համեր ու համադրություններ։ Ունենք միջերկրական եւ ասիական թավաներ, բայց մենք մենք չէինք լինի, եթե օգտագործեինք ասիական նուդլներ, փոխարենն օգտագործում ենք արիշտա։
Բուսակերների համար
TAVA-ում, ինչպես նաեւ մեր մյուս ռեստորաններում, հատուկ ուշադրություն ենք դարձնում բուսակերներին։ Օրինակ՝ երբ ուտեստի հիմնական բաղադրիչն ընտրում են սունկ կամ սիսեռի տոֆու, թավաները դառնում են բուսական կամ վեգան՝ սոուսներից եւ մնացած բաղադրիչներից ելնելով։ Բացի այդ, TAVA-ում գրեթե ամեն ինչ կարելի է ուտել բուսական տարբերակով։
Գերմանբլիթներ
TAVA-ն նաեւ նորություններ ունի, օրինակ՝ ստեղծագործել ենք Dutch baby բլիթների վրա, թարգմանել ենք «Գերմանբլիթներ»։ Որքան հասկացել եմ՝ Հայաստանում այդ բլիթներից չեն պատրաստում։ Dutch baby-ն Ամերիկայում ծնված գերմանական բլիթ է, երբ բնակվում էի ԱՄՆ-ում, իմ ամենասիրած փանքեյքներից մեկն էր։ ԱՄՆ-ում էլ, սակայն, դրանք այնքան էլ պոպուլյար չեն, քիչ տեղերում են պատրաստում։ Դրա համար հատուկ չուգունի թավա է պետք։ Ռեստորանները կամ պատրաստում են լավ Dutch baby, կամ առհասարակ չեն անում։ TAVA-ի փռում էլ այն սարքելու համար բավական աշխատել ենք, հատուկ տեխնոլոգիա է պահանջվել ու հիմա լավ է ստացվում, շատ բազմազան «Գերմանբլիթներ» ենք սարքում։
«Գերմանբլիթը» | Լուսանկարը՝ Vardo group
Dutch baby-ները, սովորաբար, մատուցվում են շաքարի փոշիով ու կիտրոնով։ Մենք վերցրել ենք բլիթի հիմքն ու խաղացել, պատրաստում ենք դիլիջանյան սնկով, տարբեր պանիրներով, բաստուրմայով ու հապալասի մուրաբայով։ Նախկինում ունեինք լոշով փոքրիկ բրուսկետաներ՝ մոթալ պանրով, բաստուրմայով ու հապալասի մուրաբայով, եւ անունն էլ «Անհավանական սեր» էր։ Այն անհավանական համերի համադրություն էր, բայց շատ սիրված, մեր այցելուները «Գերմանբլիթների» տարբերակն էլ են շատ հավանել։
TAVA-ն դեռ կմեծանա
TAVA-ն մեծ ռեստորան է եւ էլի է մեծանալու։ Հիմա, կարելի է ասել, 30%-ն է պատրաստ։ Շարունակելու ենք կառուցել մոտակա 1-2 տարիների ընթացքում եւ շատ ավելի մեծ համալիր է լինելու։ Ինտերիերը նույնն է, ինչ մինչեւ փակվելը, նույնիսկ ավելի լավն է։ TAVA-ի փակվելու ժամանակ թիմը հատիկ-հատիկ փաթեթավորել եւ պահեստում տեղավորել էր ռեստորանի կահույքն ու իրերը՝ անձեռոցիկից սկսած, մինչեւ աթոռներ ու սպասքի պահարաններ, սպասելով վերաբացմանը։ Նախորդ վայրում ունեինք քառակուսի շենք, որին շունչ էինք տվել, իսկ նոր տարածքը բաց պատուհաններով է, գեղեցիկ պատշգամբով եւ շատ սիրուն տեսարան ունի։
Լուսանկարը՝ Vardo group
Ճիշտ է, որ ամենը, ինչ լինում է, դեպի բարին է։ TAVA-ի վերաբացումը, երեւի, ավելի լավ հնարավոր չէր պատկերացնել։ Առաջին TAVA-ն ստեղծել էինք առանց գումարի, ամեն ինչ մեր ձեռքով էինք պատրաստել, իրենից մեծ արժեք ու էներգիա էր ներկայացնում, դրա համար վերաբացումն ինքն իրեն ստացվեց։
Լուսանկարը՝ Vardo group
TAVA-ն հիմա բիզնեսի տեսանկյունից շատ դժվարություններ ունի։ Իհարկե, մեր բոլոր հին հյուրերը, ովքեր սպասում էին վերաբացմանը, աջակցող են, միշտ գալիս են, բայց Դիլիջանը սեզոնային քաղաք է։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: