Wine Republic ռեստորանում 2021թ. հունիսից բացվել է պանրի անկյուն, որում այս ընթացքում ներկայացվել է մոտ 40 տեսակի պանիր՝ աշխարհի պանրագործական այնպիսի կենտրոններից, ինչպիսին Շվեյցարիան է, Հոլանդիան, Ֆրանսիան, Իտալիան:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հաճախորդներին սովորեցնել նոր պանիրներ համտեսել, դրանցով ճիշտ համադրություններ ստեղծել ու կիրառելի դարձնել տարատեսակ ուտեստներում, հենց այս ուղղությամբ է վերջին ամիսներին աշխատում Wine Republic-ի անձնակազմը:
«Wine Republic-ը Երեւանի այն ռեստորաններից է, որ միշտ, այսպես ասած, կրթողի դեր է ունեցել է», - ասում է Wine Republic եւ Point of View նախագծերի ղեկավար Վահան Գասպարյանը:
«Մենք սկսեցինք գինիներից, շարունակեցինք ուտելիքով: Առաջիններից էինք, որ եվրոպական ուտեստները բերեցինք Երեւան: Օրինակ՝ միդիաները, որոնք սկսեցինք մատուցել տարբեր սոուսներով: Հիշում եմ՝ այդ շրջանում սեղան ամրագրելու համար զանգահարողների մեծ մասը միանգամից հարցնում էր՝ «իսկ միդիա ունե՞ք»:
Վահան Գասպարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ժամանակի ընթացքում սննդի առումով որոշակի կրթական գործառույթ իրականացրեցինք, ինչը հիմա միանշանակ զգում ենք մեր այցելուների շրջանում: Հետո շեշտը դրեցինք ասիական խոհանոցի վրա, այդ մշակույթը բերեցինք Հայաստան, որը եւս շատ լավ ընդունվեց: Asador ռեստորանի դեպքում շեշտադրումն արեցինք ձկնային ուտեստների ու առհասարակ՝ ծովամթերքի վրա: Հիմա էլ Հայաստան ենք բերել այն պանիրները, որոնք ամբողջ աշխարհում ունեն իրենց տեղն ու կիրառելիությունը»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանում վստահ են՝ հասարակությանն անծանոթ ու երբեմն բավականին սուր հոտ կամ արտահայտված հետհամ ունեցող պանիրները պարզապես մատուցելով դժվար կլինի սիրված դարձնել: Պետք է մատուցել դրանք համադրություններով՝ գինու հետ, եւ պատմել պատմություն՝ ստեղծման ժամանակաշրջանի, տարածաշրջանի ու տեխնոլոգիաների մասին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Կրթելու երկու ճանապարհ ենք դիտարկում: Առաջինը համտեսներն են: Առաջիկայում ունենալու ենք հերթական համտեսը, որի ընթացքում մատուցելու ենք 8 տեսակ պանիր՝ 4 տեսակ գինով: Մյուս ճանապարհը մատուցվող ուտեստներում դրանք ներառելն է: Wine Republic-ի մենյուում արդեն ունենք ուտեստներ, որոնք պատրաստված են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն պանիրներով: Այսպիսով մարդկանց սովորեցնում ենք դրանց համին», - ասում է Wine Republic ռեստորանային խմբի մարքեթինգի եւ հատուկ նախագծերի համակարգող Գեւորգ Մնացականյանը:
Գեւորգ Մնացականյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պանիրների ներկրման հարցում Wine Republic-ն աշխատում է ֆրանսիական Fromi կազմակերպության հետ, որը համագործակցելով տարածաշրջանային տարբեր փոքր արտադրողների հետ, ստեղծում է պանիրների համատեղ բազա. հավաքում է լավագույն պանիրներն ու զբաղվում դրանց վաճառքով:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր պանրի անկյան տեսականին պարբերաբար թարմացվում է: Որոշ պանիրներ արդեն իսկ շատ սիրված են ու արագ են սպառվում: Մեզ մոտ ներկայացված պանիրների մեծ մասն ունի AOP (Appellation d’Origine Protégée), ինչը նշանակում է, որ այդ պրոդուկտը կարող է արտադրվել միայն տվյալ տարածաշրջանում: Ունենք պանիրներ տարբեր երկրներից՝ շվեյցարական Ռակլետ, իտալական Գորգոնզոլա, Ռիկոտա, ֆրանսիական Բրի: Ներկայացված են տարատեսակ եղանակով ու տարատեսակով հումքով պատրաստվող պանիրներ՝ կովի, այծի կաթից», - պատմում է Գեւորգ Մնացականյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա նշում է՝ պանիրների համադրման մի ամբողջ մշակույթ կա՝ գինու, այլ մթերքների հետ, ինչն էլ ցանկանում են Հայաստան բերել:
«Որպես օրինակ՝ տանձը՝ վրան մի կտոր ռոքֆոր պանիր եւ շոկոլադ. այս համադրության յուրաքանչյուր էլեմենտը բացում է մյուսի համը: Բացի ճաշատեսակներից, այսօր մեր պանիրների սպառման հիմնական ճանապարհը պանրի ափսեներն են: Ունենք պանրի փոքր ափսե, որը 5 տեսակ պանիր է ներառում, եւ մեծ սեթ՝ 7 տեսակ պանրով: Նաեւ, իհարկե, մեր այցելուները հնարավորություն ունեն գալ ու պարզապես պանիր գնել», - ասում է Գեւորգ Մնացականյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանում ներկայացված պանիրներով սեթն ամիսներ առաջ տպավորել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթին: Վահան Գասպարյանը խոսքով՝ իրենք առհասարակ շատ ուշադիր են արտասահմանցի, հատկապես պանրագործության դարավոր ավանդույթներ ունեցող ազգերի ներկայացուցիչների արձագանքին.
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մի օր Ջոնաթան Լաքոթն էր եկել, նոր էինք պանիրները բերել ու նրան տարբեր տեսակներով սեթ մատուցեցինք: Մեզ շատ էր հետաքրքրում արձագանքը, որովհետև նա ֆրանսիացի է, այդ մշակույթի կրողը: Երբ գնում էր, ասաց՝ «դուք պետք է Wine Republic-ը վերանվանեք Cheese Republic, այսպիսի բան ես միայն Ֆրանսիայում էի փորձել»: Սա գնահատական էր, որ նշանակում էր՝ մենք դա արեցինք, մեզ մոտ ստացվեց»:
Գեւորգ Մնացականյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միեւնույն ժամանակ, ռեստորանում ընդգծում են՝ չեն ցանկանում հայ հասարակությանն աշխարհի լավագույն պանիրներին «սովորեցնել»՝ ի հաշիվ հայկական պանիրների ընտրանու: Հակառակը՝ ցանկանում են, որ աշխարհի փորձը խթան լինի ու նպաստի Հայաստանում պանրագործության զարգացմանը:
«Տարիներ առաջ Հայաստանում Կամամբեր պանիր էր արտադրվում, շատ համեղ էր: Հիմա, ցավոք, չկա, բայց ունենք այդ ներուժը: Կարծում եմ՝ կարող ենք եվրոպական պանիրների հարուստ փորձն օգտագործել ի շահ մեր պանիրների», - ասում է Գեւորգ Մնացականյանը:
Վահան Գասպարյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Պանիրների արտադրության հարցում խնդիրը ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ մարգագետնային պայմանները, հումքը, որով կենդանին սնվում է: Օրինակ՝ գինու պարագայում խաղողի նույն սորտը կարող է աճել այստեղ ու մեկ այլ երկրում ու որակական լուրջ տարբերություններ լինեն, նույնը պանրի պարագայում է: Այնուամենայնիվ, այս առումով միանշանակ շարժ կա: Արդեն ունենք փոքր, բայց որակյալ արտադրություններ: Եթե փորձենք տեխնոլոգիաներ բերենք, դասընթացներ կազմակերպենք, կարծում եմ՝ մոտ 10 տարի հետո կկարողանանք մոտ լինել պանրագործական հազարամյակների պատմություն ունեցող երկրներին», - ասում է Վահան Գասպարյանը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: