×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Tap Station. Ամիրյանի օազիսը՝ հեղինակային ուտեստներով ու գարեջրի կանգառով

Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկում`Ամիրյան 7/1 հասցեում գտնվող Tap Station սրճարանը օազիս հիշեցնող միջավայր է ստեղծել: Republica Hotel Yerevan-ի մաս կազմող բացօթյա սրճարանն իր դիրքի ու կանաչ գոտու շնորհիվ հնարավորություն է տալիս, կենտրոնից չհեռանալով, խուսափել մեքենաների անցանկալի աղմուկից եւ շոգից:

Իննա Խոստիկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Republica Hotel Yerevan-ի գլխավոր տնօրեն Իննա Խոստիկյանը GastroVino-ին պատմել է, որ ինքնատիպ միկրոկլիմա ունեցող սրճարանում ամենատարբեր նախասիրություններ ունեցող այցելուների համար կազմված մենյուից զատ՝ ներկայանում են նաեւ Dargett craft գարեջրի տեսականիով:

Ամիրյանի կանաչ անկյունը

Republica Hotel Yerevan-ին պատկանող Tap Station սրճարանն արդեն երեք տարի է՝ Ամիրյանի կանաչ անկյունն է դարձել: Սեզոնային տեռաս-սրճարանը բոլոր այցելուների համար բաց է ապրիլից մինչեւ հոկտեմբեր:

Բացի այն, որ Tap Station-ում կարելի է նախաճաշել, լանչել ու ընթրել, հեռավար աշխատանքը նախընտրողներն այստեղ կարող են նաեւ կազմակերպել իրենց օնլայն աշխատանքը: Դրա համար նախատեսված բոլոր պայմանները կան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Tap Station-ում միաձուլել ենք երեւանյան կոլորիտը եւ միջազգային ստանդարտները, որպեսզի հաճելի լինի թե հյուրերին, թե երեւանցիներին:

Հեղինակային խոհանոցի մեծ ընտրանի

Republica Hotel-ն իրեն դիրքավորում է որպես գաստրո հյուրանոց`Anoush հայկական ռեստորանով եւ Tap Station սրճարանով:

Ի տարբերություն Anoush-ի, որը հայկական խոհանոցով է ներկայանում, Tap Station-ն իր խոհանոցում ե՛ւ հեղինակային, ե՛ւ եվրոպական խոհանոցի արդեն հայտնի տաք ուտեստների ու աղցանների մեծ ընտրանի ունի: Ամբողջ ճաշացանկը տեղում զրոյից ենք ստանում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանի տաք ուտեստներից են ամառային տոլման, պնդուկով իշխանի ֆիլեն,  ածուխի վրա պատրաստված հավի կրծքամիսն ու սաղմոնի ֆիլեն եւ այլն։

Ածուխի վրա խորոված սաղմոնի ֆիլեն մատուցվում է ծնեբեկով, սև ոսպով եւ լիմոնի թանձրուկով:

Լուսանկարը՝ Tap Station


Մսակերների համար խորովածի մեծ ափսե ունենք, որն իր մեջ ներառում է տավարի, խոզի, հավի կրծքամիս ու գառան փոքրիկ քաբաբներ:

Լուսանկարը՝ Tap Station


Լանչին հարմար սենդվիչների տեսականի ունենք, որոնց բոլորի հացերը թխվում են տեղում: Սիրված ու արդեն դասական դարձած սենդվիչներից բացի՝ ունենք թյունոս ձկով, մարինացված իշխանով սենդվիչներ, տավարի հնեցված մսով ու դիժոն մանանեխով եւ խոզի կողամսով պանինոներ, որոնք պատրաստվում են իտալական չիաբատա հացով, որը նույնպես մեր խոհարարներն են թխում:

Լուսանկարը՝ Tap Station


Բուսակերների ու վեգանների համար եւս սրճարանում հետաքրքիր մատուցումներ ունենք:

Աղցանների շարքում Tap Station-ում դասական Կեսարից, Կապրեզեից ու գյուղական աղցանից զատ՝ կարելի է համտեսել բազուկով եւ ֆետակի պանրով աղցան, դդմիկով, պեկինյան կաղամբով ու չորալոլիկով Պրիմավերա, ինչպես նաեւ թայլանդական ոճով պատրաստված տաք աղցան:

Իննա Խոստիկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բազուկով աղցանի պատրաստման համար ընտրում ենք փոքրիկ բազուկները, եւ որպեսզի դրանք եփվելու ընթացքում չկորցնեն գույնն ու համը, փռում թխում ենք ալյումինաթղթի մեջ, հետո մատուցում ֆետակի պանրով եւ բոված պնդուկով:

Լուսանկարը՝ Tap Station


Այս պահին Tap Station-ում նաեւ Anoush ռեստորանի մենյուն ենք ներկայացնում: Այսինքն` եթե մարդիկ կան, որոնք գալիս են սրճարան, բայց ուզում են զուտ հայկական խոհանոցի ուտեստներ, կարող են օգտվել մեր հայկական ռեստորանի ճաշացանկից:

«Ծորակային կայարանն»՝ իր craft գարեջրով

Tap Station սրճարանն իր տեսակով հետաքրքիր «կայարան» է նաեւ գարեջրասերների համար: Սրճարանն իր գարեջրային ուղղվածությունն ընդգծելու համար անվան մեջ օգտագործել է ամերիկյան անգլերենից վերցված tap (ծորակ) բառը: Այսինքն`մեզ մոտ կարելի է այցելել ոչ միայն համեղ սնվելու, այլեւ կանգառ կատարել գարեջրային հատվածում եւ ընտրել Darrget-ի 10 ծորակներից որեւէ մեկի գարեջուրը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դրանց տեսակները պարբերաբար փոփոխվում են՝ ըստ սեզոնի եւ հյուրերի ցանկության: Քանի որ քրաֆտային գարեջուրը մեր հիմնական ըմպելիքն է, մենյուում ներառել ենք նաեւ գարեջրի հետ համադրելի ուտեստներ՝ բրուսկետաներ, տակոներ, տեմպուրաներ իրենց սոուսներով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սակայն ըմպելիքների շարքը գարեջրով չենք սահմանափակել: Ունենք կոկտեյլային ցանկ, տեղում պատրաստվող լիմոնադներ:

Tap Station-ի քաղցր մասը

Սրճարանում քաղցրասերներին եւս փորձել ենք գոհացնել: Տեղում պատրաստվող աղանդերի շարքում առանձնանում է կոճապղպեղով եւ կիտրոնով Պաննա կոտտան: Այն ավանդական իտալական դեսերտ է, որը մատուցվում է կիտրոնի թանձրուկով եւ դեղձի կոմպոտի հատիկով, որը շատ հետաքրքիր բալանսավորում են սերուցքային համը եւ լիմոնի թթվաշությունը:

Լուսանկարը՝ Tap Station


Սրճարանի դեսերտային հատվածում համային հետաքրքիր փորձարկումներ կան, որոնց մեջ կարելի է հանդիպել բաղադրիչների հետաքրքիր երկխոսության: Փորձել ենք նոր, ոչ այդքան սովորական համակցություններ ստանալ:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները Էմին Արիստակեսյանի եւ Tap Station սրճարանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին