Ռեստորանների հայկական միությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կառավարության կողմից առաջարկվող հարկային փոփոխությունների վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Միությունը կտրականապես դեմ է կառավարության կողմից առաջարկվող, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների կողմից նախնական քննարկման դրված ընդհանուր ԱԱՀ համակարգի ներդրման հայեցակարգին, որով վերացվում է նաեւ շրջանառության հարկի տեսակը, ի մասնավորի, հանրային սննդի ոլորտում աշխատող ընկերությունների համար։
2020-ին համավարակի եւ պատերազմի ճգնաժամերից դեռեւս լիովին դուրս չեկած եւ նոր վերականգնվող տնտեսության ոլորտների, մասնավորապես հանրային սննդի բնագավառի համար առաջարկվող հարկային փոփոխությունների արդյունքում մի քանի՝ 3-4, անգամ կավելանա հարկային բեռը եւ կունենա ծանր հետեւանքներ՝
- անհամեմատ կբարձրանան մատուցվող ծառայությունների արժեքները,
- կառաջանա անհավասար մրցակցություն,
- կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ,
- կկորսվեն հազարավոր աշխատատեղեր։
Սա իր հերթին բերելու է նաեւ հանրային սննդի կողմից վճարվող հարկերի կրճատման։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2018-ին արդեն իսկ երեք անգամ ավելացել է հանրային սննդի ոլորտի հարկային բեռը, ինչը նշանակում է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման դեպքում ընդամենը 3 տարում մեր բնագավառի բիզնեսի հարկումը ավելանում է 10 անգամ։
Սա անթույլատրելի է։
Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք պահպանել շրջանառության հարկը առկա կարգավորումներով, բարելավել հարկային վարչարարությունը եւ չխոչընդոտել այս հետճգնաժամային իրավիճակում հանրային սննդի ոլորտի վերականգնմանը»։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: