×

Անի Գալստյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սիրուն-աղջիկ Rooby-ն, նոր խոհանոցն ու առավոտյան շամպայնի ավանդույթը

«Թող ձեր երազանքները ծաղկեն»,- ասում է Rooby-ն՝ Երեւանի ամենաֆոտոգենիկ եւ հմայիչ սրճարանն ու հրավիրում իր նոր՝ թրենդային մենյուն փորձելու։ GastroVino-ն այցելել է Famille Group-ի սրճարան եւ փորձել բացահայտել Rooby-ի կոնցեպտն ու խոհանոցի առանձնահատկությունները։  

Ամենա-Insta-սրճարանը

Rooby-ն թիթիզ եւ նրբաճաշակ «աղջիկ» է։ Սրճարանը բացվել է 2019թ․-ին։ Գաղափարը Հայաստանում այնպիսի սրճարան հիմնելն էր, որն ամբողջովին Instagram-յան կլիներ, կունենար իդեալական ֆոտոգենիկ ինտերիեր եւ մենյու։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այստեղ Instagram-ի սիրուն նկար ստանալու համար մտածված է ամեն մանրուք։ Սրճարանի այցելուները, բացի համեղ սնվելը, կարող են թարմացնել Instagram-յան էջը՝ վառ եւ յուրահատուկ նկարներով։ Մի խոսքով՝ Instagram-երների համար՝ իսկական դրախտ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Երբ նոր էինք բացում սրճարանը, նեոնային լույսերը շատ մոդայիկ էին, ամբողջ Instagram-ում նեոնային լույսերի տակ նկարված մարդիկ էին, իսկ Հայաստանում ընդհանրապես չկար դա։ Որոշեցինք, որ այս սրճարանը պիտի հենց այդպիսին լինի։ Սա վայր է, որտեղ ամեն ինչը սիրուն է, էսթետիկ, էկզոտիկ տարրերով։ Ինտերիերը՝ վարդագույն, բաց մենթոլային գույներով, աշխարհի թոփ-թրենդերում է»,- ասում է սրճարանի համահիմնադիր Անի Գալստյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանը հաճախորդներ ունի օրվա տարբեր ժամերին, եւ չնայած որ «աղջկական» թեմատիկայով է, այնուամենայնիվ այցելուները միայն կանայք ու աղջիկներ չեն, հատկապես առավոտյան ժամերին՝ սրճարանի խաղաղ միջավայրն ու մեկ բաժակ սուրճը վայելող տղամարդիկ եւս շատ են։

Նոր՝ թրենդային խոհանոցը

Մինչեւ վերջերս Rooby-ն գուրմաններին ներկայանում էր զուտ եվրոպական խոհանոցով, այժմ արդեն մենյուն ամբողջովին փոխվել է ու գաստրոնոմիական եւ էսթետիկ հաճույք է խոստանում նաեւ պան-ասիական խոհանոցի սիրահարներին։ Նոր մենյուում կոկտեյլները եւս ավելանում են։ Սրճարանն առանձնահատուկ նախաճաշեր է ներկայացնում, որոնք այլ վայրերում դժվար թե գտնվեն, ինչպես օրինակ՝ բենեդիկտով փանքեյք։ Նոր խոհանոցում կան «բոլլեր», նուդլներ, ապուրներ, սուշի մենյու, մի խոսքով՝ փորձել է պետք։  

Լուսանկարը՝ Rooby


«Սուշիները սովորական չեն, ավելի շուտ ռոլլեր են, գունկանիներ։ Կասկադում նմանատիպ սուշիների առաջարկներ չկան եւ վստահ ենք, որ սուշի մենյուն շատ պահանջված է լինելու։ Պարտադիր փորձելու ուտեսների շարքում է նաեւ Թոմ Յամ ապուրը, որը բացառիկ համեղ է ստացվել մեզ մոտ»,- ասում է Անի Գալստյանը։

Լուսանկարը՝ Rooby


Մենյուում պան-ասիական շեշտադրումներ անելու միտքը բրենդ-խոհարար Իսլամ Իսաեւին է, ում մոտ այդ գաղափարը ոգեշնչել է հենց Rooby-ն։

Լուսանկարը՝ Rooby


«Պան-ասիական խոհանոցը հիմա աշխարհում ամենամեծ թրենդերից մեկն է, որը մեկ-երկու տարում չի մարելու, այլ երկար ժամանակ դեռ մնալու է։ Ուտեստներից յուրաքանչյուրում մեր մոտեցումն ու սեփական շեշտադրումները կան, սոուսները եւս ինքներս ենք պատրաստել։ Իհարկե, ունենք նաեւ եվրոպական խոհանոց, որը սիրում են մեր մշտական այցելուները եւ նրանց մասին մոռանալ չէինք կարող»,- ասում է նա։  

Իսլամ Իսաեւը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բրենդ շեֆը չի առանձնացնում որեւէ ուտեստ եւ ասում է, որ հատկապես պան-ասիական շարքից բոլորը պետք է փորձել, որովհետեւ, ինչպես ինքն է նշում, այդ ուտեստներից Երեւանում չի հանդիպել։

Լուսանկարը՝ Rooby


Նոր մենյուի դիզայնը նույնքան «ֆենսի» է, որքան ինքը՝ Rooby-ն։ Նորաձեւության ամսագրի դիզայնով մենյուի առաջին էջին մոդել-աղջիկն է, ով պարբերաբար «հայտնվում» է նաեւ մյուս էջերում։

Շամպայն՝ նախաճաշից սկսած

Rooby-ն՝ իր ստեղծման հենց սկզբից, Հայաստանում նոր թրենդ եւ սովորույթ ձեւավորելու մարտահրավեր էր նետել՝ մարդկանց սովորեցնել նախաճաշին, կեսօրին շամպայն խմել, ինչն արտասահմանում շատ ընդունված է։

«Այստեղ այդ մշակույթը չկար, եւ մեզ համար շատ կարեւոր էր դա զարգացնել՝ մատուցելով թույլ ալկոհոլային կոկտեյլներ, սպրիցեր, շամպայն»,- ասում է Անի Գալստյանը։

Լուսանկարը՝ Rooby


Rooby-ն, անգամ, սեփական բրենդային շամպայնն ունի, որը Հայաստանում են արտադրել։

«Բրենդինգն ամբողջովին արվեց մեր սրճարանի կոնցեպտին համապատասխան՝ աղջկական, ծաղիկներով եւ նուրբ։ Մեզ համար հստակ էր, որ պետք է ունենանք «ռոզե» շամպայն։ Արդյունքում՝ երեք տեսակի բրենդային շամպայն ստեղծվեց՝ «ռոզե», «բրյուտ», «կիսաչոր»։ Մեզ հաջողվեց հաճախորդների շրջանում տարածել այդ մշակույթը՝ որոշ ժամանակ առավոտյան ժամերին պարզապես հյուրասիրելով այն մարդկանց, ովքեր գալիս էին նախաճաշելու»,- պատմում է Անին։

Rooby-ի շամպայնը մատուցում են քաղցր բամբակով, թվում է՝ սեղանին ոչ թե խմիչք է դրված, այլ նրբաճաշակ կին է՝ բաց վարդագույն փետուրե գլխարկով։

Անի Գալստյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաճախորդների շրջանում մեծ սեր է վայելում նաեւ Rooby սպրիցը (Rhubarb լիկյորի հիմքով)։

Լուսանկարը՝ Rooby


«Երբ սրճարանը նոր էր բացվել, այս սպրիցն այնքան մեծ պահանջարկ ուներ, որ կարճ ժամանակ անց Հայաստանում Rhubarb լիկյորն ամբողջության սպառվել էր։ Այդ օրերին մենք Ամստերդամ համերգի էինք գնացել, եւ ստիպված եղանք մեզ հետ Հայաստան լիկյոր բերել։ Անգամ ծանոթներն էին արտասահմանից ուղարկում, որ հանկարծ պրոցեսը սրճարանում չկանգներ»,- պատմում է Անին։

Rooby-ում հնչում է վինտաժ բոսսա նովա երաժշտություն, թվում է, թե Բրազիլիայում ես, պարզապես պատուհանից այն կողմ Կասկադի տեսարանն է։

Մարի Թարյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին