×

Լուսանկարը՝ «Անգար»

Լոռու խառնված համեր եւ ալկոհոլային թունդ խմիչք՝ «Անգար»-ում

Լոռու մարզի Վահագնաձոր բնակավայրում` հսկայական անգարի մեջ, վերջերս բացվել է լոֆթ ոճի ռեստորան, որը ներկայանում է մարզի ավանդական խոհանոցով: Տարածքում գտնվող դեգուստացիոն սրահում էլ այցելուներին առաջարկում են հատուկ եղանակով պատրաստվող եւ հսկայական պահամաններում պահվող մրգային թունդ խմիչք։

Ֆլորա Ամիրխանյանը Լուսանկարը՝ «Անգար»


Ռեստորանի բացումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ շուրջ կես տարի տեւած նախապատրաստական աշխատանքից հետո։ «Անգար» ռեստորանի գործադիր տնօրեն Ֆլորա Ամիրխանյանը GastroVino-ին պատմել է ռեստորանի ստեղծման եւ կոնցեպտի մասին։

Ռեստորան՝ անգարում

Որոշել էինք անգարում օղի պատրաստել, գործարանը հիմնելուց հետո մտածեցինք, որ նաեւ կարելի է դեգուստացիոն կենտրոն ունենալ, ուր կայցելեն զբոսաշրջիկները, կհամտեսեն խմիչքը, թեթեւ հայկական բրդուճներ կուտեն։

Լուսանկարը՝ «Անգար»


Կորոնավիրուսի համավարակի ընթացքում, երբ զբոսաշրջիկների հոսք չկար, որոշեցինք կոնցեպտն այնպես փոխել, որ ե՛ւ զբոսաշրջիկների համար հետաքրքիր լինի, ե՛ւ հայաստանաբնակների։ Հետո մտածեցինք նաեւ լոֆթ ոճի ռեստորան հիմնելու մասին։ Մարզում նման ռեստորան չկա։

Լուսանկարը՝ «Անգար»


Մեր հյուրերը կարող են ժամանակ անցկացնել ինչպես անգարի ներսում, այնպես էլ հնգաթեւ վրանի տակ, խարույկի կամ գրիլի բացօթյա հատվածներում։

Տեղական բույսեր ու Լոռվա միս

Սկզբում մենյուն ամբողջությամբ հայկական էր, հետո որոշեցինք ավելացնել նոր մոտեցումներ, հետաքրքիր սոուսներ, մատուցման ձեւեր։ Այնպես ենք արել, որ այցելուները զգան մարզի կոլորիտը։ Լոռու միսը շատ համեղ է, եւ մեր այցելուները գետի ափին կարող են, օրինակ, թարմ գրիլ ուտել։

Լուսանկարը՝ «Անգար»


Մեծ շեշտ ենք դրել նաեւ տեղական բույսերի վրա. սինդրիկից պատրաստում ենք կոլոլակներ, եղինջից ու փիփերթից՝ հետաքրքիր ապուրներ։ Ճաշացանկում ներառել ենք նաեւ Լոռու հին ուտեստներից «Կոնչոլ»-ը, որը սոխեռածով, լոլիկով եւ հին հացով ապուր է, հին հայկական «Եղուճիլ», որը պանրով, յուղով ու հավկիթով ուտեստ է։

Լուսանկարը՝ «Անգար»


Ես Վանաձորից եմ եւ հիշում եմ, որ տատս եւս նման ուտեստներ էր պատրաստում։ Ճաշացանկը քննարկելիս լարվում էի, որ հիշեմ, թե էլ ինչ ուտեստներ էին պատրաստում մեր տանը։ Լոռին հետաքրքիր խոհանոց ունի, լոռեցիները սիրում են տարբեր համեր խառնել իրար, դրա օրինակներից է մեղրով ձվածեղը։

Լուսանկարը՝ «Անգար»


Կարծում եմ՝ հատկապես լոռեցիներն «Անգար»-ում կզգան իրենց հարազատ համերը, իսկ ոչ լոռեցիները՝ կբացահայտեն հետաքրքիր ուտեստներ։

Լոռու թունդ SAMELA

Ռեստորանի այցելուները կարող են փորձել 7 մրգից պատրաստված 7 տեսակի SAMELA։ Այն Լոռու հետաքրքիր խմիչք է՝ «eau de vie», պատկերավոր ասած՝ լիկյորի եւ օղու արանքում գտնվող խմիչք։

Լուսանկարը՝ «Անգար»


Տեխնոլոգիան մեզ համար մշակել է քիմիկոս Աշոտ Մելիքյանը։ Խմիչքը պատրաստվում է սառը վակուումի եղանակով, պտղահյութը չի ենթարկում ջերմային մշակման, զտվում եւ հեռացվում են եթերայուղերն ու այն ամենը, ինչ մարդկանց ստիպում է ալկոհոլից հետո վատ զգալ, գլխացավ կամ գլխապտույտ ունենալ։ Այս ամենի արդյունքում ստացվում է թունդ եւ մաքուր խմիչք։

Լուսանկարը՝ «Անգար»


Գրեթե բոլոր ուտեստների հետ ունենք SAMELA-ի համտես։ Այցելուները կարող են ինչպես փորձել, այնպես էլ գնել ու իրենց հետ տանել, նաեւ այցելել գործարան ու ծանոթանալ պատրաստման ընթացքին։

Լուսանկարը՝ «Անգար»


«Անգար»-ի հյուրերի համար պատրաստում ենք նաեւ SAMELA-ի հիմքով կոկտեյլներ։ Դրանք հեղինակային խմիչքներ են՝ տեղական լիմոնադի եւ «eau de vie»-ի միքսով։

Մեղրային աղանդեր

Տարածքում ունենք մեղվաընտանիքներ, մեղրի պատրաստման գործընթացում եւս որեւէ հավելում չի օգտագործվում, ինչպես ասում են՝ անարատ մեղր ենք ստանում։ Այցելուներին նաեւ առաջարկում ենք մեղրի «սեթեր»։

Լուսանկարը՝ «Անգար»


«Անգար»-ում մատուցվող աղանդերի մեծամասնությունն էլ հենց մեր պատրաստած մեղրի հիմքով է՝ փախլավա, գաթա, Լոռիում հայտնի կոզինակներ, հալվա եւ այլ թխվածքներ։

Էկո շեշտադրմամբ

Փորձում ենք հնարավորինս էկո մթերք օգտագործել։ «Անգար»-ի մոտ աճեցնում ենք մթերք՝ առանց քիմիական պարարտացման։ Ցանկության դեպքում՝ այցելուներին տրամադրում ենք զամբյուղներ, որպեսզի այգուց քաղեն իրենց ուզած պտուղները, բանջարեղենն ու վայելեն։

Լուսանկարը՝ «Անգար»


Համագործակցում ենք համայնքի բնակիչների հետ, առայժմ՝ լիցենզավորված անհատների, ովքեր պատրաստում են հետաքրքիր տեղական պանիրներ։ Մեզ մոտ հնարավոր է ուտել ռեհանով, ուրցով «Լոռի» պանիր, նաեւ տեղական շատ այլ տեսակներ։ Տեղում նաեւ պատրաստում ենք տարբեր թթուներ, կոմպոտներ։

Լուսանկարը՝ «Անգար»


Լոռին մյուս մարզերի համեմատ պասիվ է, ներկայանալու խնդիր ունի եւ մենք փորձում ենք գաստրոնոմիական այս նախագծի միջոցով գրավիչ դարձնել, առավելագույնս բացահայտել մարզի պոտենցիալը։ Ուզում ենք, որ այն լավ հարթակ դառնա նաեւ ընտանեկան մեծ խնջույքների, երիտասարդական «փարթիների» համար։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ «Անգար» ռեստորանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին