×

Ֆելիքս Ավալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Dargett-ի մենյուի նորույթները եւ գարեջրի հատուկ առաջարկները

Հայաստանում առաջին քրաֆթ գարեջրատունը՝ Dargett Brewpub-ն արդեն վաղուց ոչ միայն ավանդական մեթոդով պատրաստված գարեջրի սիրահարների, այլեւ հագեցնող ընդմիջում եւ հաճելի ընթրիք նախընտրողների սիրելի վայրն է:

Dargett-ի որդեգրած սկզբունքն է՝ միշտ թարմություն ու նորություն առաջարկել հաճախորդին: Նոր եւ թարմացված մենյուով Dargett-ը կներկայանա մայիսի վերջին: Dargett Brewpub-ի շեֆ խոհարար Ֆելիքս Ավալյանը GastroVino-ին պատմել է սպասվող նորույթների մասին:

Շեշտը՝ տաք ուտեստների վրա

Dargett-ի նոր մենյուում շեշտը դրել են տաք ուտեստների վրա: Փորձը ցույց է տվել, որ հաճախորդները սիրում են ոչ միայն նախուտեստային տարբերակներ, այլ նաեւ հիմնական ուտեստներ:

Ֆելիքս Ավալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Այս պահին նոր մենյուից երկու-երեք ուտեստ ունենք, որոնք արդեն հատուկ առաջարկի տարբերակով ներկայացնում ենք հաճախորդներին: Դրանցից մեկը հնդկահավի փափկամիսն է Ալֆրեդո սոուսով: Ընդհանրապես, հնդկահավի միսը Հայաստանում սպեցիֆիկ ընկալում ունի, մտածում են, որ այն չոր է եւ հնարավոր է մարդկանց այդքան էլ դուր չգա: Բայց հնդկահավի մսի հետ աշխատելու հետաքրքիր տարբերակներ ու պատրաստման ձեւեր կան: Մենք փորձել են այն մատուցել սերուցքային սոուսով եւ սիցիլիական ձիթապտղով: Հաջողված տարբերակ է ստացվել եւ արդեն սիրվել է»,- պատմում է Ֆելիքս Ավալյանը:

Հնդկահավի փափկամիսը Լուսանկարը՝ Dargett


Նա ասում է, որ հնդկահավի միսը համադրելի է բաց գույնի եւ ոչ շատ ընդգծված դառնություն ունեցող, ինչպես նաեւ մրգային գարեջրերի հետ:

Dargett-ի նորույթներից է տավարի մսից պատրաստվող Դեստիֆադոն, որն այստեղ իսպանական եւ գերմանական համադրության տարբերակով է պատրաստվում:

«Պատմությունը ցույց է տալիս, որ այն սկզբում պատրաստել են իսպանացիները, հետո գերմանացիները մատուցել են նոր տարբերակով: Մենք այն մատուցում ենք դառգետյան ձեւով, բայց այս պարագայում ոչ թե գարեջրի, այլ գինու սոուսով: Դեռեւս նմանատիպ էքսպերիմենտ չէինք ունեցել»,- ասում է խոհարարը:

Ֆելիքս Ավալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Dargett-ում կլինի նաեւ ծխեցված մսի տեսականու մեծ ափսե՝ նախատեսված մինչեւ տասը հոգու համար: Դրա մեջ լինելու են 3-4 տեսակի միս՝ խոզ, տավար, հավ: Ծխեցման ամբողջ պրոցեսն անցկացվում է Dargett-ի խոհանոցում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Բացի այն, որ սա լինելու է մեծ խմբերի համար, նախատեսված է նաեւ յուրահատուկ քիմքի տեր մարդկանց համար: Ծխեցված այս տարբերակները ավելի շատ համադրելի են Stout՝ մուգ տեսակի գարեջրի, ինչպես նաեւ ալկոհոլի ավելի բարձր պարունակությամբ գարեջրերի տեսակների հետ»,- ասում է շեֆը՝ նշելով, որ փորձարկումներ են անում նաեւ գառան մսի հետ:

Պաստաները վերադառնում են

Dargett-ի մենյու են վերադառնում սիրված պաստաները: Ցանկում կարելի է գտնել ծխեցված իշխանով պաստա, կապույտ պանրով պաստա, Կարբոնարա, պաստա բուսակերների համար, Պենե՝ դարգետյան «հոմ-մեյդ» կծու նրբերշիկով:

Ֆելիքս Ավալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ֆելիքսն ասում է, որ Dargett-ում փորձում են հեռանալ ինդուստրիալ կիսաֆաբրիկատներից եւ ամեն ինչ տեղում պատրաստել.

«Նրբերշիկների ամբողջ տեսականին, բացի մեկից, պատրաստվում է Dargett-ի խոհանոցում՝ տեղական մսից: Սա մեր խոհանոցի գլխավոր հաջողություններից մեկն է: Սկսեցինք մեկ տեսակից եւ հիմա արդեն 6 տեսակի՝ տեղում պատրաստվող նրբերշիկ ունենք՝ խոզի, տավարի, հավի: Այսքանով կանգ չենք առնելու»:

Դառգետյան դեսերտը

Շոկո օթ, բիրամիսու, լավա քեյկ, բրաունի... աղանդերի շարքը Dargett-ում այս անուններով չի սահմանափակվում: Այստեղ եւս նորույթ կա։

«Շոկո օթը վարսակի հիմքի վրա պատրաստվող դեսերտ է: Վարսակը մոտավորապես 40 րոպե եփվում է կարագի մեջ, որ փափկություն ստանա, հետո խառնվում է 72 տոկոսանոց շոկոլադին: Շոկո օթի սոուսը կառամելային է՝ Մուսկովադո շաքարավազից պատրաստված: Այն բարձրակարգ շաքարավազների դասին է պատկանող մուգ շաքարավազ է»,- պատմում է խոհարարը:

Շոկո օթը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շոկո օթը մատուցվում է պիստակով եւ սպիտակ շոկոլադով պաղպաղակի հետ:

Dargett-ի պաղպաղակները եւս տեղում են պատրաստվում: Բալով, սուրճով պաղպաղակը օգտագործվում է դեսերտի հետ: Մենյուում կան հալվայով եւ պիստակով, շոկոլադով եւ վանիլային պաղպաղակներ: Շուտով կլինի նաեւ կարամելային:

Բիրամիսուն Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իտալական տիրամիսուի դառգետյան տարբերակը բիրամիսուն է: Անունն արդեն հուշում է, որ գարեջրով է պատրաստված: Մասկարպոնե հայտնի պանրով տիրամիսույի թխվածքաբլիթները համեմված են Porter գարեջրով:

Ֆելիքս Ավալյանը խորհուրդ է տալիս աղանդերի այս տեսակների հետ փորձել Stout եւ Porter տեսակի գարեջուր:

18+ գարեջուր

Dargett-ի «ներկապնակում» 18 տեսակի հիմնական գարեջուր կա: Այս տեսակների կողքին միշտ կարելի է հանդիպել պահեստային ծորակների՝ հատուկ առաջարկների համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հատուկ առաջարկվող գարեջրերն այն եփումներն են, որոնք պատրաստվում են ընդամենը 300-500 լիտր ծավալով եւ սովորաբար չեն կրկնվում: Հիմնական տեսակների մեջ բոլորն իրենց քիմքին հարմար գարեջուր գտնում են, բայց մարդիկ չպետք է վախենան նորություններ փորձարկել, այդպես նաեւ քիմքն է կրթվում»,- ասում է Ֆելիքս Ավալյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա հիշում է, երբ Dargett-ը բացվեց, հիմնական գարեջրերի շարքը 8-10 տեսակ էր, իսկ 18-ի է հասել հատուկ առաջարկները սիրվելու ու հիմնականների շարքը համալրելու ձեւով:

Dargett-ում չեն բացառում, որ հիմա եւս հնարավոր է շատ սիրված «սփեշլ» տարբերակ հայտնվի 18-ի շարքում կամ փոխարինի հիմնականներից մեկին. «Շատ հետաքրքիր գայլուկների (хмель) հետ ենք փորձարկումներ անում`ամերիկյան, եվրոպական, ավստրալիական, պատվիրում ենք քրաֆտային ակտիվ ուղղվածություն ունեցող երկրներից:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բայց այստեղ շատ կարեւոր փաստ պետք է ընդգծել, որ անկախ այս պատվերներից՝ հայկական ջուրն իր յուրահատուկ համային դերախաղը ունի գարեջրերի համի վրա, մասնավորապես բոլորի կողմից սիրված Pilsner տեսակում»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Չունենք ինչ-որ սահմանափակումներ, այստեղ շատ ստեղծարար ընթացք է ամեն օր, բաց ենք ցանկացած փորձարկման առաջ, որպեսզի միշտ նորություններ հարցնենք մեր հաճախորդներին»,- ամփոփում է Ֆելիքս Ավալյանը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին