2020 թվականը չեղարկել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ ամենամյա բոլոր միջոցառումները՝ տոլմայի, տոնածիսական ուտեստների, խորովածի, «Նավասարդ-Թոնրատուն» փառատոնները։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը GastroVino-ին ասել է, որ այս տարի մտադիր են վերականգնել բոլոր ամենամյա միջոցառումները եւ մայիսի 22-ին տեղի կունենա դրանցից առաջինը՝ «Տոլմայի Համահայկական Հոբելյանական 10-րդ փառատոնը»։
Նրա խոսքով՝ փառատոնի անցկացման որոշումը կայացրել են երկար մտածելուց հետո, քանի որ կարծիքներ են հնչել, թե «մեծ արհավիրքից հետո նման միջոցառումների անհրաժեշտություն չկա»։
Լուսանկարը՝ «Տոլմայի փառատոն»
«Սննդի մասսայական միջոցառումների ժամանակ ազգի բոլոր սոցիալական շերտերը մեկտեղվում են, շփվում են հավասարը հավասարի պես, ինչ-որ բան են հիշում անցյալից, ինչ-որ բան նախանշում գալիքի համար։ Հիմա, առավել քան երբեւէ, կարեւոր է այս ամենը։ Վերջերս ուսանողներիս հաճախ եմ հորդորում, որ ժամանակն է մեկ ժամ շուտ արթնանալու, մեկ ժամ ուշ քնելու եւ մեկ քայլ ավելի գցելու, որպեսզի մեր միասնությամբ շարունակենք մեր ընթացքը՝ էլ ավելի ամրացած, ուժեղացած։ Այս պահին կարիք ունենք մեկս մյուսին ամրապնդելու, ոգեւորելու։ Նման միջոցառումները ծառայում են նաեւ այդ նպատակին»,- ասել է նա։
Սեդրակ Մամուլյանը նշել է, որ տոլմայի փառատոնը մի քանի նպատակ ունի՝ երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնել, հանրահռչակել ազգային խոհանոցն եւ աշխարհին ցույց տալ հայկական խոհանոցի զարգացման ընթացքը։
Լուսանկարը՝ «Տոլմայի փառատոն»
«Սովորաբար փառատոններին ներկայացվում է 60-70 տեսակի տոլմա, բայց որեւէ անգամ միջոցառումից առաջ չեմ կարող վստահ ասել, թե ինչ նորություններ են լինելու։ Մեր միտքը չի ամլացել, երեւակայությունը չի չորացել, մեր խոհարարները նորարարություններ անում են»,- ասել է Սեդրակ Մամուլյանը։
Տոլմայի փառատոնին ամեն տարի մասնակցող թիմերը մրցում են երեք անվանակարգում՝ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում»: Կա նաեւ «Գլխավոր մրցանակ»։
«Բոլոր տարիների փառատոններին մասնակցել են նաեւ Զինված ուժերի ներկայացուցիչները, մեր բանակը միշտ տաղավար է ունեցել։ Այս տարի որոշել ենք տաղավար տրամադրել նաեւ վերջին պատերազմի մասնակիցներին։ Նրանք կներկայացնեն տոլմայի տարբեր տեսակներ»,- ասել է Սեդրակ Մամուլյանը։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահը նաեւ նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Տոլմայի փառատոնից առաջ մայիս ամիսը հռչակվել է «Աշխարհում տոլմայի ամիս»։
Սեդրակ Մամուլյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մեր գործընկերների միջոցով աշխարհի տարբեր վայրերում ամեն մի հայ ինչ-որ կերպ անդրադառնում է տոլմայի փառատոնին։ Ռեստորաններն այդ օրերից մեկը հայտարարում են տոլմայի օր։ Պիտի հասնենք նրան, որ մեր խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն փոխվի, այլեւ կարողանանք իրական պատկերը ցույց տալ աշխարհին»,- ասել է նա։
Տոլմայի փառատոնի անցկացման համար ընտրվում են պատմամշակութային վայրեր՝ հանրությանը ցույց տալու համար, որ մշակութային ժառանգությունը նույնպես կարիք ունի պաշտպանության։ Հոբելյանական 10-րդ փառատոնը կանցկացվի Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, ժամը 13։00-ին։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: