Կողբացի-Թումանյան խաչմերուկում գտնվող «Քամանչա» ռեստորանը բացվել է 2019 թվականին: Բացումը շատերը, հնարավոր է. կապեն հենց Եզնիկ Կողբացի փողոցի բարեկարգման նախագծի հետ, քանի որ այն իրականացվել է «Քամանչա» ռեստորանի հիմնադիրների նախաձեռնությամբ: Բացի փողոցին նոր շունչ տալուց, ռեստորանը Երեւանին վերադարձնում է նաեւ մոռացված հայկական երաժշտությունը եւ ավանդական խոհանոցը:
Հայկական ժամանցը կարեւորելու, իրական հայկական երաժշտությունն ամեն օր հասանելի դարձնելու եւ մոռացված ավանդական խոհանոցը վերականգնելու մասին պատմում են «Քամանչա» ռեստորանի ղեկավարները:
Հիմնումը
Արեգ Գեւորգյան, «Արմատ գաստրո գրուպ»-ի հիմնադիր-տնօրեն
«Արմատ գաստրո գրուպ»-ն իր մեջ ներառում է «Արմատ» եւ «Քամանչա» ռեստորանները եւ PIDEH առաքման ծառայությունը: «Արմատ» ռեստորանը մեր առաջին նախագիծն է, որ իրականացրել ենք 2017 թվականին, հենց այս ռեստորանի գործունեության ընթացքում են առաջ եկել «Քամանչա» ռեստորանի ստեղծման գաղափարն եւ անհրաժեշտությունը:
Լուսանկարը՝ «Քամանչա»
Հայաստանում՝ հատկապես Երեւանում ու հատկապես փոքր կենտրոնում շատ քիչ են ներկայացված հայկական ռեստորանները՝ թե հայկական միջավայրով, թե հայկական խոհանոցով, թե իրական հայկական բարձրակարգ երաժշտությամբ: Սա լուրջ խնդիր էր, որը օգնեցին բացահայտել «Արմատ» ռեստորանի զբոսաշրջիկ այցելուները. նրանք շատ հաճախ էին ցանկանում հայկական ժամանց, հայկական միջավայր ու հայկական երաժշտություն ներկայացնող մի վայր: Մինչդեռ «Արմատ»-ը հայկական ժամանակակից նախագիծ է՝ թե դիզայնով, թե խոհանոցով:
Արեգ Գեւորգյանը եւ Նորայր Հակոբյանը | Լուսանկարը՝ «Քամանչա»
Ուստի 2019-ին «Քամանչա» նախագիծը սկսելիս հիմքում դրեցինք երաժշտությունը: Մենք ներկայացնում ենք այն երաժշտությունը, որ մի քանի տասնամյակ մոռացվել է, իսկ հայկականը ներկայացվել մի քիչ այլ տեսանկյունից: Մեր այցելուներն այստեղ ավելի շատ համերգ են վայելում, հայկական մշակույթին ծանոթանում:
Մյուս կարեւոր առանձնահատկությունն ավանդական խոհանոցն է, որը նույնպես փորձում ենք հետաքրքիր ներկայացնել:
«Քամանչա» նախագիծը նաեւ բիզնեսի ու ինքնակառավարման մարմինների համագործակցության լավ օրինակ է. այս նախագծի զարգացման զուգահեռ է իրականացվել «Արմատ գաստրո գրուպ»-ի եւ Երեւանի քաղաքապետարանի՝ Եզնիկ Կողբացի փողոցի բարեկարգման միասնական ծրագիրը:
Բարեկարգումից առաջ | Լուսանկարը՝ «Քամանչա»
Այն ուներ ե՛ւ բիզնես, ե՛ւ մոռացված փողոցին նոր շունչ տալու նպատակ: Այս փողոցում հետիոտների անցանելիության լուրջ խնդիր կար, Թումանյան-Կողբացի փողոցների կապն ամբողջովին կտրված էր, ֆասադն անհասկանալի գույներով ներկված, կային բետոնային կառույցներ, որ խանգարում էին հետիոտներին:
Բարեկարգումից հետո | Լուսանկարը՝ «Քամանչա»
Խոհանոցը
Նորայր Հակոբյան, «Քամանչա» ռեստորանի շեֆ-խոհարար
«Քամանչայում» մեր ավանդական, ազգային, պապական հայկական խոհանոցն է:
Բոլոր ուտեստները հին, պատմանական հայկական են, որոնց մասին շատ տեղերում անգամ չեն էլ լսել՝ Սյունիքի խաշնտուր, Լոռվա ջեռեփուկ, Հորթի կամ Գառան դամածո (մատուցվում է կավե ամաններում՝ խմորով ծածկված):
Տապակա Արմավիրը | Լուսանկարը՝ «Քամանչա»
Մեր Տապակա Արմավիրը բնիկ Արմավիրի ուտեստ է, որին տվել ենք ռեստորանային տեսք, այն մեր ամենապահանջված ուտեստն է: Հորթի փափկամիս է, սմբուկ, լոլիկ, սերուցքային սոուս եւ սոխառած:
Արագածոտնի հագանին | Լուսանկարը՝ «Քամանչա»
Մեզ մոտ բավականին մեծ է տոլմայի տեսականին, որի բաղադրությունը պահպանված է հին հայկական ձեւով. նորովի միայն մատուցում ենք, գեղեցիկ ափսեներում ձեւավորում:
Ունենք հարիսաների տարատեսակ, որի մասին քչերը գիտեն, օրինակ, Կուրկուտ, Քաշիկա… Ապուրները նույնպես ավանդական են՝ ավելուկով, լոբով, դդմով:
Սյունիքի խաշնտուրը | Լուսանկարը՝ «Քամանչա»
Ունենք Քալագյոշ, որտեղ ոսպ է, հորթի միս, սոխառած՝ չորաթանով պատրաստված: Արագածոտնի հագանին նույնպես չորաթանով է պատրաստվում, հավի միս է՝ մարինացված շուշանով:
Երաժշտությունը
Լեւոն Թեւանյան, ՀՀ վաստակավոր արտիստ, «Քամանչա» ռեստորանի երաժշտական մասի ղեկավար
Մեր երաժշտությունը կրթական բաղկացուցիչ ունի, որովհետեւ ծրագրում ներառված են մեր ազգային ֆոլկլյորը, ժողովրդականը, ազգագրականը եւ երեւանյան էստրադան:
Լեւոն Թեւանյանը եւ երաժիշտները | Լուսանկարը՝ «Քամանչա»
«Քամանչա» կարող են գալ ընտանիքների հետ ու կրթական ծրագիր վայելել՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Շերամ, նաեւ մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Մենք ամեն ինչ զտված ու բարձրակարգ ենք ներկայացնում: Մեզ մոտ իսպառ բացակայում են օտարազգի մելիզմները. հնչում է այն ծրագիրը, որ հնչում է բարձրակարգ բեմահարթակներում: Երաժիշտները նույնպես պրոֆեսիոնալ բեմահարթակներում մասնակցած, ճանաչված, սիրված կատարողներ են:
Լուսանկարը՝ «Քամանչա»
«Քամանչան» Երեւանում միակ վայրն է, որտեղ նման բարձրակարգ երաժշտությունը ներկայացնում է ամեն օր:
Առանձնանում ենք նաեւ նրանով, որ այստեղ հայկական բոլոր ոճերը ներառված են: Երեւանում ունենք ռեստորաններ, որտեղ հնչում են մեր զուլալ ազգային մեղեդիները, բայց չկա մի վայր, որտեղ բոլոր ուղղությունները հավաքված կլինեն. եթե ազգագրական, ժողովրդական է, ապա բացակայում է երեւանյան երաժշտությունը, իսկ «Քամանչայում» նաեւ քաղաքային ֆոլկլյորն է:
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: