Արեւմտյան Հայաստանի խոհանոցը ներկայացնող «Մայրիկ» ռեստորանը Երեւանում բացվել է 2018 թվականին: Այստեղ ուտեստները պատրաստվում են ռեստորանի հիմնադիր Ալին Կամակյանի՝ Մուսա լեռից Լիբանան գաղթած տատիկի բաղադրատոմսերով: Ցանկանալով աշխարհին ներկայացնել միջերկրական հայկական խոհանոցը՝ 2003 թվականին Ալինը Բեյրութում բացել է առաջին «Մայրիկ» ռեստորանը, իսկ տարիներ անց «Մայրիկ» հիմնել է նաեւ Մալդիվյան կղզիներում, Դուբայում եւ Սաուդյան Արաբիայում: Տարիքով ամենափոքրը Երեւանի «Մայրիկ»-ն է:
«Մայրիկ» ռեստորանների ցանցի պատմությունը Երեւանի «Մայրիկ»-ում ամենալավը գիտի ռեստորանի սրահի պատասխանատու Գեւորգ Կազանջյանը, որը մինչ Հայաստան տեղափոխվելը չորս տարի աշխատել է Լիբանանի «Մայրիկ»-ում: Գեւորգը մեզ հետ զրույցում ներկայացրել է ռեստորանի տարբերվող ուտեստները, առանձնահատկությունը եւ Լիբանանում բնակվող Ալին Կամակյանի ընտանեկան պատմությունը:
Լիբանան-Հայաստան
Լիբանանի «Մայրիկ» ռեստորանում սկսել եմ աշխատել ամենացածր պաշտոնից, եղել եմ մատուցողի օգնական, տարիներ անց դարձել ավագ մատուցող, այժմ Երեւանի «Մայրիկ» ռեստորանի սրահի պատասխանատուն եմ: Մայրս Լիբանանից է, հայրս՝ Սիրիայից, ուստի «Մայրիկ»-ի խոհանոցն ինձ համար շատ հոգեհարազատ է, քանի որ ներկայացնում է սփյուռքահայերի արեւմտահայկական ուտեստները:
Գեւորգ Կազանջյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բեյրութի «Մայրիկ» ռեստորանը տարբերվում է Երեւանի «Մայրիկ»-ից. այն ցանցի առաջին ռեստորանն է, ռեստորանի հիմնադիր Ալին Կամակյանն իր տատիկի տունն է վերածել ռեստորանի: Դա հենց այն տատիկի տունն է, ում բաղադրատոմսերով պատրաստվում են մեր բոլոր ուտեստները. Ալինը պատանեկության տարիները տատիկի հետ է անցկացրել ու ամենափոքր մանրամասնություններով գրի է առել բոլոր բաղադրատոմսերը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմա «Մայրիկ»-ը Լիբանանի՝ համար մեկ ռեստորաններից մեկն է, ընդգրկված է համաշխարհային ռեստորանների կազմում: Այդ ռեստորանում ավելի շատ տնային միջավայր է, պահպանված են հին մեծ քարերը, առաստաղի գույնզգույն լամպերը: Երեւանի «Մայրիկ»-ում էլ ենք փորձել այդ մթնոլորտը պահպանել ու նմանատիպ լամպեր օգտագործել:
Հիմքում երազանքն է
Ալինի հայրն է միշտ երազել մի փոքրիկ ռեստորան ունենալ, որ կարողանա ընկերներին հրավիրի ու արեւմտահայկական ուտեստներին ծանոթացնի: Ալինի տատիկը, եթե իմանում էր հյուրեր են սպասվում, 10 րոպեում կարողանում էր ճոխ սեղան գցել: Ալինը հոր մահից հետո դժվար պայմաններում է աշխատել եւ ուսումը շարունակել, որ կարողացել է հոր երազանքն իրականացնել. Լիբանանում աղջկա համար նման բիզնես սկսելը հեշտ չէ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տարիներ անց «Մայրիկ» ռեստորան բացվել է նաեւ Մալդիվյան կղզիներում, երկու ռեստորան Սաուդյան Արաբիայում եւ Դուբայում, որն այժմ ժամանակավոր չի գործում: Լիբանանում բացի «Մայրիկ»-ից գործում է նաեւ «Պաչիկ» ռեստորանը, որի մենյուն ներառում է ե՛ւ արեւմտահայկական, ե՛ւ եվրոպական ուտեստներ:
Ավանդույթն են պահպանում
Մեր ուտեստների անունները հիմնականում թուրքական են. երբ մեզ ասում են դրա մասին, մենք համաձայնում ենք ու պատմում մեր պատմությունը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
1915 թվականից առաջ, երբ հայերն ապրել են Թուրքիայի տարածքին կպած փոքրիկ գյուղերում, թուրքերը թույլ չեն տվել իրենց հայերեն խոսել: Հայերն այդ տարածքներում ունեցել են իրենց ռեստորաններն ու ուտելիքները, բայց դրանց թուրքական անուններ են տվել, որովհետեւ հանրային տարածքներում հայերեն խոսող հայի լեզուն են կտրել: Այս պատմությունները ոչ բոլորը գիտեն ու մեզ մեղադրում են, որ թուրքական անուններ ենք օգտագործում, մինչդեռ մենք ավանդույթն ու պատմությունն ենք պահպանում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ալինի նախնիները ոչ թե եղել են այդ գյուղերի բնակիչ, այլ հենց Մուսա լեռից են եղել, որտեղ այդ բոլոր ուտեստները տարածված էին, ու իր տատիկը դրանք պատրաստել է: Բացի այդ, օրինակ, հարիսան լրիվ մուսալեռական ուտելիք է. շրջափակման մեջ բնակիչները ձավարից ու հավից բացի ոչինչ չեն ունեցել, դրանք միացրել են իրար ու հարիսա են ստացել գոյատեւելու համար:
Միսը՝ քիչ
Մեր ուտեստների 75%-ը բուսական ծագում ունի, հատկապես եվրոպացի հյուրերն են նախընտրում մեր ուտեստները: Վերջերս, սակայն, սկսել ենք ավելացնել մսային ու ձկնային ճաշատեսակներ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շատ հաճախ մենք մթերքը բերում ենք Լիբանանից, երբ այստեղի մթերքը չի համապատասխանում մեր բաղադրատոմսին: Օրինակ, սուբորեկ ուտեստում օգտագործվող հատուկ արաբական պանիրների տեսականի ունենք, որ այստեղ շատ դժվար է պատրաստվում, ու մենք այն Լիբանանից ենք բերում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմա մեր փուռն ենք նորոգում ու ավելի մեծացնում, որ կարողանանք ավելի շատ թխվածքներ եւ հացեր թխենք՝ (փախլավայի տեսականի, հացի տեսականի՝ քունջութով, ձիթապտուղով):
«Մայրիկ»-ն ուրիշ է
Հայաստանում արեւմտահայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններ շատ կան, սակայն «Մայրիկ» ռեստորանի ուտեստները պատրաստվում են ճիշտ այնպես, ինչպես Արեւմտյան Հայաստանում են պատրաստվել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աշխարհով մեկ սփռված գաղթականները փորձել են վերհիշելով շարունակել ավանդույթները, բայց շատերը չեն, որ կարողացել են պահպանել բաղադրատոմսերն այնպես, ինչպես Ալինն է պահպանել: Ալինը գրի է առել յուրաքանչյուր մանրուք, բաղադրատոմսի յուրաքանչյուր չափաքանակ: Նույնիսկ իմ տատիկի պատրաստածը մեր ռեստորանի նման չէր ստացվում, քանի որ նա էլ միշտ մի բան մոռանում էր:
Գեւորգ Կազանջյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր հյուրերի մեծ մասը զբոսաշրջիկներ են, որոնք ուզում են ծանոթանալ արեւմտահայկական խոհանոցին: Բայց վերջերս մենք նաեւ առանձին Արեւելյան Հայաստանի ճաշացանկ ենք ներկայացրել՝ հայկական տեղական ուտելիքներ, որ համապատասխանում են հայաստանցու քիմքին:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Միացեք հայկական ամենահամեղ Insta-էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: