×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

#ԳԱՌունը գալիս է համարձակ եւ ավանդական ուտեստներով

Արդեն երրորդ տարին է «Margaryan Business Group» ընկերությունը #ԳԱՌուն հեղինակային նախագծով իր ռեստորանների հյուրերին հրավիրում է գարնանը գառ ուտելու: Սեզոնային հատուկ մենյուով ու «Գառը գարնանն են ուտում» կարգախոսով ընկերությունն արդեն հասցրել է գառան մսով ուտեստները ֆուդ-թրենդ դարձնել ռեստորանային ոլորտում:

Կարեն Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ոստան» ռեստորանում լրագրողների եւ խոսքի առաջատարների համար կազմակերպված հյուրասիրության ժամանակ ներկայացվել են սեզոնային մենյուի այս տարվա նորույթները:

Արա Հովհաննիսյանը`ձախից Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Margaryan Business Group» ընկերության բրենդ շեֆ Արա Հովհաննիսյանը GastroVino-ի հետ զրույցում նշել է, որ մենյուում շուրջ 15 անուն ուտեստ կա՝ ընկերության յուրաքանչյուր ռեստորանի ֆորմատին ու ձեռագրին համապատասխան:

«Այս տարվա ճաշացանկը թարմացվել է առավել համարձակ ուտեստներով՝ գինու սոուսում գառան սրունքով, բուրգերով ու սթեյքով: Ճաշացանկում, իհարկե, կլինեն նաեւ գառան մսի ավանդական խորովածը, տոլման, խաշլաման, դարսովին ու բոխչան»,- նշել է նա:

Գառան մսով տաք աղցանը մատուցվում է հատապտղային սոուսով:

Տաք աղցան գառան մսով ու հատապտղային սոուսով Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Սոուսը բարբարիսից, մոշից եւ այլ հատապտուղներից է պատրաստվում, որտեղ գերիշխող են թթու համերը: Այն շատ լավ համադրվում է գառան մսի եւ բազուկազգի կանաչիների հետ»,- ասել է բրենդ շեֆը:

Գառան սրունք (օսոբուկո) Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս տարվա նորույթներից է գառան սրունքը (օսոբուկո), որը մոտավորապես չորս ժամ եփվում է լոլիկի հիմքով սոուսով: Մատուցվում է ծնեբեկով:

«Իսկ ահա գառան մսով մինի բուրգերը մատուցվում է մեր պատրաստած հացով, կարտոֆիլի ֆրիով, չեդեր պանրով, թթու վարունգով եւ լոլիկով»,- նշել է Արա Հովհաննիսյանը:

Մինի բուրգեր գառան մսով Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նրա խոսքով՝ գառան միսը հարուստ է բազում վիտամիններով. այն օգտակար է սրտանոթային համակարգի համար, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, կանխարգելում է շաքարային դիաբետի զարգացումը, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, եւ հենց այս շրջանում է այն ամենահյութալին ու մաքուրը:

Կարեն Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Margaryan Business Group» ընկերության հիմնադիր տնօրեն Կարեն Մարգարյանն էլ ասել է, որ #ԳԱՌուն նախագծով ոչ միայն նպատակ են դրել հայաստանցիների համար խաշի սեզոնից հետո ընկերներով հավաքվելու նոր ավանդույթ ձեւավորել եւ ընդգծել հայկական խոհանոցում գառան մսի դերը, այլեւ զբոսաշրջիկների համար բացահայտել գառան մսով հայկական ուտեստները:

Մինի քաբաբ գառան մսով Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա նշել է, որ սեզոնային մենյուն կգործի ապրիլի 19-ից եւ մինչեւ մայիսի 31-ը՝ «Ալյասկա», «Չինար», «Ծիրանի տուն», «Ծիրանի այգի», «Ոստան» ռեստորաներում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Բացի ավանդականից՝ մեր ռեստորաններում հիմա փորձում ենք գառան մսով ֆյուժն տարբերակներ ու հետաքրքիր համադրություններ մատուցել: #ԳԱՌուն նախագծով հաջողվել է նաեւ կոտրել այն կարծրատիպը, թե գառան մսից ոչ այդքան հաճելի հոտ է գալիս, քանի որ այս մսի ամենահամեղ ու մաքուր շրջանը հենց ապրիլ-մայիս ամիսներն են»,- ասել է Կարեն Մարգարյանը:

Գառան թիակ գյուղական կարտոֆիլով Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Margaryan Business Group» ընկերության հիմնադիրն ասել է, որ գառան միսը շատ լավ համադրվում է հագեցած կարմիր գինու հետ, հատկապես արենի, Կարմրահյութ եւ Խնդողնի խաղողի տեսակներից պատրաստված գինիների հետ, որոնց լայն տեսականին կգտնեք MBG-ի բոլոր ռեստորաններում:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին