InTempo pizza & more իտալական ռեստորանում պիցցայի խմորներն ակրոբատիկ պտույտներ են անում օդում, հետո «պայթում» վառարանում եւ հաշված րոպեների ընթացքում հայտնվում պատվիրատուի սեղանին։
Երկհարկանի ռեստորանը, որը գտնվում է Հյուսիսային պողոտա 10/3 հասցեում, գործում է փետրվարի 11-ից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
InTempo pizza & more-ի տնօրեն Անի Հովակիմյանը GastroVino-ին պատմել է ռեստորանի ստեղծման, հետաքրքիր ուտեստների եւ ընտանեկան բիզնեսի մաս դառնալու մասին։
Իտալիայից Հայաստան բերված գաղափար
Այս ոլորտում հայտնվել եմ տարիներ առաջ։ Ուսանող էի ու որոշել էի ամռան ամիսներին աշխատել, բայց դա ձգվում է արդեն 16 տարի։ Սկսել եմ մատուցողի աշխատանքից եւ հասել մինչեւ տնօրեն։ Մինչեւ վերջերս աշխատում էի Երեւանում գործող սրճարանների ցանցերից մեկում, բայց համավարակի ընթացքում որոշեցի ընտանեկան բիզնեսի մաս դառնալ։
Անի Հովակիմյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ամուսինս օպերային երգիչ է, երկար տարիներ ապրել եւ սովորել է Իտալիայում։ Երբ վերադարձել է Հայաստան, հասկացել է, որ Հայաստանում չկա իտալական ջելատո ասվածը (սառեցված աղանդեր) եւ որոշել է ջելատոյի ավանդույթը բերել Հայաստան։ Յոթ տարի առաջ այդպես եղբոր հետ ստեղծել է Sorriso Gelato-ն՝ իտալական հիմքով եւ հայկական մրգերով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տարիներ առաջ, երբ ընտանիքով ճամփորդության մեկնեցինք Իտալիա, միայն պիցցա էինք ուտում։ Այսպես՝ սկսեց զարգանալ նաեւ իտալական պիցցայի մշակույթը Հայաստան բերելու, իտալական հումքը հայկական բանջարեղենի եւ մթերքի հետ համադրելու գաղափարը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
InTempo pizza & more-ի շինարարությունը տեւեց 6 ամիս։ Ձգձգումների պատճառներից մեկն էլ համավարակն էր։ Վերջում մանր դետալային աշխատանքներ կային, որ կախված էին շինարարներից։
Պիցցա եւ ավելին
Պիցցան ձկնորսների ստեղծած ուտելիք է, այն արագ պատրաստվող եւ էժան տարբերակ է։ Առաջին պիցցան պատրաստվել է թարմ որսած ձկներով, հետո, բնականաբար, կատարելագործվել է։
Լուսանկարը՝ InTempo pizza & more
Մենք ունենք 10 տեսակի պիցցա, այդ թվում՝ ծովամթերքով, ինչպես նաեւ՝ բանջարեղենային, մսամթերքով՝ հարմար բոլոր քիմքերին։ Այցելուներն ասում են, որ մեր պիցցաները շատ թեթեւ են, դրանից է, որ գրեթե երբեք ափսեներում պիցցայի մնացորդներ չեն լինում։
Երեկոյան ռեստորանում լինում են պիցցայի ակրոբատները, որոնք խմորներն իրար փոխանցելով հետաքրքիր հնարքներ են անում։
Բացի պիցցայից, մեզ մոտ իտալական ուղղվածության մեծ խոհանոց կա՝ ավելի քան 50 անուն ուտելիք։
Լուսանկարը՝ InTempo pizza & more
Մեր շեֆ-խոհարարը եւս օպերային երգիչ է, երկար տարիներ ապրել ու սովորել է Իտալիայում եւ հետո որոշել է, որ խոհարարությունն իրեն ավելի հոգեհարազատ է, խոհարարի գիտելիքներով վերադարձել է Հայաստան։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
InTempo pizza & more-ում աշխատանքային օրը սկսում է առավոտյան 07։30, բայց ռեստորանը պաշտոնապես բաց է 08։30-ից, թեպետ, եթե որեւէ մեկը որոշի ավելի շուտ նախաճաշել մեզ մոտ, ապա անպայման կսպասարկենք։
Լուսանկարը՝ InTempo pizza & more
Բացի իտալական նախաճաշերից, ունենք նաեւ կոմբո, ավանդական՝ անգլիական եւ հայկական տարբերակներ։
Պատրաստի պիցցա՝ 2 րոպեում
«In tempo» նշանակում է «ժամանակին»։ Ռեստորանի անվանումն ամուսնուս միտքն է։ Վառարանները, որոնցում պատրաստվում են պիցցաները, սովորաբար, լինում են փայտով, իսկ մեզ մոտ այն քարից է եւ աշխատում է էլ. էներգիայով, բայց այն թույլ է տալիս ստանալ այնպիսի պիցցաներ, ինչպիսիք լինում են փայտի վառարաններում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր վառարանում պատրաստված պիցցաների մակերեսին տարբեր ուռուցիկություններ են լինում, քանի որ եփվելու ընթացքում դրանց եզրերը «պայթում» են ու բացվում։
Վառարանի հզորության շնորհիվ՝ պիցցան պատրաստվում է ընդամենը երկու րոպեում: Երբ սրահը լեփ-լեցուն է, ապա հաճախորդը կարող է սպասել առավելագույնը 6 րոպե։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերջերս այցելու ունեինք, որ պատվիրել էր 5 պիցցա՝ իր հետ տանելու համար, պատրաստվում էր վերցնել գարեջուր, սուրճ, երկար նստել ու սպասել, եւ զարմացավ, երբ րոպեներ անց այն արդեն պատրաստ էր։
Աղանդեր՝ տարեց իտալուհու բաղադրատոմսով
Մեզ մոտ կան ինչպես արդեն հայտնի ու սիրված տեսակները՝ չիզքեյք, բրաունի, շոկոլադե հրաբուխ, այնպես էլ՝ տիպիկ իտալական աղանդերներ, որ չեն կրկնվում Հայաստանում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ունենք ռոմով պատրաստվող նեապոլիտանական, նաեւ՝ գինով աղանդեր։ Հայտնի տիրամիսուն պատրաստում ենք դասական տարբերակով, բաղադրատոմսը վերցրել ենք մի տարեց իտալուհուց, ով ասում է՝ «իմն ամենադասական տարբերակն է»։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: